Բիենալեները՝ պետության հովանու ներքո

29/06/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այս տարի պետական կառույցները որոշել են ակտիվորեն մասնակցել հայկական արվեստի միջազգային ներկայացմանը։ Եվ առաջին անգամ Վենետիկի միջազգային բիենալեում հայկական ազգային տաղավարը կոմպլեկտավորելու ու պատասխանատվությունն իր վրա է վերցնելու ՀՀ Մշակույթի նախարարությունը։

Վենետիկում կայացող ժամանակակից արվեստի ստուգատեսը անցկացվում է 2 տարին մեկ անգամ` տեւելով կես տարի, եւ արվեստի տարբեր ժանրեր է ներկայացնում. կերպարային արվեստ, թատրոն, կինո, պար, ճարտարապետություն, արխիվային գործ։ Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995 թվականից սկսած, իսկ հայկական ժամանակակից արվեստը ներկայացվում էր «ՆՓԱԿ» արվեստի կենտրոնի կուրատորների կողմից կազմված ծրագրերով։ 1995-2009թթ. ընթացքում Հայաստանի ազգային տաղավարի ձեւավորումն ու բովանդակությունը պարտադիր արժանանում էր Մշակույթի նախարարության հավանությանը։ Այդ տարիներին արվեստի գործերի ընտրությունը վերապահված էր փորձագետներին, իսկ գերատեսչությունը միայն «այո» կամ «ոչ» էր ասում։ Իսկ այս տարի Մշակույթի նախարարությունը որոշել է ակտիվորեն մասնակցել բիենալեին, եւ արդեն նշանակել է ազգային տաղավարի կոմիսարին, որը պետք է համակարգի 2011 թվականին տեղի ունեցող արվեստի այս խոշոր ստուգատեսի աշխատանքները։

Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեի նորանշանակ կոմիսարը Վիկտոր Մնացականյանն է, ով, որքան կարելի է հասկանալ, ավելի սերտ կապ ունի ոչ թե արվեստի, այլ քաղաքականության հետ, քանի որ աշխատում է որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Որպես կանոն` ազգային տաղավարների ձեւաչափով աշխատող բիենալեները գտնվում են տարբեր երկրների Մշակույթի նախարարությունների հովանու ներքո, որոնց աշխատակիցներն էլ՝ դիմելով ժամանակակից արվեստի էքսպերտներին, կազմում են ազգային տաղավարների դեմքը։ Թե որքանո՞վ քաղաքական (տվյալ դեպքում` իշխանական) այս գործիչը ճիշտ ընտրություն կանի` ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, նա արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի մեր ներկայությունը Վենետիկում «աննախադեպ հետաքրքիր» է լինելու։ «Ինչո՞ւ» հարցը թեեւ բնական, սակայն վաղ է հնչեցնել, քանի որ Վ. Մնացականյանը, ով այժմ Վենետիկում է, դեռ նոր պետք է դիմի տարբեր համադրողներին ու կոմպետենտ փորձագետներին։ Նրա հավաստմամբ՝ այս տարվա հուլիսի կեսերին արվեստի խնդիրներով մտահոգ մարդկանց ու տեսաբանների մասնակցությամբ բաց քննարկումներ կկազմակերպվեն, որոնց արդյունքում էլ կընտրվի տաղավարի համադրողը։ Այսինքն՝ արվեստային կողմի պատասխանատուն։ Սովորաբար, երբ իշխանություններն իրենք են արվեստի ընտրություն անում, ցանկացած բան պատահում է։ Որպես կանոն՝ իշխանական գիծն առաջ տանող գերատեսչությունները իրենք են դառնում արվեստի իմպրեսարիոները կամ պրոդյուսերները։ Սա մի կողմից՝ փակում է անկախ պրոդյուսերների (հետեւաբար՝ նաեւ անկախ արվեստի) զարգացման ճանապարհը, մյուս կողմից՝ պարփակում է արվեստը «միջոցառման» բանաձեւի մեջ։ Այն էլ՝ մեկանգամյա օգտագործման միջոցառման։ Այսինքն՝ փող է տրվում, «event» է ստեղծվում, հետո երկուսն էլ պատմության գիրկն են անցնում՝ ոչ մի հետք չթողնելով դիտողների վրա։ Հարկ է նշել, որ Վենետիկի բիենալեն, որը հիմնվում է ժամանակակից («contempօrary») արվեստի ներկայացման վրա, ավելի շատ հենց ժամանակակից արվեստի փորձագետների կարիք ունի, քան քաղաքական վեհապանծ ենթատեքստ պարունակող արտահայտությունների։ Մշակույթի նախարարության վերջերս տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ազգային տաղավարների կոմիսարներն ու համադրողները ջանք չեն խնայում իրենց երկրներն ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Եվ այս տարվանից հայկական ժամանակակից արվեստի միջազգայնացումը դրվում է պետական եւ հուսալի հենքի վրա»։ Հուսանք, որ «հուսալի հենքը» կապվում է առաջին հերթին գումարների հետ, քանի որ մինչ այդ Հայաստանը Վենետիկում ներկայանում էր բավական սուղ միջոցներով կազմված եւ ոչ այնքան ցայտուն նախագծերով։ Իսկ կոմիսար նշանակված քաղաքական գործիչը, ում լիազորությունները հիմնականում գումար հայթայթելն ու ազգային նախագծերի բյուջեն կազմելն է, կկարողանա ավելի շուտ ու շատ գումարային հոսքեր ուղղել արվեստի նախագծերին։ Իսկ մնացած հարցերը արդեն կախված կլինեն ազգային տաղավարի տնտեսության համար պատասխանատու Վ. Մնացականյանի կամքից։ Եթե նա ուզենա՝ թափանցիկ ու լայնախոհ կաշխատի՝ արվեստի ընտրության հարցը վստահելով մասնագետներին ու համախմբելով նրանց։ Ինչը բնավ էլ հեշտ գործ չէ։ Եվ եթե կուրատորների ընտրությունը կայանալու է նախագծերի հիմքի վրա, ապա ցանկալի է այդ նախագծերի քննարկմանը հատկացնել հանրային տարածքները։ Սա հաստատ «աննախադեպ» քայլ կլինի։ Արդեն հայտնի է, որ հաջորդ ամռանը մեկնարկող Վենետիկի բիենալեն կրելու է «Տիեզերքների տիեզերքը» խորագիրը, եւ ինչպես հասցրել է տեղեկացնել բիենալեի նորանշանակ կուրատոր 62-ամյա շվեյցարուհի, արվեստի (հատկապես սյուրռեալիստական) տեսաբան Բիչե (Բեատրիչե) Կուրիգերը՝ բիենալեի գլխավոր թեման լինելու է արվեստագետի, արվեստի գործերի ու հանդիսատեսի կապերի հայտնագործումը։ Շատ արվեստագետներ կարծիք են հայտնում, որ բիենալեն նաեւ ֆեմինիստական երանգ է ունենալու։ Իսկ մոտ ժամանակներս (օգոստոսի 29-ից մինչ նոյեմբերի 11-ը) Վենետիկի ճարտարապետական բիենալեում իրենց նախագծերով կներկայանան հայ ճարտարապետները, որոնք նույնպես առաջին անգամ գործելու են ՀՀ Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ։ Եվ ուշագրավն այն է, որ այս բիենալեի թեման կուրատորները ձեւակերպել են որպես դեպի անցյալը կատարվող քայլերի հաջորդականություն։ 21-րդ դարի ճարտարապետությունը հիմնվում է հանրայինի ու մասնավորի սահմանագծերի լղոզման ու վերջիվերջո՝ անհետացման վրա. ահա այսպիսի թեմայի շուրջ էլ համախմբվելու են տարբեր երկրների ճարտարապետները։ Ճարտարապետությունը միջավայր է ձեւավորում, որտեղ մարդիկ միաժամանակ եւ՛ «սպառողներ» են, եւ՛ արարիչներ։