Կամ, ինչպես մի ժամանակ սիրում էին ասել մեր իշխանությունները, տնտեսության աշխուժացման ֆոնի վրա նկատվում է ազգային արժույթի ամրապնդում։ Ինչպես հաղորդում է
ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 369 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369:
Իսկ հունիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում ընդհանուր առմամբ իրականացվել է 20,010,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 369.3 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,249,652 ԱՄՆ դոլար՝ 369.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,456,234 ԱՄՆ դոլար՝ 371.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Առեւտրային բանկերն էլ երեկ մեկ ԱՄՆ դոլարը գնում էին միջինը 368 դրամով, վաճառում՝ 370 դրամով։
Փաստորեն, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազգային արժույթը թանկացել է մի քանի դրամով, իսկ վերջին 3 ամսվա ընթացքում դրամն արժեւորվել է 7.5%-ով։ Հիշեցնենք, որ մարտի կեսերին դրամն արժեզրկվեց մինչեւ 405 դրամ։ Կանխատեսումներ եղան, որ արժեզրկումը շարունակվելու է, հասնելով մինչեւ 480 դրամի, ինչն իսկական խուճապ առաջացրեց դրամային եկամուտներ ու խնայողություններ ունեցող մարդկանց շրջանում։
Սակայն հիմա հակառակ պատկերին ենք ականատես լինում։ Դրամի 7.5% արժեւորումը բավականին լուրջ գործոն է, ինչը դժվար է գերագնահատել։ Սա նշանակում է, որ ներմուծվող ապրանքները ինքնաբերաբար պետք է էժանանան 7.5%-ով, իսկ արտահանվողները՝ թանկանան։ Իհարկե, ներմուծվող ապրանքները էժանանում են ոչ թե հայաստանյան վերջնական սպառողի համար, այլ ներմուծողների։ 7.5%-ը պարզապես դառնում է «օդից ընկած» լրացուցիչ շահույթ, եւ ինչ-որ տեղ նաեւ՝ ռեզերվ։ Այսինքն, ներքին արտադրողի հետ մրցակցող ներմուծողը գները մինչեւ 7.5% իջեցնելու տեղ ունի։ Փաստորեն՝ դրամի արժեւորումը վնաս է ներքին արտադրողին, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Իսկ ինչո՞ւ է արժեւորվում դրամը։ Դրամի արժեւորման 2 հիմնական գործոն կա. տրանսֆերտները եւ արտաքին առեւտուրը։ Արտաքին առեւտրի մասով նշենք, որ չնայած այս տարվա առաջին 5 ամիսներին արտահանումն աճել է 64.5%-ով՝ ներմուծման 28.5% աճի դիմաց, սակայն բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծ մնալ։ Այսպես, արտահանման ծավալները կազմել են 364.1 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ 1.4 միլիարդ։ Այսինքն՝ միայն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստանից դուրս է հոսել ավելի քան 1 միլիարդ դոլարի արտարժույթ։ Եթե այս արտահոսքի պայմաններում դրամը ոչ միայն չի արժեզրկվում (արտարժույթի նկատմամբ պահանջարկի մեծացման հետեւանքով), այլ հակառակը՝ տեղի է ունենում արժեւորում, ուրեմն կարելի է ենթադրել, որ որոշիչ դեր են խաղացել տրանսֆերտները։ Իհարկե, ճշգրիտ տվյալներ այս պահին չենք կարող նշել, թե այս տարվա ընթացքում որքան գումար է մտել Հայաստան՝ տրանսֆերտների տեսքով, սակայն հաշվի առնելով «դոնոր երկրների»՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տնտեսությունների որոշակի աշխուժացումը, կարելի է ասել, որ նախորդ տարվա համեմատ դրանց ծավալները զգալիորեն մեծացել են։ Այստեղից էլ՝ կարելի է փաստել, որ դրսում աշխատող մեր հայրենակիցների սրտացավությունը հանգեցնում է հակառակ էֆեկտի՝ Հայաստանում դրամի արժեւորման, դոլարային տրանսֆերտ ստացողների եկամուտների նվազման եւ արտահանման ծավալների անկման։
Այս ամենից, այսինքն՝ «ներածական մասից» հետո, հետաքրքիր է դիտվում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի՝ երկու օր առաջ արտահայտած միտքը։ «Պետք է հասկանանք, որ ավելի շատ գործ ունենք մարտահրավերների եւ ոչ թե օգուտների հետ։ Մասնավոր տրանսֆերտների մասին մեր թիմի պատկերացումները եղել են այնպիսին, որ տրանսֆերտները մարտահրավեր են մեզ համար։ Լուրջ սոցիալական խնդիրներ լուծում են աղքատության հաղթահարման առումով, բայց չեն կարող տեւական լինել, եւ պետք է կարողանալ այլ զարգացում ապահովել»,- ասել է Ն. Երիցյանը՝ ավելացնելով, որ պետք է այնպես անել, որ մարդիկ նախընտրեն աշխատել, ոչ թե տրանսֆերտներ ստանալ եւ փորձել դրանով յոլա գնալ։
Գիտե՞ք ինչով է սա հետաքրքիր՝ «մեր թիմ» արտահայտությամբ։ Հայաստանցիների մեծամասնությունը այդ թիմի կազմում, պատվավոր տեղում, տեսնում է առաջին հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այսինքն՝ պետք է ենթադրել, որ Տ. Սարգսյանի համար նույնպես տրանսֆերտների աճը՝ դրամի արժեւորման հետեւանքով, մարտահրավեր է։ Իսկ սա արդեն զարմանալի է։ Ընդամենը 4 տարի առաջ, երբ այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին մեղադրում էին դրամի արժեւորման համար, նա ոչ միայն դա բացատրում էր երկնիշ տնտեսական աճով, այլեւ ոչ մի վտանգավոր բան դրանում չէր տեսնում։ Ավելին՝ դրամի արժեւորումը ներկայացնում էր որպես զարգանալու հնարավորություն։ «Արժույթի արժեքավորման պարագայում շատ ավելի ձեռնտու է դառնում նոր տեխնոլոգիաների ներկրումը եւ ներդրումը, ինչը կարող է բարձրացնել արտադրողականությունը, եւ մենք ասում ենք, որ հիմա հենց այն պահն է, երբ մենք ունենք բացառիկ հնարավորություն այդ միջոցներն ուղղել ժամանակակից տեխնոլոգիաների ներկրմանն ու ներդրմանը ՀՀ-ում, ինչը մի քանի տարի անց այդ ձեռնարկությունների արտադրողականությունը մի քանի անգամ ավելի կբարձրացնի եւ նրանց մրցունակ կդարձնի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ համաշխարհային շուկաներում»,- այս միտքը Տ. Սարգսյանն ասել է 2006թ. նոյեմբերին, ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության հրավիրած կլոր սեղանի ժամանակ։
Պակաս հետաքրքիր չի նաեւ այն, որ Գործարարների միության անդամներն այն ժամանակ ընդդիմանում էին այս տեսակետին՝ նշելով, որ անկառավարելի, անորոշ փոխարժեքի պայմաններում ոչ մի լուրջ բիզնես-ծրագիր հնարավոր չէ մշակել եւ կյանքի կոչել։ Նաեւ նշվում էր, որ զարգացման համար հարկավոր է ստեղծել նորմալ մրցակցային դաշտ, վերացնել ստվերը, հովանավորչությունը, կոռուպցիան։ Ընդ որում՝ այն ժամանակ նրանք չէին մոռանում ավելացնել, որ այդ ամենն, իհարկե, Տ. Սարգսյանից՝ որպես ԿԲ նախագահ, կախված չէ։ Իսկ այսօր, երբ այդ բոլոր բացասական երեւույթների դեմն առնելը, արդեն 2 տարուց ավելի է՝ հենց Տիգրան Սարգսյանի գործն է, այս միությունն իրեն բավականին լոյալ է պահում։
Ինչեւէ, դժվար է ասել՝ ինչ ուղղությամբ կլողա փոխարժեքը (կամ ինչ ուղղությամբ նրան կստիպեն լողալ)։ Իսկ իրականությունն այսօր այն է, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի, արդյունաբերության խթանման մասին խոսակցություններին զուգահեռ՝ տեղի է ունենում մի գործընթաց՝ դրամի արժեւորում, որն ամենեւին այդ խոսակցությունների տրամաբանության մեջ չի տեղավորվում։