Ֆրանսիացիներն ու հայերն իրար շատ նման են

26/06/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ալեքս Երամյանն, արդեն երեք տարի է, հաստատվել է Հայաստանում: Նրա` հայրենիքի մասին պատկերացումները ձեւավորվել էին դեռեւս իր տատիկի պատմությունների շնորհիվ: Նա առանձնակի հմայքով է խոսում Հայաստանի ու հայաստանցիների մասին, ավելին` ինքն իրեն եւս համարում է հայաստանցի: Դեռեւս 2 տարի առաջ նրա կողմից հիմնադրված «ԱՅՕ-պրոդ» ընկերությունը Երեւանում պետք է համերգային բեմադրություն ներկայացներ, որը բացառիկ էր լինելու մի ուշագրավ հանգամանքով` համերգին ներկայացվող ֆրանսիական շանսոնների հսկաների` Էդիթ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի, Ժորժ Բրասանսի երգերը հնչելու էին հայերեն թարգմանությամբ: Երգերը հայերեն թարգմանել է Նյու Յորքում բնակվող մեր հայրենակից` երգիչ եւ բանաստեղծ Պերճ Թյուրաբյանը: «Հայերը միշտ հպարտանում են Ազնավուրով, բայց նրա երգերի իմաստը այդպես էլ չեն հասկանում լեզվական խոչընդոտի պատճառով: Ասում են` Ազնավուրը լավ մարդ է, նա մեզ օգնել է երկրաշարժի ժամանակ եւ այլն, բայց ամբողջ աշխարհում Ազնավուրը հայտնի է իբրեւ մեծ երգիչ ու պոետ…»,- ասում է Ա. Երամյանը, ում հետ հանդիպեցի «Օրեգանո» մերձբալթյան ռեստորանում, որն, ի դեպ, օրեր առաջ է բացվել: Ռեստորանի մենեջերը Ալեքս Երամյանն է, ով նպատակ ունի ռեստորանը դարձնել նախեւառաջ արվեստագետների հավաքատեղի:

– Հայաստան առաջին անգամ եկել եք 1967թ.:

– Այո, այդ տարիներին ես սովորում էի Փարիզի Մխիթարյան վարժարանում, եւ քանի որ Հայաստանի Կառավարությունն ամեն տարի Սփյուռքի կրթօջախներից ընտրում էր լավագույն աշակերտներին ու մեկամսյա հանգստի ուղեգիր շնորհում Հայաստանում անցկացնելու համար, մեր վարժարանից ինձ ընտրեցին:

– Ի՞նչ տպավորություն թողեց Սովետական Հայաստանը ֆրանսահայ աշակերտի վրա:

– Ընդհանրապես Սովետական Միության երկրների մասին շատ էի լսել, բայց երբեւէ բախտ չէր վիճակվել այդ երկրներից որեւէ մեկում լինել: Այլ կերպ ասած` առաջին անգամ ոտքս դրեցի Խորհրդային Միություն, իսկ ավելի ճիշտ` իմ հայրենիք: Ու հատկապես ուրախալի էր այն, որ հնարավորություն ունեցա շփվել իմ հայրենակիցների հետ: Վստահ եմ` կյանքում ամենակարեւոր բանը մարդկային շփումն է: Հայաստանի ու հայերի գաղթի մասին հաճախ լսում էի իմ տատիկից, ով միշտ երազում էր տեսնել ազատ, անկախ Հայաստան: 7 տարեկանից ի վեր հիշում եմ նրա պատմությունները, հայրենիքն անկախացած տեսնելու փափագը: Իմ նախնիները գաղթել են Անիից: Ազգանվանս ծագման մասին հարցրել էի ֆրանսիացի հայտնի մի հայագետի` պրոֆեսոր Ֆեդերիկ Ֆեյդիթին, ով հրաշալի հայախոս է: Ազգանվանս ծագման մեկնությունը նա այսպես բացատրեց. «Երբ Անին ավերվում էր, հայերը խումբ-խումբ գաղթեցին այնտեղից, իսկ նրանք, ովքեր դեռ չէին բռնել գաղթի ճանապարհը, ասացին` «Տեսե՛ք, հայերը երամի պես գնում են»»: Ահա այդտեղից էլ առաջացավ Երամյան ազգանունը:

– Եվ այն չփոխեցի՞ք ֆրանսիական միջավայրում:

– Ինչո՞ւ պետք է փոխեի: Ես հպարտ եմ իմ անվամբ, իմ ազգով, մշակույթով, պատմությամբ:

– Դա ազդա՞կ էր Հայաստանում հաստատվելու համար:

– 2000թ. ի վեր Հայաստան սկսեցի հաճախակի այցելել: Իսկ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական կապերի ստեղծմամբ, ավելի վճռական դարձա Հայաստանի մշակույթին օժանդակելու համար: Այդ պայմանով էլ կազմեցի մի ծրագիր, որի մասին խոսեցի Հայաստանի Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ: Վերջինս էլ խորհուրդ տվեց, որ առաջին համերգը կազմակերպվի ոչ թե Ֆրանսիայում, այլ` Հայաստանում` հայ երգիչների մասնակցությամբ: Դա ավելի շատ երաժշտական բեմադրություն է լինելու, քան համերգ, որտեղ երգերի միջոցով ներկայացվելու է փարիզեցիների փողոցային կյանքը: Ի դեպ, ասեմ, որ հենց այդ ծրագրի իրականացման համար էլ հաստատվեցի Հայաստանում:

– Խորհրդային Հայաստանի եւ այսօրվա Հայաստանի սոցիալ-հասարակական կյանքի միջեւ տարբերություններ տեսնո՞ւմ եք:

– Տարբերությունները շատ են: Այսօր հասարակության ցավերն ուրիշ են, բայց համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի: Փարիզում կյանքն ավելի դժվար է, քան այստեղ ենթադրում են:

– Միայն թե ֆրանսիացիներն ու հայերն են տարբեր, այո՞:

– Նրանք շատ նման են` երկուսն էլ միշտ դժգոհ են իրենց կյանքից: Երբ հաճախ տաքսի եմ նստում Հայաստանում, վարորդն անընդհատ բողոքում է: Մի անգամ ի պատասխան նրա դժգոհություններին` ասացի, որ եթե նա շարունակի այդպես բողոքել, զբոսաշրջիկներ այլեւս չեն գա այս երկիր: Ամեն դեպքում պետք է քաջալերել մարդկանց Հայաստան գալու համար, իսկ դրա համար տեղի հայերը պետք է տեսնեն Հայաստանի լուսավոր կողմերը: Հայաստանի զարգացման համար միանշանակ կարեւոր է զբոսաշրջությունը: Մենք միայն մի հարստություն ունենք` մշակույթը: Իսկ զբոսաշրջության զարգացման համար մեր քաղաքավարությունն էլ պետք է փոխվի, ինչպիսին Եվրոպական երկրներում է, ավելին` այդ քաղաքակրթությունը կա անգամ Թուրքիայում: Ինչո՞ւ են մարդիկ գնում Անթալիա, որովհետեւ սպասարկումը զմայլելի է:

– Երաժշտական բեմադրությունը պետք է կայանար 2008թ., ինչո՞ւ այն տեղի չունեցավ:

– Այսօր երաժշտական բեմադրությունն ամբողջությամբ պատրաստ է, սակայն համաշխարհային ճգնաժամը պատճառ դարձավ, որ ծրագիրը փոքր-ինչ հետաձգվի: Ես բազմաթիվ հաստատությունների դիմեցի ծրագրին աջակցելու համար, բայց տնտեսական ճգնաժամի պատճառով նրանք ասացին, որ տվյալ պահին իրենք չեն կարող նման մեծ ծրագրի աջակցել: Պարզապես կուզեի կոչ անել, որ որքան հնարավոր է` շուտ ցուցաբերեին այդ աջակցությունը, որովհետեւ հայերեն թարգմանված 5 հեղինակներից միայն Շառլ Ազնավուրն է կենդանի:

– Իսկ նա տեղյա՞կ է համերգի մասին:

– Այո, ես անձամբ հայտնեցի նրան համերգի մասին, եւ նա պատասխանեց, որ հնարավոր է գա:

– Բնականաբար, Շ. Ազնավուրը ծանոթացել է իր երգերի հայերեն թարգմանությանը: Ինչպիսի՞ն էր արձագանքը:

– Ազնավուրը սովորաբար սակավախոս է, շատ քիչ է արտահայտվում, բացի՝ իր երգերի մեջ: Նա շատ զուսպ է: Ենթադրում եմ` նրա կողմից թույլտվություն ստանալն արդեն իր դիրքորոշման մասին էր խոսում: Կարծում եմ` նա հավանել էր: Տարիներ առաջ, երբ եկա Հայաստան եւ ներկայացրեցի ծրագիրը, մարդկանց հարցրեցի, թե ինչո՞ւ են սիրում Շառլ Ազնավուրին: Ասացին` մերն է, մեզ օգնել է երկրաշարժի ժամանակ: Մինչդեռ ամբողջ աշխարհը Ազնավուրին սիրում է, որովհետեւ նա երգիչ է, պոետ: Եվ աշխարհը նրան սիրում է ոչ թե՝ որովհետեւ հայ է, այլ` որովհետեւ նա մեծ երգիչ է, ով ինքնատիպ ոճ, նրբակիրթ ճաշակ ու քաղաքավարություն ունի: Ազնավուրի երգերը լսելիս շատերը զարմանում են, ասում են` ո՞նց կարելի է այդ նյութի մասին երգ գրել: Ազնավուրը մի երգ ունի, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «Թողնում եմ քեզ»: Այդ երգի մեջ կան այսպիսի տողեր` ամուսինը կնոջն ասում է` 5 տարի է, որ մենք ամուսնացած ենք, բայց այնքան եմ զզվում քեզնից, որ երբեմն ուզում եմ խեղդել քեզ: Հայերը այսպիսի երգ ունե՞ն:

– Անկեղծ է:

– Այո: Այդպիսի երգ միայն նա կարող է գրել: Այն նյութերը, որոնք նա ստեղծել է, միայն սիրո մասին չեն: Հաճախ սիրո մասին երգելիս ասում են` հոնքերդ կամար եւ այլն, ինչը բավական չէ: Ազնավուրը սիրո մասին գրում է նուրբ ու բարդ ձեւով: Այն օրը, երբ հայերը կլսեն Ազնավուրի երգերի հայերեն թարգմանությունը, կհասկանան նրա մեծությունը: Նա, իսկապես, բանաստեղծ է: Այն, ինչ ինձ զարմացնում է Ազնավուրի մեջ` նրա կամքն է: Այն ամենը, ինչ նա ուզում էր, կարողացավ ստանալ: Նրա առաջին բեմելներին մարդիկ լոլիկ ու ձու էին նետում նրա վրա, պահանջում էին, որ նա բեմից հեռանա, որովհետեւ, ըստ նրանց, այդպիսի ձայն ունեցողը չէր կարող բեմ դուրս գալ: Բայց նա իր տաղանդով ու կամքով մարդկանց փոխեց, հակառակ այն բանին, որ նա փոքրամարմին է: Նույն բանը կարող եմ ասել նաեւ Ժորժ Բրասանսի մասին, ում շատ քչերը գիտեն Հայաստանում: Ինձ համար Բրասանսը 20-րդ դարի լավագույն բանաստեղծն է Ֆրանսիայում: Նա պարզ ու հասարակ բառերով գրել է այնպիսի երգեր, որոնք Պերճ Թյուրաբյանի շնորհիվ շուտով հասկանալի կլինեն հայերին:

– Ի դեպ, երգերի թարգմանությունների գրքույկները ինչպե՞ս կարելի է ձեռք բերել:

– Առայժմ վաճառքում չկան: Թարգմանության օրինակներից մեկն ինձ մոտ է, մյուսը` Պերճ Թյուրաբյանի, իսկ մի օրինակն էլ` Շառլ Ազնավուրի: Մենք նախատեսել ենք, որ համերգից հետո կթողարկենք խտասալիկներ, որտեղ միաժամանակ կլինեն նաեւ երգի տեքստերի անգլերեն ու հայերեն տարբերակները: Ազնավուրը երգում է չինարեն, իտալերեն, արաբերեն, անգլերեն ու շատ լեզուներով, սակայն նրա երգերը որեւէ մեկը դեռ չի կարողացել երգել հայերենով: Մի անգամ նրան հարցրեցի այդ մասին, նա ասաց. «Ես` որպես երգիչ, չեմ կարող երգել հայերենով, որովհետեւ չեմ զգում»: Ճիշտ է, նա խոսում է հայերեն, բայց նրա մոտ պետք է այնպիսի մաքուր հայերենով խոսել, որ նախընտրելի է չխոսել` սխալներից խուսափելու համար: Ամեն դեպքում աշխարհի հայությունը այդ թարգմանությունների շնորհիվ կզգա Ազնավուրի մեծությունը:

– Ո՞վ եք մասնագիտությամբ:

– Ֆրանսիայում ունեի վերանորոգման հաստատություններ, բայց դեռեւս մանկությունից սիրել եմ երաժշտությունը:

– Ըստ Ձեզ` երգում պետք է լինի պոետիկա, սակայն հայաստանյան երգի շուկայում ամենամեծ պահանջարկն ունեն կամար հոնքերով, վառ շուրթերով եւ տառապյալի անպատասխան սիրո թեմաներով երգերը: Ի վերջո, ո՞րն է երգի, այսպես ասած` մեսիջը:

– Երգը ինչ-որ մեկի զգացմունքների դրսեւորումն է, որտեղ դեռ բավարար չեն ածականները: Երգում նախեւառաջ պետք է ասելիք լինի: Այստեղ շոու-բիզնեսն ավելի մեծ կարեւորություն ունի, որովհետեւ ճգնաժամի ժամանակներ են: Շատ ուրախ կլինեի, որ հայերը կարողանային ստեղծել պարզ բառերով լավ երգեր, ինչպես Ժորժ Բրասանսի մոտ է: Հայաստանում երգերի մեջ բացակայում է բանաստեղծական նրբությունը, թեեւ որոշ երգահանների մոտ այն առկա է:

– Իսկ ինչպիսի՞ն է Ֆրանսիայում երգարվեստի վիճակը:

– Այնտեղ եւս տեղի են ունենում նույն երեւույթները, ինչպես այստեղ: Ֆրանսիայում երգարվեստի միտումները լրիվ ուրիշ ուղղությամբ են զարգանում` մարդիկ ավելի շատ խոսում են, քան` երգում: Որպես այդ խոսքերի ֆոն` հնչում է մեղեդին: Որքան գիտեմ, Ազնավուրը հիմա աջակցում է մեկին, ով անդամալույծ է, եւ իր բեմական անունն այդպես էլ դրել է` հիվանդ մարմին` Կոնկո Մարատ: Նա բավական զգայուն ձեւով է արտահայտում իր ասելիքը, եւ միանգամայն հաճելի է նրան լսել: Կարեւորն այն է, որ մենք էլ կարողանանք մեր լեզուն ճիշտ մշակել:

– Փարիզով հմայվում է աշխարհը, այդ թվում` հայերը: Սակայն Դուք թողեցիք այդ ամբողջ հմայքն ու եկաք Հայաստան: Տարօրինակ չէ՞:

– Փարիզն աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից է, սակայն այդտեղ էլ կան այնպիսի երեւույթներ, որոնք զբոսաշրջիկի աչքին չեն երեւում: Հայաստանցիների հետ զրույցներում միշտ ասում եմ, որ եթե իրենք Փարիզ գնան, կտեսնեն հազարավոր թափառաշրջիկներ, ովքեր քնում են փողոցներում: Ավելին` տարիներ առաջ մոտ 15.000 թափառաշրջիկ մահացավ օդափոխիչների անջատման, սաստիկ շոգի պատճառով: Ամեն ձմեռ Փարիզի մայթերին թափառաշրջիկներ են մահանում:

– Կարծես Հյուգոյի Փարիզն եք ներկայացնում` խոցելի, կեղտոտ, աղբաշատ:

– Չէ, Փարիզն, իսկապես, շատ գեղեցիկ մայրաքաղաք է, մանավանդ զբոսաշրջիկների համար, բայց նրանք, ովքեր ապրում են այնտեղ, ճանաչում են Փարիզի աղտոտ, կեղտոտ վայրերը:

– Ինչպե՞ս Հայաստանը դարձնել ավելի գրավիչ:

– Մենք միայն մշակույթի միջոցով կարող ենք մեր երկիրը գրավիչ դարձնել: Եվ մշակույթը միայն գեղեցիկ եկեղեցիներ կամ ճարտարապետական շինություններ կառուցելը չէ: Ամբողջ աշխարհում մեր մշակույթը տարածվել է` ի դեմս Վիլյամ Սարոյանի, Շառլ Ազնավուրի եւ այլոց: