«Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի կազմկոմիտեն խոստովանում է` որքան մեծանում է փառատոնի տարիքը, այնքան բարձրանում են գները: Բարձրանում են հեղինակային իրավունքի վարձի չափը, ֆիլմերի վարձակալության գները (մեկ ֆիլմի նվազագույն արժեքը 1000 եվրո է), ավիատոմսերի արժեքը եւ հյուրերին տեղավորելու հետ կապված ծախսերը: Եվ եթե մի քանի տարի առաջ հեղինակներն ու կինոգործակալները մեր հայրենական կինոփառատոնին որոշ զիջումներ էին անում, ապա հիմա չեն անում դա` ենթադրելով, որ կայացած փառատոնը պետք է ինքն իր ճանապարհով գնա:
Այս տարի «Ոսկե ծիրանն» առաջարկելու է մեր հանդիսատեսին ոչ միայն մրցութային, այլեւ` արտամրցութային ֆիլմերի լայն ընտրանի: Կկազմակերպվեն Ատոմ Էգոյանի, Անրի Վերնոյի, Թեո Անգելոպոլոսի, Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնի, Կլեր Դենիի ու Ֆաթիհ Ակինի ֆիլմերի հետահայաց ցուցադրումները, ինչպես նաեւ` ֆիլմերի պրեմիերաները: Իր նոր «Փոխայց» ֆիլմը Երեւան կբերի Քշիշտոֆ Զանուսսին, Սերգեյ Սոլովյովը կմասնակցի «Համադասարանցիներ» ֆիլմի պրեմիերային: Կցուցադրվեն Միխայել Հանեկեի սարսափ գուժող, ոճավորված, միստիկ «Սպիտակ ժապավենը», Կարեն Շահնազարովի՝ ըստ Չեխովի պատմվածքի ստեղծած «Հիվանդասենյակ համար 6» մոքյումենտարի ոճով նկարահանված դրաման, Բեռլինի կինոփառատոնում գլխավոր «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմը, որը Անատոլիայում ապրող մարդկանց կյանքի յուրահատուկ եռապատման ավարտը դարձավ (ռեժիսորի նախորդ «Ձու» եւ «Կաթ» ֆիլմերի հետ): Կցուցադրվեն կորեացի Լի Չան Դոնի ծեր կնոջ կյանքի վերջին օրերի մասին պատմող «Պոեզիա» ֆիլմը, ֆրանսիացի ռեժիսոր Յան Կունենի «Կոկո Շանելը եւ Իգոր Ստրավինսկին» ֆիլմը, որը պատմում է լեգենդար դիզայների ու կոմպոզիտորի հանդիպման ու հանրահայտ «Chanel 5» օծանելիքի ստեղծման մասին:
Այս տարի 3 օրով Երեւան կայցելի 72-ամյա կինոլեգենդ Կլաուդիա Կարդինալեն, առանց որի դժվար է պատկերացնել անցյալ դարի իտալական կինոն: Գեղեցկուհի Կարդինալեն իր կարիերայի ընթացքում գրեթե միշտ կրքոտ ու «ճակատագրական կանանց» կերպարներ է ստեղծել, թեեւ իրականում այդպիսին չի եղել: Պատկառելի տարիքի հասած դերասանուհին այժմ լրջորեն զբաղվում է առողջապահական ծրագրերով ու օգնում է ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց` վստահ լինելով, որ այդ սարսափելի հիվանդությունը արհեստածին ծագում ունի: Կլաուդիա Կարդինալեն ու Օմար Շարիֆը նկարահանվել են 1991-ին լույս տեսած Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում` հայ գաղթականների դերերում: Եվ քանի որ այս տարի «Ոսկե ծիրանը» բացվելու է հենց այդ ֆիլմով, իտալուհի հանրահայտ դերասանուհին ու Անրի Վերնոյի որդին` Պատրիկ Մալաքյանը, մեր հյուրերը կլինեն: Կլաուդիա Կարդինալեին կհանձնվի «Արծաթե թալեր» մրցանակը, որը արարվել է Սերգեյ Փարաջանովի` շշի փայլաթիթեղյա կափարիչի վրա եղունգով նկարված դրամի նմուշի օրինակով: Իհարկե, այլ մեդալներ ու հատուկ մրցանակներ էլի կտրվեն հյուրերին: Իսկ հանդիսատեսի համար ֆիլմերի դիտումները կարժենան 300 դրամ, այսինքն` ավելի քիչ, քան ֆիլմերի «պիռատական» կրկնօրինակների վարձույթը:
Կինոփառատոնն այս տարի փորձելու է վերականգնել նաեւ բացօթյա ցուցադրումների ավանդույթը, որը հաջողությամբ իրականացվել էր մի քանի տարի առաջ Օպերայի հրապարակում, որտեղ տեղադրվել էին մոբիլ նստարաններն ու էկրանը: Այս տարի, սակայն, Օպերային հրապարակը հասու չէ կինոփառատոնի համար (այստեղ ատրակցիոններ են տեղադրված), եւ փառատոնի կազմակերպիչները որոշել են «Երեւանյան գիշերներ» ծրագիրն անցկացնել «Պողոսյան այգիներ» հիմնադրամի շնորհիվ կառուցված Սիրահարների այգում: Բացօթյա դիտումները մասնավոր ընկերության կողմից ստեղծված այդ հանրային վայրում անվճար կլինեն: Փառատոնային 7 օրերի ընթացքում յուրաքանչյուր երեկո մեկ դիտում է լինելու, որին հետեւելու են քննարկումներն ու հյուրերի հետ հանդիպումները: «Ոսկե ծիրան 2010»-ը օգտագործելու է նաեւ ակումբային ֆորմատը: Ըստ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի` ակումբում մի բաժակ սուրճ խմելով ֆիլմ դիտելն առաջին հերթին հասցեագրվում է երիտասարդ երեւանցիների լսարանին: Նորարար մոտեցումներից կլինի նաեւ ջազային փառատոնի անցկացումը` զուգահեռ կինոփառատոնին: Ամեն երեկո Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում ելույթ կունենան հայաստանյան ջազ բենդերը, որոնց նվագը ոչ միայն փառատոնի կցորդը կլինի, այլեւ` սեփական մրցույթն ու մրցութային ֆոնդը կունենա (6000 դոլար), որն էլ կհանձնվի լավագույններին: «Ջազ-կինո» մրցույթի մասնակիցներին կգնահատի պրոֆեսիոնալ երաժշտական ժյուրին` ջազմեն Լեւոն Մալխասյանի գլխավորությամբ: Ի դեպ` Լեւոն Մալխասյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հայաստանյան ջազի ֆենոմենը պայմանավորված է նաեւ մեր պետության աշխարհագրական դիրքով: «Երբ սար ունես` թմբուկ ունես, իսկ երբ թմբուկ ունես` ջազ ունես»,- ահա այսպիսի հակիրճ ու դիպուկ ձեւով նա բնութագրել էր հայկական ջազի մեխանիկան: Եվ քանի որ մենք իրոք միջազգային մակարդակի ջազային կատարողներ ու խմբեր ունենք, մնում է ենթադրել, որ հայկական կինոն նույնպես իր բանաձեւը ստանալով` կարող է միջազգային մակարդակի հասնել: Բանաձեւը դեռ մնում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Հերթը հայկական կինոյում թմբուկին (այսինքն՝ սեփական հողում ծնված գործիքներ որոնելուն) չի հասնում: Միգուցե մեր սարերն են լռում, կամ էլ` սարերի նվագին ականջ դնողներն են պակասել: Սակայն ամեն դեպքում վստահությամբ կարելի է ասել, որ «Ոսկե ծիրանի» մրցույթում ընդգրկված 2 հայաստանյան ֆիլմերում («Մաեստրո» ու «Մի նայիր հայելուն») սարերը «լռում» են: