«Չի կարելի սեփական անվտանգությունը կառուցել հարեւանի հաշվին»

24/06/2010

«… Այսօր ես խոսելու եմ Հարավային Կովկասի մասին, նրա դերի, կարեւորության, նրա ներկայի եւ, որ ավելի կարեւոր է, նրա ապագայի մասին: Ինչպես ասես մեր տարածաշրջանը չի բնորոշվել՝ Ասիան Եվրոպային կապող կամուրջ, էներգետիկ անվտանգության ապահովման հանգույց, կայունության կամ անկայունության գործոն, հաղորդակցության ուղիների տարանցիկ գոտի, ուժերի մրցակցության կամ շահերի համադրման թատերաբեմ. այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բոլոր այս բնորոշումները սառն են, անհաղորդ եւ անտարբերությամբ լի, քանի որ դրանցում չեն երեւում, պարզապես բացակայում են տարածաշրջանի բնակիչները, ժողովուրդները՝ որպես հավաքական ինքնության եւ մշակույթի կրողներ, եւ այդտեղ ապրող ժողովուրդների միջեւ եղած տարբերությունները, նրանց զարգացման ուղղվածությունն ու միտումները: … Անշուշտ, շատ չեն աշխարհում տարածքները, որտեղ ժողովուրդների, էթնիկական խմբերի, մշակութային, կրոնական, քաղաքակրթական նման բազմազանություն կա: Սակայն հենց սա է մեր իրական հարստությունը: Մենք պետք է կարողանանք բարձրանալ եւ առաջ շարժվել ոչ թե այս բազմազանությանը դեմ գնալով կամ մեկս մյուսի ունեցածը մերժելով, այլ միմյանց լրացնելով, փոխհարստացնելով, ինչպես արել եւ անում են եվրոպական այլ երկրներ: Ավելի քան 3000 կմ երկարությամբ միջազգային սահման կա Կովկասում, եւ ես ցավով եմ արձանագրում, որ այս սահմաններն ավելի շատ բաժանում, քան միավորում են մեզ: Այո՛, շատ չեն նաեւ աշխարհում տարածաշրջանները, որտեղ բնակվողները նմանատիպ պատմական խնդիրներ, ցավ եւ անգամ թշնամանք ունեն միմյանց հանդեպ: Սակայն այստեղ էլ արդիական է Կոնրադ Ադենաուերի օրինակը. ժամանակին նա տեսավ ապագա Եվրոպան եւ ապագա Գերմանիայի տեղը այդ Եվրոպայում: Հնարավո՞ր է արդյոք նույնօրինակ ապագա մեր տարածաշրջանի համար: Անշո՛ւշտ հնարավոր է: Հնարավոր է միայն նպատակը գիտակցելու, այն միասնաբար շարադրելու, ճիշտ հրամցնելու, համընդհանուր ընկալելու եւ դեպի նպատակը շարժվելու ամուր կամքի, ավելի լայն ու հեռուն նայել կարողացող քաղաքական առաջնորդության պայմաններում: Բա՞րդ է հնչում. միգուցե: Բայց ոչ այստեղ՝ Եվրոպայում: Սա մի ճանապարհ է, որով անցնողների ձեռքբերումները բոլորիս աչքի առջեւ են: Այդ ձեռքբերումները ոգեւորիչ են, իսկ անցումը` արժանի ընդօրինակման: Սառը պատերազմի ավարտը աշխարհի բազմաթիվ կետերում կայունացում ու խաղաղություն բերեց: Բայց եղան նաեւ տարածքներ, որոնց թվում էր նաեւ Հարավային Կովկասը, որտեղ սառը պատերազմի ավարտով սկսվեց չափից ավելի թեժ հակամարտությունների ժամանակաշրջան: Նորանկախ երկրների պետական շինարարությունը զուգորդվեց պատերազմներով, հեղաշրջումներով, տնտեսական աղետալի ճգնաժամերով, հասարակությունները դարձան ռազմականացված, այլատյաց, անհանդուրժող ախոյաններ: Անցել է շուրջ երկու տասնամյակ: Արդյո՞ք անհրաժեշտ դասեր ենք քաղել մեր իսկ ոչ վաղ անցյալից: Իմ դիտարկումների պատասխանը բացասական է: Հետճգնաժամային հասարակություններում քաղաքական գործչի համար ամենահեշտ, գուցեեւ ամենագայթակղիչ լուծումը ազգայնական քարտը խաղարկելն է: Պատերազմներից, ճգնաժամերից, տնտեսական անկումից դուրս եկող հասարակության համար դա կարող է ընկալվել որպես փրկարար փարոս. «Ես ձեզ կփրկեմ, որովհետեւ դուք իմ տեսակն եք»: Բայց սա խաբուսիկ լուծում է, գուցեեւ ունակ ապահովելու հասարակության ներքին ուժերի կարճատեւ համախմբումը: Բայց սա ապագային ուղղված լուծում չէ: Չի կարող լինել: Անիմաստ է վթարային շենքում փորձել վերանորոգել սեփական բնակարանը եւ հուսալ, որ ապահովել ես անվտանգությանդ խնդիրը: Առավել եւս չի կարելի սեփական անվտանգությունը կամ բարեկեցությունը կառուցել հարեւանի հաշվին: Հարեւանները նման քայլերը հեշտ չեն մոռանում: Դեպի հարեւան շենք տանող մեկ-երկու խողովակը չի կարող ապահովել ո՛չ անվտանգությունդ, ո՛չ բարեկեցությունդ, առավել եւս՝ էականորեն մեծացնել բնակարանատերի նշանակությունն այլոց աչքում: Մեր տարածաշրջանում մինչ օրս իրականացված ամենամեծ տնտեսական նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն էր, որը ոմանք կոչում էին «համաշխարհային նախագիծ», «դարի նախագիծ» եւ այլն: Վրաստանում 2008թ. օգոստոսյան պատերազմի ընթացքում, երբ այդ նավթամուղի աշխատանքը դադարեցվեց, համաշխարհային նավթի գները տատանում չարձանագրեցին: Սա է ինձ համար այդ ծրագրի «համաշխարհային» լինել-չլինելու լավագույն գնահատականը: Իսկ ի՞նչ տվեց այդ ծրագիրը տարածաշրջանին: Բաժանարար գծերի խորացում, սպառազինությունների մրցավազք, ռազմական հռետորիկայի աճ… Սա՞ էր ակնկալվող «անվտանգությունն ու բարեկեցությունը»: Աստված մի արասցե, որ տարածաշրջանը ճաշակի այդ ծրագրի բոլոր «բարիքները»: Այդ առումով կարեւոր է, որ բոլոր հետագա ծրագրերն ու սցենարները բերեն հավասարակշռության ապահովմանը, ոչ թե հակադրությունների սրմանն ու ուժային լուծումների գայթակղության խորացմանը: Երբեմն լսում եմ, ինչպես այս կամ այն ժողովրդի ներկայացուցիչը հպարտությամբ է ներկայացնում «քաղաքակրթությունների խաչմերուկում» իր ժողովրդի գտնվելու փաստը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ես էլ եմ տարբեր առիթներով օգտագործել դա: Իսկապես, ես էլ եմ ներկայացուցիչը մի ժողովրդի, որն իր հազարամյակների գոյության ընթացքում մշտապես գտնվել է այդպիսի խաչմերուկում: Եվ ոչ միայն աշխարհագրորեն: Մենք եղել ենք կրոնների, կայսերական նկրտումների, լեզվախմբերի, աշխարհընկալումների, իսկ

20-րդ դարի ընթացքում՝ նաեւ գաղափարախոսությունների խաչմերուկում: Այդ հանգամանքը նպաստել է մեր ժողովրդի զարգացմանը հոգեպես, մշակութապես: Սակայն այն նաեւ իմ ժողովրդի համար սոսկալի աղետների պատճառ է դարձել: «Խաչմերուկում» ապրող փոքր ժողովուրդները կհասկանան ինձ: Մենք արագությամբ մտնում ենք պատմության մի փուլ, որը ենթադրում է բազմաբեւեռ աշխարհ: Կարծում եմ, արդարացված են մտավախությունները, որ Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք հակադրության սրացման նույնիսկ թույլ դրսեւորումներն ունակ են ջլատելու մեր «խաչմերուկ»-տարածաշրջանը, իսկ կայունությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել առաջին կրակոցը: 2008թ. մեծ ճիգերի եւ զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել ռազմական առճակատման տարածումից: Երկրորդ անգամ նման հնարավորություն կարող է չտրվել: Ի վերջո, հարյուր տարի առաջ ո՞վ կարող էր ենթադրել, որ Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը կարող է առիթ դառնալ 16 միլիոն մարդկանց սպանության, եւս 31 միլիոն մարդկանց դարձնելով հաշմանդամ: Եթե կարող ենք ընտրություն կատարել մեր տարածաշրջանի վերաբերյալ քիչ առաջ նշված բնորոշումների միջեւ, ապա Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն նման աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն՝ գիտակցել ու տեսնել ապագան` «ընդհանուր հորիզոնը»: Համաշխարհային փորձի խտացումը վկայում է, որ մարդիկ ոչնչի շուրջ պատրաստ չեն ավելի արագ համաձայնության գալ, քան տնտեսական շահի շուրջ: Բոլոր օրինակներն ապացուցում են տնտեսական համագործակցությամբ ինտեգրացման եւ քաղաքական խնդիրների լուծման երկարաժամկետ կայունությունը: Հարավային Կովկասը կարող է համադրել բոլոր կողմերի՝ գործընկեր երկրների, տարածաշրջանային առաջնորդների, ներդրողների շահերը: Իրավիճակը, երբ բոլորը՝ գերտերությունները, տարածաշրջանային առաջատարներն ու շահագրգիռ մյուս կողմերը, հնարավորություն ունեն փոխլրացման ճանապարհով արդյունավետորեն բավարարել իրենց շահը, ունակ է հետ պահել ցանկացած մեկին ամեն ինչ խառնելու գայթակղությունից: Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Տարածաշրջանի համար խիստ կարեւոր է Իրանի` վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ո՛չ վաղվա խնդիրների, ո՛չ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար: Իսկ արդյո՞ք հարավկովկասյան «տնտեսական կարկանդակը» կբավարարի բոլորին: Միգուցե փոքր կարկանդակի մասնատումը շատերի ախորժակը չի կարող բավարարել, բայց ճիշտ լուծումը կարկանդակը մեկին կամ երկուսին հանձնելը չէ, առավել եւս, որ դրանով խնդիրները միայն սկսվում են: Ուղղակի անհրաժեշտ է թխել ավելի մեծ կարկանդակ: Եթե խոսում ենք էներգետիկայի մասին, ուրեմն տարածաշրջանը էներգակիրների աղբյուրից պետք է վերածել էներգետիկ հանգույցի: Եթե խոսում ենք փակուղու եւ փակ սահմանների մասին, դրանց փոխարեն տարածաշրջանը պետք է դարձնել հյուսիսն ու հարավը, արեւելքն ու արեւմուտքը կապող տրանսպորտային հանգույց: Անհրաժեշտ է բազմազանեցնել ծրագրերի ուղղվածությունը: Միայն արեւելքից արեւմուտք ձգվող նավթամուղներն ու գազամուղները, հաղորդակցության ուղիները չեն կարող ապահովել կայունություն, անվտանգություն եւ բարգավաճում տարածաշրջանում: Վերջին տարիներին մենք նախաձեռնել ենք մի քանի խոշոր ծրագրեր: Էական զարգացումներ ունենք էներգետիկայի ոլորտում: Ավարտելով նոր ջերմաէլեկտրակայանի կառուցումը եւ շարունակելով հնի շահագործումը՝ մենք ձեռնամուխ ենք եղել ՀՀ-ում ԱԷԿ-ի նոր, առավել հզոր բլոկի կառուցմանը: Արդյունքում մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի կարեւոր մատակարար: Մենք սկսում ենք նաեւ Վրաստանի նավահանգիստները ՀՀ-ի տարածքով Իրանի սահմանին կապող ժամանակակից արագընթաց ճանապարհի կառուցման աշխատանքները: Ծրագրում ենք նաեւ սկսել Հայաստան-Իրան երկաթուղու նախագծման աշխատանքները: Այս ենթակառուցվածքային ծրագրերն իսկապես հեղափոխական նշանակություն կարող են ունենալ տրանսպորտային հաղորդակցության առումով՝ Սեւ ծովը կապելով Պարսից ծոցին եւ Հնդկական օվկիանոսին, իսկ Իրանի միջոցով նաեւ Միջին Ասիային եւ ապագայում` մինչեւ Պակիստան ու Հնդկաստան: … Մեր պատկերացմամբ խնդիրն ավելի լայն է՝ ապահովել պոտենցիալ շահագրգիռ երկրների լայն ցանց եւ դրանով իսկ հնարավորինս լայն շահերի համադրում: Մենք իրապես կցանկանայինք տեսնել եվրոպական հսկաների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ավելի մեծ ակտիվություն այս ուղղությամբ: Ի վերջո հարցն այն չէ՝ պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել այս կամ այն ծրագրում: Հարցն ավելի լայնամասշտաբ է՝ պատրա՞ստ եք դուք ներդրում կատարել տարածաշրջանի ապագայի համար: Դիտարկելով խնդիրը զուտ տնտեսական շահավետության տեսակետից, մենք անտեսում ենք ամենակարեւոր բաղադրիչը՝ անվտանգության եւ համաչափ զարգացման մակարդակի էական բարձրացումը: Ի վերջո, պնդումը, թե տարածաշրջանի ներքին խնդիրները լոկ տարածաշրջանի ներքին խնդիրներն են եւ անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է սառեցնել տարածաշրջանային մակարդակով, դեռեւս ապացուցման կարիք ունի: Ուզում եմ նաեւ հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի՝ սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը «յուղել» տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ: Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավորվածության կատարման «պարտադրող կողմը», ում լիազորությունները չեն վիճարկվում եւ չեն վիճարկվելու որեւէ մեկի կողմից: Այդ մոտեցումը աշխատում է Բալկաններում, բայց «պարտադրող կողմի» բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է: Ինչեւէ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում քաղաքական համապարփակ լուծումների կայացումը համարում եմ քիչ հավանական, իսկ տարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխուժացումն ինքը կստիպի վերանայել փակ սահմանների եւ սառած հարաբերությունների առկա ստատուս-քվոն եւ հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձեւավորի: Ուզում եմ մի փոքր շեղում կատարել՝ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեր նախաձեռնության հետեւանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին: Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս: Դա եւ՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, եւ՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, եւ՛ տնտեսական համագործակցության խթանումը՝ որպես նաեւ հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական: … ՀՀ-ն բազմիցս կոչ է արել իր արեւելյան հարեւանին՝ Ադրբեջանին, մեր երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Եվ ես դա ասում եմ որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց եւ երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ԼՂՀ հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ եւ բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության եւ կասկածանքի մթնոլորտում: Համոզված եմ, որ տարածաշրջանային ինտեգրացիայի մեր մոտեցումները կիսում են նաեւ Վրաստանի մեր գործընկերները: Մենք իրավունք ունենք նաեւ նման վերաբերմունք ակնկալել տարածաշրջանում ներգրավված մեր գործընկերներից: Մենք անընդհատ խոսում ենք ինտեգրացիան եւ փոխկապակցվածությունը խթանելու մասին, բայց ի՞նչ քայլեր ենք անում: Նույնիսկ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես ծրագրին միացած որոշ երկրներ փորձում են սահմանափակել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: Օրինակ, Ադրբեջանը, ոգեւորվելով երկար տարիներ ՏՐԱՍԵԿԱ ծրագրին

ՀՀ-ի մասնակցությունը սահմանափակելու իր ջանքերից, փորձում է նույն գործելաոճը տարածել նաեւ Արեւելյան գործընկերության վրա: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն կառուցելու նպատակին եւ հանձնառու է ստեղծել տարածաշրջանում փոխադարձ շահերով ու պարտավորություններով ամրագրված կայունության, անվտանգության, համերաշխության եւ տնտեսական զարգացման միջավայր: Ինչպես Մարտին Լյութերն էր ասում` «Ամեն ինչ աշխարհում հույսով է արվում»: Ես հույս ունեմ, որ մի օր մեր հարեւանների եւ բարեկամների հետ իրական ու գործնական երկխոսություն կսկսենք` մեկ սեղանի շուրջ հավաքելով բոլորին. դա է պահանջում «ընդհանուր հորիզոնի տրամաբանությունը»: Եվ վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ այն հարցադրմանը, թե «հնարավո՞ր է դա մեր տարածաշրջանում», կլսենք հստակ պատասխան՝ այո՛»,- իր ելույթում ասել է Ս. Սարգսյանը: