Վիլսոնը գերեզմանում շուռ կգա

24/06/2010

Նախորդ շաբաթ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի դրամատիկ միջադեպերը շեղեցին ուշադրությունը մի սկանդալային իրադարձությունից, որն իրագործեց Ամերիկան ներկայացնող կազմակերպությունը Ստամբուլում։ Խոսքը Վուդրո Վիլսոնի անունը կրող կենտրոնի կողմից Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին «Վիլսոնի անվան հասարակական ծառայության» մրցանակ շնորհելու մասին է։

Սա ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն ԱՄՆ 38-րդ նախագահի հիշատակի հանդեպ։ Վիլսոնի մրցանակ է շնորհվում մի թուրք դիվանագետի, որն այսօր անթաքույց հետեւողականությամբ աշխատում է պանթուրքիստական ծրագրերի վերակենդանացման ուղղությամբ, այն դեպքում, երբ միջազգային ասպարեզում այդ ծրագրերի առաջին եւ ամենաազդեցիկ մերժողներից էր ինքը՝ Վուդրո Վիլսոնը։ ԱՄՆ այն նախագահը, որի դիպուկ ձեւակերպումները դրվում են Հյուգոյի, Շեքսպիրի «թուրքական թեմատիկայի» աֆորիզմների կողքին։

Թուրք դիվանագետին մրցանակ շնորհող կենտրոնին հիշեցնենք, թե ինչ կարծիքի է եղել ԱՄՆ պատվարժան նախագահ Վուդրո Վիլսոնը Թուրք պետության նկատմամբ. բերենք ընդամենը մի փոքրիկ հատված 1919 թվականի նրա ելույթից: Ելույթ, որն իր անկեղծության եւ ուղղամտության պատճառով հազվագյուտ է հիշատակվում դիվանագիտության մեջ։ Սակայն իր բովանդակությամբ այն հանճարեղ է եւ մարգարեական։

« …Մենք վար չենք դնի նույնպես մեր սուրը, մինչեւ որ Թուրքիայի նշված ազգերը չգտնեն իրենց անկախությունը։ Բռնապետական իշխանությունը պիտի վռնդվի ամեն տեղից եւ ամենքի մոտից։ Պատերազմող բոլոր երկրներից Թուրքիան այն ամենագռեհիկ վասալն է, որի նմանը պատմության մեջ չկա։ Իր վայրագություններով, իր կեղտոտ ու ստոր վարմունքով նա կասկածելի իր իրավունքը դեռ շարունակում է քարշ տալ եվրոպական հողի վրա։ Բոլորովին խորթ է նա Արեւմտյան քաղաքակրթության համար։ Թուրքիան միայն իսկական մի հավաքածու է դարձել վայրագ մարդասպանների, անամոթ գողերի եւ բիրտ կեղեքիչների։ Հայկական կոտորածները ապացուցեցին, որ անհրաժեշտ է դուրս մղել այդ տգետ, աղտոտ ավազակախմբերին՝ Եվրոպական ցամաքից։ Նույն մարդասպանական ձեւերին եւ ավերածության պիտի ենթարկվեին նաեւ հրեաները, եթե սրանք, քաղաքական հավասարակշռությունը պահպանելու վարպետ ճարպկությամբ, րոպեի հանգամանքներին պատշաճող դիրքը չբռնեին։ Հայերը պիտի ստանան այն, ինչ նրանց պարտական է տալ պատմությունը։ Նրանք շատ ավելի իրավունք ունեն ապրելու, քան թուրքերը, նրանք ավելի շատ տաղանդով գիտեն իրենք իրենց կառավարել։ Ինչ վերաբերում է մահմեդականների առաջացմանը Ռուսաստանում, դա հավասար է այն ավազակի գործունեությանը, որ հափշտակում է ուրիշի թանկարժեք իրերը։ Վաղ կամ ուշ՝ նրանց ոճիրները կգտնեն մի դատաստան, եւ առարկաները կվերադարձվեն իրենց օրինական տերերին…»:

«Ժողովուրդ» թերթ, 1 դեկտեմբերի, 1919թ.։

Հիշենք, սա դեռեւս 1919 թ.-ին է արտասանվել։

Գուցե ասենք՝ ժամանակնե՞րն են փոխվել։ Այո, Արեւմտյան, այդ թվում՝ ամերիկյան քաղաքակրթությունը անհետեւողականության եւ անսկզբունքայնության բազմաթիվ խոսուն օրինակներ է ցույց տվել։ Այս խորքի վրա առանձնապես ուսանելի կարող է լինել թուրքական (պանթուրքիստական) քաղաքականության հետեւողականությունը, որը եւս մեկ անգամ ընդգծեց հենց Թուրքիայի արտգործնախարարը մրցանակը ստանալիս. «Անփոփոխը մեր սկզբունքներն են… Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել գաղափարախոսությունը փոխելու մեջ»։ Սա պետք է ուսանելի լինի ամերիկացիների համար։ Վիլսոնից հետո նրանք քանի՜ անգամ են փոխել իրենց սկզբունքները, տարբեր շահերից ելնելով աչք փակել` թույլ տալով լկտիորեն աղավաղել եւ անարգել բոլոր մարդկային ճշմարտությունները։

Իսկ ի՞նչ է ներկայացնում Վիլսոնի կոչված այս կենտրոնը։ Հայտնի է, որ բազմաթիվ են հասարակական եւ այս կարգի կազմակերպությունները, որոնք փող են աշխատում՝ կառչած եւ պարազիտելով հանրահռչակ ու հանճարեղ մարդկանց անունների տակ։ Դրա համար էլ այն համագործակցում է հենց թուրքերի հետ։ Ցավոք, այս ցինիկ գործարքի արմատները, ըստ որոշ տեղեկությունների, տանում են մինչեւ ամենաբարձր ատյաններ։ Նշվում է, որ տվյալ արարողության կարեւոր հյուրերի մեջ ԱՄՆ այսօրվա նախագահի, նրա տիկնոջ եւ շրջապատի մտերիմներն են…

Իսկ ամերիկյան քաղաքական անսկզբունքայնությունից ու անբարոյականությունից ամենախոշոր տուժողներից մեկը հենց Վիլսոնն է եղել։ Վիլսոնի սուրբ անունը կրող, բայց նրա հակառակորդների նյութապաշտ ձեռագիրը շարունակող այս գրասենյակը նախ թող բացատրի՝ այդ մեծ հումանիստն ու բարեփոխիչը ինչո՞ւ նախագահական շրջանը լրանալուց հետո ամբողջովին մեկուսացավ, հրաժարվեց քաղաքականությունից։ Ինչո՞ւ ԱՄՆ-ի Սենատը շարունակ մերժում էր Վիլսոնի հումանիստական, դարակազմիկ նախաձեռնությունները եւ նրա հեղինակավոր ստորագրությունը կրող փաստաթղթերը (այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ մանդատը), որոնք իրագործվելու դեպքում աշխարհը այսօրվա տեսքը չէր ունենա: Համենայն դեպս՝ անբարոյականությունը այսքան շատ չէր լինի։

Ակնհայտ է նաեւ քաղաքական ալգորիթմը, որի արդյունքում հերթական անգամ թուրքերը ծիծաղում են պատմական արդարության սկզբունքի վրա։ Հետեւենք դեպքերին։ Վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում այցելելով նախագահ Վիլսոնի գերեզմանին, իր հարգանքի տուրքը մատուցեց այսօր դանդաղորեն մոռացության տրվող այս մեծ գործչի հիշատակին։ Մի նախագահի, որը ԱՄՆ-ին տվել է համաշխարհային տերություն դառնալու դոկտրինը (ինչն այսօր աղավաղվել է՝ հանելով այնտեղից հումանիստական հենքը), ամենաինտելեկտուալը, կիրթը եւ զարգացածը ԱՄՆ նախագահների մեջ, ազգերի ազատագրության արշալույսի դարաշրջանի ամենապայծառ պետական-քաղաքական գործիչը։

Ակնհայտորեն, թուրքերին շատ է խոցել Հայաստանի նախագահի այս հիշեցումն այն մասին, որ իրենց պատմական ագրեսիվ կեղծարարության ճանապարհին կանգնած է Վիլսոնի նման ազնիվ եւ հեղինակավոր մեծություն։ Թուրքերն այս ծիծաղելի ցածր մակարդակում փորձում են մեկ անգամ էլ բռնաբարել պատմականության, արդարության ու ճշմարտության իդեալներն ու համոզմունքները՝ դրանով մեկ անգամ եւս ծիծաղելով աշխարհի բարոյականության ու տրամաբանելու ընդունակությունների վրա։ Թուրքիայի արտգործնախարարին Վիլսոնի անվան մրցանակ շնորհելը նույնն է, եթե Տրոցկուն Ստալինի մրցանակ տային, Ֆիդել Կաստրոյին կամ Ուգո Չավեսին՝ Աբրահամ Լինկոլնի շքանշան։ Եվ ամենաահավորն այն է, որ դա կատարվում է հենց Վիլսոնի անվամբ կոչված ամերիկյան կենտրոնի ձեռքով` Սեւրի դաշնագրի 90-ամյակի շեմին։

Այս արտառոց քայլն ամերիկյան բարոյականության հերթական պարտությունն է։ Թուրքերը շարունակում են «փչացնել» բոլորին, ովքեր փորձ են կատարել դաշնակցել իրենց հետ։ Ստացվում է` ամերիկյան «հացի մեջ իրոք աղ չկա՞»։ Միայն Բեն Լադենի ու թալիբների օրինակները, որոնց ԱՄՆ-ը ինքն է բուծել, «իր գլխին սարքել», բավական են այդ քաղաքականության հեռանկարը գծագրելու համար։ Անխուսափելիորեն Թուրքիայի դեպքում էլ նույնն է կատարվում։ Սրա պտուղները քաղելու են ոչ միայն ԱՄՆ-ը, այլեւ աշխարհում կտրվելու աստիճան բարակած արդարությունն ու հումանիստական իդեալները, որոնց հետեւողական իրագործման վերջին փորձերից մեկն էր կատարում ԱՄՆ 38-րդ, տաղանդավոր նախագահը եւ մեծ պետական գործիչը։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ