Վարձակալված Երեւան

24/06/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Տարիներ առաջ Ռուբեն Հախվերդյանը Երեւանի մասին երգեց ու գրեց` «Անտեր ու դուս մուրացկանները դարձան քեզ տեր ու տիրական»: Պոետի փոխարեն դժվար է միանշանակ ասել, որ այն կոնկրետ մարդկանց մասին է գրված: Որովհետեւ երգը բնութագրական դարձավ մայրաքաղաքի իրար հերթափոխող իշխանությունների համար: Երեւանում տարեցտարի փոքրանում է «հասարակական տարածք» ու «հասարակական շահ» հասկացությունների ծավալը: Այդ հասկացությունները տեսանելի ապագայում հավանաբար կմոռացվեն: Տարիներ առաջ Հաղթանակի զբոսայգու դիմաց կառուցվեց Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին նվիրված հուշարձան: Արտառոց փաստ է այն, որ խորհրդայնացման հոբելյանի առիթով կառուցված հուշարձանն իր ոճով սոցռեալիզմի գործ չէր: Բարձր ձգվող սյան պատճառով ժողովրդական բառուբանում հուշարձանը «իմպոտենտի երազանք» անունը ստացավ: (Ժողովուրդը հավանաբար չէր սիրում կոմունիստական վարչակարգի հոբելյաններին նվիրված կոթողները): Հուշարձանին հարակից կառուցվեց յուրատեսակ` մեծ ու կախովի, պատշգամբ: Այն հրաշալի հարթակ է, որտեղից բացվում է մայրաքաղաքի համայնապատկերը: Երեւանի մասին նկարահանված համարյա բոլոր վավերագրական ֆիլմերում մայրաքաղաքի համայնապատկերը այդ տարածքից է նկարահանվում: Հիմա այդ տարածքը Կասկադի հետ միասին 99 տարով վարձակալության է տրվել «Գաֆեսճյան հիմնադրամին»:

Անցած երկուշաբթի նկարահանող խմբի հետ այցելեցի 50-ամյակի հուշարձանի տարածք: Պատրաստվում էինք Մոնումենտի հարթակից նկարահանել Երեւանը: Նկարահանման տեխնիկան տեսնելով` մեզ մոտ շտապեց «Գաֆեսճյան հիմնադրամի» հսկիչ-աշխատակիցը ու, նկարահանումներն արգելելով, առաջարկեց թույլատվություն ստանալ հիմնադրամի գրասենյակի պատասխանատուներից: Սա բացառիկ երեւույթ է: Նման բան որեւէ այլ երկրում չես հանդիպի: Ասենք՝ Փարիզում կամ արեւմտյան որեւէ այլ քաղաքում, ուր նման սահմանափակումներ կան, ամեն ինչ արված է օրենքի ու տրամաբանության շրջանակներում: Նախ` նկարահանման իրավունքը ոչ թե մասնավոր հիմնարկների հսկիչներն են ստուգում, այլ` Ոստիկանությունը: Երկրորդ, հանրային տարածքներում նկարահանումների թույլատվություն ոչ թե մասնավոր գրասենյակներն են տալիս, այլ պետական կառավարման մարմինները: Նույն Փարիզում նկարահանման իրավունք տալիս է քաղաքապետարանը: Մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է շուռ տված: Մասնավոր գրասենյակն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հանրային տարածքներում կատարվող գործառույթները` վարձակալությամբ վերցված հանրային տարածքն ակնհայտորեն շփոթելով սեփականության հետ: Հասարակական շահ հասկացությունը չի պաշտպանվում պետության կողմից: Վերջին տարիներին Երեւանի շատ թաղամասերի բնակիչներ ստիպված են համակերպվել այն փաստի հետ, որ մասնավոր շինարարություն իրականացնող կազմակերպությունները ամիսներ (ավելի հաճախ` տարիներ) շարունակ փողոց ու մայթ են փակում: Արդեն մի քանի ամիս է՝ կատարյալ շրջափակման մեջ է Լրագրողների միության շենքը: Աբովյան-Պուշկին խաչմերուկում նորակառույց շենքի հարեւանությամբ ստորգետնյա ավտոկանգառ է կառուցվում: Մասնավոր բիզնեսի պատճառով տուժում են քաղաքի այդ տարածքում ապրող կամ աշխատող քաղաքացիները: Քաղաքին ու բնակիչներին ամիսներ շարունակ պատճառվող վնասների դիմաց փոխհատուցման մասին ոչ ոք չի մտածում: Մինչդեռ հանրային տարածքը ժամանակավոր բիզնես նպատակով օգտագործողներից կարելի էր որոշակի գումար գանձել քաղաքի բյուջե: Եթե հանրային տարածքների օգտագործման ամենօրյա տուրք սահմանվեր, մասնավոր շինարարությունները ավելի սեղմ ժամկետում կավարտվեին: Քաղաքը կազատվեր խորհրդային հանրահայտ «դոլգոստրոյներ» հիշեցնող շինարարությունների ցեխ ու փոշուց: Մասնավոր հիմնադրամներն էլ չէին ուզուրպացնի պետական կառավարման գործառույթներ: