Հինգ թեկնածու

02/10/2005

Հոկտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիի քաղաքապետի
պաշտոնի համար պայքարելու է 5 թեկնածու: Երեկ ժամը 18.00-ին ավարտվեց այն
վերջնաժամկետը, որի ընթացքում քաղաքացիները համայնքապետի եւ ավագանու
անդամության համար կարող էին առաջադրել իրենց թեկնածությունը:

Ինչպես տեղեկացանք Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ
Սայաթ Մինասյանից, Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են գործող
քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը,
քաղաքապետարանի Մշակույթի բաժնի նախկին պետ Աշոտ Մկրտչյանը, Շիրակի
մարզպետարանի Տրանսպորտի բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը, Գյումրիի
ավագանու անդամ Հունան Ավետիսյանը: Նկատենք, որ բացի Մարտին Սուքիասյանից,
առաջադրված բոլոր թեկնածուներն էլ անկուսակցական են, իսկ պարոն
Սուքիասյանը ներկայացնում է ՀՀԿ-ն: Սայաթ Մինասյանից տեղեկացանք նաեւ, որ
Գյումրիի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 45 մարդ: Ինչեւէ, ինչպես
երեւում է, Գյումրիում եւ քաղաքապետի, եւ ավագանու անդամության
թեկնածուների մեջ առաջիկայում բավական թեժ պայքար է սպասվում: