Բուժումն արգելում են

22/06/2010

Մայիսի 31-ին Ազատության հրապարակում ձերբակալված, ապա երկամսյա կալանքի ենթարկված 19-ամյա Դավիթ Քիրամիջյանը բանտում կարող է հաշմանդամ դառնալ: Մեր թղթակցի հետ զրույցում երիտասարդի մայրը` տիկին Ռութը, պատմել է, որ Դավթին կալանավորելուց հետո, նրա մոտ առողջական շատ լուրջ խնդիրներ են առաջացել: Բացի այն, որ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները հարվածել ու տեղաշարժել են նրա ծնոտը, Դավիթը խնդիրներ ունի նաեւ քայլելու հետ կապված: Ձերբակալվելուց առաջ նա ենթարկվել է ոտքի վիրահատության եւ անընդհատ մերսումների կարիք ունի: Տիկին Ռութն ասել է, որ մոտ 1 շաբաթ առաջ կալանավայրում բժիշկը հետազոտել է Դավթին եւ նրան բուժում է նշանակել, սակայն առ այսօր նրան դեղորայք չեն տրամադրել: «Բժիշկն ասել է նաեւ, որ եթե Դավիթը անընդհատ մերսման կուրս չանցնի, չի կարողանա նորմալ քայլել: Այս պահին նրան զրկել են նաեւ այդ հնարավորությունից, եւ նա կարող է ընդմիշտ հաշմանդամ դառնալ: Միայն մի բան եմ խնդրում, որ թույլ տան երեխաս իր բուժումն ընդունի: Պատկերացրեք, հիմա այլ բան չեմ ուզում»,- ասել է տիկին Ռութը: