Հայաստանի տնտեսությունն այս տարվա առաջին 5 ամիսներին աճել է 8.8%-ով։ Այս մասին երեկ ավետեց Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հրապարակելով 2010թ. հունվար-մայիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Համաձայն այդ ցուցանիշների, 2010թ. առաջին հինգ ամիսների համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն՝ աճել է 8.8%-ով՝ կազմելով շուրջ 1 տրիլիոն դրամ։
Փայլուն ցուցանիշ է, կասեն ոմանք՝ ավելացնելով, որ այն լավատեսական սպասումներ է առաջացնում եւ թույլ տալիս պնդել, որ Հայաստանի տնտեսությունը կամաց-կամաց ոտքի է կանգնում։ Այսպիսի հիացական խոսքեր դեռ շատ կհնչեն, մինչեւ հաջորդ ամսվա 20-ը, մանավանդ որ, իրոք, բոլոր առումներով աճ կա։ Օրինակ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 12.1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14.6%-ով, ծառայություններինը՝ 6.8%-ով։ Գյուղատնտեսության եւ մանրածախ առեւտրաշրջանառության ոլորտների աճը թեեւ փոքր է՝ շուրջ 1 %, սակայն չեղածից լավ է։ Փոխարենը` հուսադրող ցուցանիշներ ունենք արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումն աճել է 64.5 տոկոսով՝ գերազանցելով 364 միլիոն դոլարը, իսկ ներմուծման աճը կազմել է 28.5% (հունվար-մայիսին ներմուծման ծավալները կազմել են 1.4 միլիարդ դոլար)։
Սակայն այս բոլոր աճերի մեջ ամենաուշագրավը, թերեւս, շինարարության ոլորտի աճն է։ Շինարարության ծավալը հունվար-մայիսին կազմել է 108.8 միլիարդ դրամ. աճը ավելի բարձր է եղել, քան տնտեսության մյուս ոլորտներում՝ 12.5%։
Ինչո՞ւ է սա ուշագրավ։ Որովհետեւ հայրենի իշխանություններն ու նրանց մոտ կանգնած մարդիկ վերջերս սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է աստիճանաբար փոքրացնել շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում։ Այդ մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում շարունակաբար խոսում էին նաեւ միջազգային ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները։ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն էլ 2 օր առաջ իր «հրաժեշտի ասուլիսում» եւս մեկ անգամ հիշեցրեց դիվերսիֆիկացիայի ու օլիգոպոլիաների մասին եւ լքեց մեզ։
Իսկ ի՞նչ էր կատարվում մինչեւ բոլորովին վերջերս։ Շինարարության ոլորտը ճգնաժամի հարվածից խորը անկում ապրեց, ինչը բնական էր դրսի տրանսֆերտներից կախված եւ ոչ մրցունակ, ոչ արտահանելի ճյուղի համար։ Սակայն այդ պրոցեսը այնպես ներկայացվեց, որ քիչ էր մնում մտածեինք՝ կառավարությունը միտումնավոր է նվազեցնում շինարարության ծավալները՝ ձգտելով փոխել տնտեսության կառուցվածքը։ Հետո անկման տեմպը աստիճանաբար թուլացավ, իսկ այս տարվա առաջին 4 ամիսների տվյալներով՝ շինարարության աճը կազմեց 8.8%։ Սա արդեն հակասում էր կառավարության կողմից քարոզվող դիվերսիֆիկացիայի գաղափարին, եւ հարկավոր էր բացատրություն գտնել։ Բացատրությունը գտավ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Շինարարության աճը նա հիմնավորեց այն հանգամանքով, որ նախորդ տարվա բազան, որի վրա հաշվարկվում է այս ցուցանիշը, հենց ապրիլ ամսին էապես նվազել էր, եւ հիմնականում այս հանգամանքով էր պայմանավորված շինարարության ցուցանիշների աճը։ Այսինքն՝ ցանկանում էր ասել, որ շինարարության աճը ընդամենը տեխնիկական բնույթ ունի։
Իրոք, 2009թ. մարտ ամսին շինարարության ծավալը կազմել էր 24.8 միլիարդ դրամ, իսկ ապրիլին՝ 44.8%-ով պակաս՝ 13.7 միլիարդ։ Այսինքն՝ ապրիլի դեպքում բազան իրոք փոքր էր։ Սակայն 2009թ. մայիսին հակառակ պատկերն էր արձանագրվել. շինարարության ոլորտը 152% աճ էր արձանագրել ապրիլի նկատմամբ, իսկ հունիսին աճը կազմել էր 93%։ Ամսվա սկզբին, անդրադառնալով այս թեմային, գրել էինք, որ եթե ԱՎԾ հաջորդ հրապարակումը հաջորդ ամիսներին նույնպես շինարարության ոլորտի զգալի աճ արձանագրի, դժվար կլինի այն բացատրել տեխնիկական պատճառներով, քանի որ հարկման բազան նախորդ տարի փոքր չի եղել։ Սակայն պարզվեց, որ աճը ավելի մեծ է, քան նախկինում։
Ավելին, եթե ցուցանիշները դիտարկում ենք ամսական կտրվածքով, ապա շինարարության աճն ավելի ակնհայտ է դառնում։ Օրինակ՝ 12.1% աճ արձանագրած արդյունաբերությունը մայիսին 6.3% անկում է արձանագրել ապրիլի համեմատ։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները ամսական կտրվածքով նվազել են 7.9%-ով, ծառայությունները՝ 0.8%-ով։ Իսկ շինարարությունը, որին վերջին ամիսների ընթացքում անարգանքի սյունին գամեցին, աճել է ավելի քան 2 անգամ՝ 109.9 տոկոսով։ Այն, որ շինարարությունը կրկին թափ է հավաքում՝ հավակնելով նորից դառնալ մեր տնտեսական աճի շարժիչ ուժը, ակնհայտ է, եւ հնարավոր չէ այս ցուցանիշները բացատրել զուտ տեխնիկական պատճառներով։ Այդ մասին են վկայում նաեւ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները՝ շինանյութերի արտադրության բնեղեն ծավալների մասին։ Օրինակ, այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 131.6 հազար տոննա ցեմենտ, ինչը 16.9%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Գաջի արտադրության ծավալները աճել են 25%-ով, կիրինը՝ 19.7%-ով, բետոնինը՝ 50.5%-ով, շինափայտինը՝ 15.5 անգամ։ Այսքանից հետո ասել, թե շինարարության աճն ունի տեխնիկական բնույթ, եւ որ լուրջ քայլեր են արվում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, թերեւս չափազանցություն կլինի։
Ուրիշ բան, եթե «տեխնիկական պատճառների» մասին հիշեն նաեւ 8.8% տնտեսական աճի մասին խոսելիս։ Այդ դեպքում բացատրությունը լրիվ տեղին կլինի, քանի որ նախորդ տարվա հունվար-մայիսին տնտեսությունն արդեն անկում էր ապրել 15.7%-ով։ Իսկ դրա ֆոնին 8.8%-անոց աճով ոգեւորվել չարժե։ Մանավանդ որ, այդ աճի պարագայում գործազրկության մակարդակը ոչ միայն չի նվազում, այլ շարունակում է աճել՝ անգամ պաշտոնական տվյալներով։