Արցախյան ազատամարտի մասնակից թվով 10 կառույցների ղեկավարներ ՀՀ
Անկախության օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանին բավական տարօրինակ խնդրանք են
ուղարկել: Նրանք ՀՀ Անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ խնդրել են
լիովին ներում շնորհել պետական հանցագործության մեղադրանքով մահվան
դատապարտված երեք անձանց: Խոսքը «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան+30»
գործերով անցնող Արմեն Մնջոյանի, Արսեն Արծրունու եւ Տիգրան Խաչատրյանի
մասին է: Հիշեցնենք, որ նրանք 1990-ականների սկզբում ՀՀ-ում պետական
հեղաշրջման եւ ահաբեկչության փորձ կատարելու համար դատապարտվել էին
մահվան, սակայն հետագայում մահապատիժը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ:
Նախագահին ուղղված դիմումի տակ ստորագրած գեներալ-մայոր Արկադի
Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) խոսքերով` ցմահ բանտարկությունն իր մարտական
ընկերների համար չափազանց խիստ պատիժ է: Եվ նա համոզված է, որ այդ մարդիկ
այս պետության եւ հասարակության համար կարող են օգտակար լինել: «Ես չեմ
հավատում, որ նրանք հարյուր տոկոսանոց պետական հանցագործ են: Ժամանակին
մարդիկ սխալվել են, կարող է ունեցել են մեղք, բայց հիմա այդ անձինք արժանի
են ազատ արձակվելու: Մարդիկ փոխվում են ժամանակի ընթացքում, եւ ես ուզում
եմ, որ մեր մարտական ընկերներն ազատ արձակվեն»,- ասում է Արկադի
Տեր-Թադեւոսյանը: Ավելին, պարզվում է` գեներալ-մայորն իրեն վատ է զգում,
որ այս անձանց ներում շնորհելու խնդրանքով ավելի վաղ չի դիմել: Մանավանդ,
որ այդ գործի շրջանակներում դատապարտված անձանցից ոմանք 1998թ.
իշխանափոխությունից հետո «իրավիճակի փոփոխման» հիմքով ազատ են արձակվել:
Եվ հիմա Արկադի Տեր-Թադեւոսյանը գտնում է, որ անարդարացի է մի մասին ազատ
արձակելն, իսկ մյուսների պատիժն անփոփոխ թողնելը: «Ես դրա մասին չէի
ուզում խոսել, բայց մենակ նրանք չէին այդ մեղադրանքով դատապարտված»,-
Վահան Հովհաննիսյանին է ակնարկում նա: Իհարկե, Արկադի Տեր-Թադեւոսյանը
գտնում է, որ կալանավայրից դուրս գալուց հետո այդ մարդիկ չպետք է զբաղվեն
քաղաքականությամբ, քանի որ հենց այդ քաղաքականությունը նրանց տարավ բանտ:
Փոխարենը, իր նախկին ազատամարտիկ ընկերներին գեներալ-մայորն օգնելու է, որ
աշխատանք գտնեն, տուն պահեն: Թե իրենց դիմումին ինչ կպատասխանեն
նախագահական նստավայրից, Արկադի-Տեր Թադեւոսյանին այնքան էլ չի հուզում:
Բայց վստահեցնում է, որ նրանք նմանատիպ խնդրանքով այնքան են դիմելու,
մինչեւ դրական պատասխան ստանան:
Ա.Գ.