Վերջին օրերին իրավիճակը Ջավախքում դարձյալ սրվել է: Այս անգամ առիթը
Սամցխե-Ջավախեթիի հասարակական-քաղաքական կազմակերպությունների`
«Ինտեգրում, բայց ոչ ձուլում» խորագրի ներքո հրավիրած համաժողովն էր:
Այն հրավիրվել էր «Տեղական ինքնակառավարման մասին» Վրաստանի օրենքի
նախագիծը քննարկելու համար, եւ քննարկումների արդյունքում ընդունել է
Վրաստանի իշխանություններին ուղղված հայտարարություն, որում վերջիններիս
առաջարկվում է Վրաստանը դարձնել դաշնային հանրապետություն եւ հայաբնակ
Ջավախքին ինքնավարություն տալ: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր
Վան Բայբուրդյանի պնդմամբ` Ջավախքի ինքնավարության հարցի մասին դրույթը
հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի ծայրահեղ տրամադրվածությամբ
ուժերի հետ սերտ կապեր ունեցող անձանց նախաձեռնությամբ: Ըստ որոշ լուրերի`
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպություններին զայրացրել է այն, որ
Վրաստանի իշխանությունները փորձել են ջավախահայ քրեական
հեղինակությունների միջոցով հսկողության տակ առնել իրենց: Եվ նրանք
այսկերպ փորձել են պատասխանել Վրաստանի իշխանությունների այդ փորձերին:
«Հզոր Հայրենիք» կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանի համոզմամբ`
Ջավախքում այնքան սթափ եւ ուժեղ ազգային-քաղաքական մթնոլորտ է, որ երբեւէ
որեւէ մեկին չի հաջողվի Ջավախքում քրեականացնել իրավիճակը: Նրա պնդմամբ`
Ջավախքում արդեն քարացած, բորբոսնած պրոբլեմներ կան, որոնք տարիներով չեն
լուծվում, ինչն էլ ջավախահայերի շրջանում օբյեկտիվ դժգոհություն է
առաջացնում: «Տեղական ինքնակառավարման մակարդակը Ջավախքում զրո է: Տեղի
սաքրեբուլոները ոչ մի լիազորություն չունեն եւ ոչ մի խնդիր չեն կարողանում
լուծել: Բոլոր լծակները կենտրոնացված են Թբիլիսիում: Եվ դա իրավացի
դժգոհություններ է առաջացնում»,- ասում է պրն Վարդապետյանը: Վերջինիս
համոզմամբ` իրավիճակը փոփոխվել է, եւ ջավախահայերը փորձում են
ժողովրդավարական պրոցեսներից օգտվել: Նրա կարծիքով արտառոց ոչինչ տեղի չի
ունեցել: Պարզապես եղել է քննարկում` կապված Վրաստանում տեղական
ինքնակառավարման օրենքի նախագծի հետ: Եվ այդ քննարկումների ժամանակ ինչ-որ
մարդկանց կողմից առաջարկվել է նաեւ կառավարման դաշնային մոդելը: «Դա
ընդամենն առաջարկություն է եղել եւ այն չի կարելի համարել ծայրահեղ
անջատողական բնույթի ակցիա: Խնդիրն անջատողականությունը չէ: Խնդիրը տեղում
տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացումն է»,- մեկնաբանում է «Հզոր
Հայրենիքի» առաջնորդը: ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանն էլ է
գտնում, որ իրավիճակն այնքան լարված չէ, ինչքան փորձում են ներկայացնել
լրատվամիջոցները: Ս. Մարգարյանի խոսքերով` թեեւ համաժողովի ընդունած
հայտարարությունում կա «ինքնավարություն» բառը, սակայն դա դասական իմաստով
ինքնավարություն չէ: «Խոսքը տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացման
մասին է, որովհետեւ այսօր տեղական իշխանությունները գրեթե
լիազորություններ չունեն»,- կարծում է նա: Ե՛վ Վ. Վարդապետյանը, եւ՛ Ս.
Մարգարյանը հարկ համարեցին նշել, որ Ջավախքում ինքնավարության հարցով
որեւէ հասարակական կամ քաղաքական պրոցես սկսված չէ. ինքնավարության
պահանջով ցույցեր ու հանրահավաքներ չեն եղել: «Գործընթաց չի եղել, ավելին`
որեւէ գործընթաց սկսելու կոչ չի եղել: Դա եղել է գիտաժողով, որում մոդել է
առաջարկվել»,- բացատրում է վարչապետի խորհրդականը: Կարծիքներ կան, որ
Ջավախքում վերջին լարվածությունները հրահրվում են երրորդ ուժերի կողմից:
Մտավախություն չունե՞ն մեր զրուցակիցները, որ ինչ-ինչ ուժեր պարզապես
փորձում են օգտվել Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված տեղի
բնակչության դժգոհություններից: «Հզոր Հայրենիքի» ղեկավարը բնական է
համարում, որ այս լարված իրավիճակից տարբեր քաղաքական ուժեր փորձելու են
օգտվել, եւ հարկ է համարում շեշտել, որ այս հարցին պետք է շատ լուրջ
վերաբերվեն թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի իշխանությունները, որպեսզի
պրոցեսները չգնան այլ ուղղությամբ, եւ երրորդ ուժերի ջրաղացին ջուր
լցնելու փոխարեն` այնպես արվի, որ այս ամենից իրոք օգտվի տեղի
բնակչությունը: «Ջավախքի բոլոր հարցերը պետք է լուծվեն երկու
պետությունների համագործակցության շրջանակներում` առանց երկակի
ստանդարտներ կիրառելու»,- համոզված է Վ. Վարդապետյանը: Իսկ ահա Ս.
Մարգարյանի խոսքերով` ոչինչ բացառել հնարավոր չէ: ՀՀ վարչապետի
խորհրդականը պարզունակ է համարում այն կարծիքը, որ այս ամենը կարող է
ինչ-որ ուժերի կողմից հրահրված լինել: «Բոլոր դեպքերում արժե ուշադիր
լինել այդ ամենի նկատմամբ, որովհետեւ այնպես չէ, որ եղավ ու անցավ:
Ցանկացած միջոցառում, ցանկացած խոսք, որ ասվում է, ինչ-որ հետք թողնում է,
եւ հենց այնպես ոչ մի խոսք չի ասվում, այսինքն` կամ հիմքեր ունի, կամ
հետագայում հիմքեր է ունենալու, եւ Վրաստանը պետք է ուշադիր լինի,- ասում
է նա ու հավելում,- նույնիսկ եթե դա որեւէ տեղից հրահրված է, հենց այնպես
որեւէ բան որեւէ տարածաշրջանում հնարավոր չէ հրահրել, եթե ինչ-որ հիմք
չկա»: Այս ամենի կապակցությամբ վրացական կողմից պաշտոնական որեւէ արձագանք
դեռ չի եղել: Ինչպես երեւում է` Հայաստանն էլ չի շտապում արձագանքել
Ջավախքի ինքնավարության հարցի բարձրացման փաստին: Այս առիթով
մեկնաբանություններ ստանալու մեր խնդրանքին ի պատասխան` ՀՀ
Արտգործնախարարության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Համլետ
Գասպարյան ընդամենն ասաց, որ երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով
կա երկխոսություն եւ փոխըմբռնում: «Կարիք էլ չկա, որ մենք այդ ամենին
որեւէ կերպ արձագանքենք: Վրաստանում տարբեր իրադարձություններ են
կատարվում, եւ կարիք չկա, որ մենք ամեն անգամ դրանց արձագանքենք»,-
բացատրեց ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Ինչեւէ, այսօր Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին
մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Զուրաբ
Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ վարչապետի խորհրդական Ս.
Մարգարյանի փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում Ջավախքի ինքնավարության
հարցի հետ կապված խնդիրներ ծրագրված չէ քննարկել: «Մենք հույս ունենք, որ
իրավիճակը չի սրվի: Հայաստանն ընդունում է, որ Ջավախքում սոցիալական
լարվածություն կա եւ միշտ պատրաստակամություն է հայտնել անել քայլեր,
որպեսզի այդ սոցիալական լարվածությունը թուլանա»,- ասում է Ս. Մարգարյանը:
Հ. Գ. Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների
ընդունած հայտարարության կապակցությամբ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան
տեսակետը կփորձենք ներկայացնել հաջորդ համարում: