Նախընտրական բեսպրեդելը սկսված է

02/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Իրականում այս ամենը լիովին համապատասխանում է այսօրվա իշխանությունների
գործելաոճին: Ի վերջո, Նոր Հաճընում իրար դեմ են ելել բացառապես
իշխանությունների աջակցությունը վայելող անձինք, ինչն անխուսափելիորեն
հանգեցնում է կամ ծեծկռտուքների, կամ նման արյունալի ռազբորկաների: Ինչպես
հայտնի է, շաբաթ օրը Նոր Հաճընի քաղաքապետ 1966թ. ծնված Արմեն Քեշիշյանը
(մականունը՝ Ուզբո) իրեն ամրակցված «Վինկինգ» մակնիշի 9մմ տրամաչափի
ատրճանակով 7 անգամ կրակել եւ սպանել էր «Արզնի» էլցանցի տնօրեն, 1967թ.
ծնված Աշոտ Մխիթարյանին: Ընդ որում, Արմեն Քեշիշյանին այդ ատրճանակը
ժամանակին նվիրել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես տեղեկացանք
Կոտայքի մարզի դատախազ Գրիշա Միքայելյանից, Աշոտ Մխիթարյանն առանց
համապատասխան թույլտվության, Նոր Հաճընում հասարակական սննդի օբյեկտ է
կառուցել: Քաղաքապետ Արմեն Քեշիշյանն իր մի քանի աշխատակիցների հետ
ցանկացել է ընդհատել այդ շինարարությունը, ինչին, սակայն, Աշոտ Մխիթարյանը
դեմ է եղել: Սեպտեմբերի 24-ին այդ օբյեկտի շուրջ ծագած վիճաբանությունը
տեղափոխվել է Հարությունյան եւ Տոռոզյան փողոցների խաչմերուկ: Եվ այնտեղ
վարչապետի նվիրած ատրճանակով Քեշիշյանը սպանել է Մխիթարյանին: Սակայն ըստ
տարածված կարծիքի, սպանության առավել հավանական պատճառը հոկտեմբերի 9-ին
կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են: Բանն այն է, որ
քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են 2 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ,
սպանություն կատարելու մեջ մեղադրվող, անկուսակցական Արմեն Քեշիշյանն ու
«Ժողովրդավարություն եւ ազատություն» կուսակցության անդամ Բաբկեն
Մարգարյանը, որին եւ պաշտպանում էր Աշոտ Մխիթարյանը: Մխիթարյանի կողմից
Բաբկեն Մարգարյանին սատարելու հանգամանքը կարող էր էական ազդեցություն
ունենալ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա. Աշոտ Մխիթարյանը Նոր Հաճըն
քաղաքում հայտնի էր իբրեւ քաղաքի դե յուրե ղեկավար: Նա ոչ միայն զբաղեցրել
է Էլցանցի «Արզնիի» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, այլեւ Երեւան-Նոր
Հաճըն-Արգել երթուղային գծի տերն էր: Եվ ժամանակին Արմեն Քեշիշյանը գործել
է Աշոտ Մխիթարյանի հրահանգներով: Նշենք նաեւ, որ Քեշիշյանն ու Մխիթարյանը
մանկության ընկերներ են եղել, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, այդ
երկուսի միջեւ բավական լարված փոխհարաբերություններ են եղել: Ինչեւէ,
հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նոր Հաճընի
քաղաքապետ Արմեն Քեշիշյանի նկատմամբ Կոտայքի մարզային դատախազությունը
մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի
6-րդ կետով (սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ
որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Իսկ այդ հոդվածը նախատեսում է
ազատազրկում՝ 6-12 տարի ժամանակով: Սակայն Արմեն Քեշիշյանի կալանքը չի
կարող արգելել նրան մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Եվ քանի դեռ նրա
նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Քեշիշյանը մեկուսարանից
վստահված անձանց միջոցով կարող է շարունակել իր ընտրապայքարը, ինչը եւ
գործող քաղաքապետն անում է:

Ի դեպ, կրակոցների ժամանակ դեպքի վայրում 2 ոստիկան է եղել եւ
զարմանալիորեն նրանք չեն փորձել կանխել հանցագործությունը: Կոտայքի մարզի
դատախազ Գրիշա Միքայելյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ
ոստիկաններն այդ պահին անմիջականորեն վիճաբանողների կողքին չեն եղել:
«Նրանք այդ ժամանակ փորձել են հանդարտեցնել շինարարական օբյեկտի մոտ
գտնվող եւ իրար հետ վիճող անձանց»,- փոխանցեց պարոն Միքայելյանը: Իսկ
Արմեն Քեշիշյանը Աշոտ Մխիթարյանին սպանել է շինարարական օբյեկտից քիչ
հեռու:

Հ.Գ. Սպանված Աշոտ Մխիթարյանը «ՕԵԿ» համամասնական ընտրացուցակով ԱԺ
պատգամավոր դարձած Արշակ Մխիթարյանի քրոջ ամուսինն էր: Բացի այդ, նա սերտ
կապեր է ունեցել ԱԺ պատգամավոր Գ. Ծառուկյանի հետ: Իսկ քաղաքապետ Արմեն
Քեշիշյանն էլ ժամանակին եղել է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի
խորհրդատուն: