Այս անգամ կանխվեց

02/10/2005

Անցյալ շաբաթավերջին Բրատիսլավայում կայացավ Եվրամիությանը կից Եվրոպական
ազատական-ժողովրդավարական եւ Ռեֆորմիստական կուսակցությունների կոնգրեսը,
որին Հայաստանից մասնակցում էին ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն
ու ՀՀ Առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ
Շահնազարյանը: Կոնգրեսն իր մեջ ներառում է եվրոպական ընտանիքի առաջադեմ
ազատական-ժողովրդավարական քաղաքական ուժերին եւ կուսակցություններին: Այն
ունի բացառիկ կարեւորություն, քանի որ Կոնգրեսը ներկայացնող
կուսակցությունների անդամներից շատերը նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորներ
են: Ադրբեջանի լոբբիստական հետեւողական աշխատանքի արդյունքում Folk
Partiet Liberaierna-ն (Շվեդիայի Ազատական կուսակցություն) հանդես եկավ
Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի ընդունման նախաձեռնությամբ: Ադրբեջանի
առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված բանաձեւի նախնական
տարբերակում տեղ էին գտել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
մի քանի անգրագետ ձեւակերպումներ եւ խնդրի բովանդակության հետ առնչություն
չունեցող կետեր: Բանաձեւի նախագիծն արդեն տեղ էր գտել Կոնգրեսի
աշխատանքների լուսաբանմանը նվիրված գրքում, ինչը նշանակում է, որ նախապես
եղել է համոզում, թե բանաձեւը հաստատ հավանության է արժանանալու
համաժողովի մասնակիցների կողմից: Կոնգրեսին մասնակից հայկական
պատվիրակության, մասնավորապես` Դ. Շահնազարյանի ջանքերով հնարավոր եղավ
կանխել հակահայկական ձեւակերպումները: