Թեեւ «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեն» նախապես հայտարարել էր, որ հունիսի 18-ին նախատեսվող նստացույցը տեղի է ունենալու Ազատության հրապարակում, սակայն ցույցից րոպեներ առաջ` նրանք ստիպված եղան հավաքն անցկացնել այլ վայրում` Արամ Խաչատրյանի արձանի հարեւանությամբ:
Բանն այն է, որ հայտարարված ժամից մի քանի ժամ առաջ ամբողջ հրապարակը վերածվել էր քաոսային մի վայրի, որտեղ տարօրինակ միջոցառում էր տեղի ունենում. իրար գլխի էին լցված մանկական տասնյակ խաղային ապարատներ ու հեծանիվներ: Ավելացել էին նաեւ արդեն մոտ մեկ ամիս Օպերայի բակում հանգրվանած հսկայական ատրակցիոնները: Բակում բեմահարթակ էր տեղադրվել, ուր 2 ժամից ավելի երաժշտություն էր հնչում: «Իշխանությունները ժուլիկություն են արել: Բոլոր մանկապարտեզներից տեղեկություններ ենք ստացել, որ պարտադիր բոլորին հավաքում են, որ բերեն իրենց կազմակերպած միջոցառմանը: Մի ամբողջ իրարանցում են կազմակերպել: Հավաքել են մանկապարտեզի աշխատողներին, ծնողներին, երեխաներին, որպեսզի զբաղեցնեն Ազատության հրապարակն ու մեզ թույլ չտան այնտեղ անցկացնել մեր ակցիան: Սա ամենաստոր բանն էր, որ կարող էին հորինել: Նրանք երեխաների միջոցով կենդանի վահան են ստեղծել, որպեսզի պաշտպանեն իրենց ստոր գործողությունները: Բնականաբար, մենք ստիպված էինք տեղում որոշել, որ չենք գնալու եւ խանգարելու երեխաներին: Նրանք հո չգիտե՞ն, որ իրենց օգտագործում են անմաքուր նպատակով»,- մանկական անհասկանալի այս միջոցառման մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նախկին քաղբանտարկյալները, ՀԱԿ անդամներն ու համակիրները 3 շարքով նստեցին Օպերայի աստիճաններին եւ սկսեցին գոռալ` «Ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ցույցի առաջին մի քանի րոպեներին անակնկալի եկած ոստիկանները ոչ մի գործողություն չէին ձեռնարկում: Նրանք «բարիկադ» էին կազմել եւ պատրաստվում էին ցուցարարներին ընդունել Օպերայի մուտքի մոտ, սակայն, անսպասելիորեն վերջիններս հավաքվեցին Օպերայի ետնամասում: Մի քանի րոպե հետո ոստիկանները ցույցը ցրելու հրահանգ ստացան եւ սկսեցին բարձրախոսով պարբերաբար հայտարարել, որ միջոցառումն ապօրինի է, եւ եթե հավաքվածները չցրվեն, ապա իրենք ստիպված կլինեն դիմել օրենքով սահմանված միջոցների: Իհարկե, ցույցի մասնակիցները տեղի չտվեցին եւ որոշեցին ինչ գնով էլ լինի` նստացույցն անցկացնել մինչեւ նախատեսված ժամը՝ 22:00-ն: Հանրահավաքի մասնակիցները ոգեւորվեցին, երբ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իրեն է զանգահարել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Գ. Ջհանգիրյանը բոլորի ներկայությամբ «ամբիոնից» խոսեց նրա հետ` հավաստիացնելով, որ շուտով նա նույնպես իրենց կողքին կլինի: 2 ժամ շարունակ հավաքվածները հայրենասիրական երգեր էին երգում, պարում, բանաստեղծություններ արտասանում:
ՀԱԿ անդամները վստահ են, որ իրենց ընտրած պայքարի ձեւն արդյունավետ է լինելու: «Հայաստանում ժողովրդավարություն հաստատելն այլընտրանք չունի: Վստահ եմ, որ քաղաքական պայքարի ամենաճիշտ ձեւն է: Բոլորն են տեսնում, որ իշխանությունն անցել է ամեն չափ ու սահման եւ ամեն օր, ամեն ժամ հայտնվում է հակաօրինական դաշտում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ում համոզմամբ` ներկա պահին իրենց թիվ մեկ խնդիրը քաղբանտարկյալների ազատությունն է: «Դատապարտված է այն հասարակությունը, որը չի պայքարում քաղբանտակյալների համար: Իսկ մենք միշտ պայքարելու ենք: Ողորմելի է եւ ոչ մի ապագա չունի այն իշխանությունը, որը քաղբանտարկյալներ է պահում: Հեռու չէ այն օրը, երբ իշխանությունը իր տեղը կփոխի բանտում գտնվողներին փոխարինելով: Մեր պայքարը կարող է ավարտվել միայն երկու ձեւով. հաղթանակ, կամ հաղթանակ; Այլ ճանապարհ չկա»,- ասաց նա: Իսկ հարցին, թե երբ են իրենց նպատակները իրականություն դառնալու, Դ. Շահնազարյանը պատասխանեց. «Ճիշտ օրը, ճիշտ ժամին, ճիշտ տեղում»: ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ այն կարծիքին է, որ այս իշխանության վախճանը հեռու չէ. «Որեւէ ավազակապետություն չի կարող երկար գոյատեւել: Սա եւս ունենալու է իր վերջը: Իսկ ամեն լավ բան ունի իր սկիզբը, ու մենք շուտով կտեսնենք այդ լավ բանի սկիզբը: Դա սահմանադրական կարգի վերականգնումն է ու Հայաստանը ազատ ու անկախ երկիր վերահռչակելը: Վստահ եմ, որ անգամ այս իշխանությունների օրոք մենք բոլոր այն մեթոդներով, որոնք չեն ենթադրում տեռորիստական գործունեություն, պայքարելու եւ հասնելու ենք մեր նպատակին: Արտահերթ ընտրությունը այդ միջոցներից մեկն է, եթե անհրաժեշտ լինի՝ այն տեղի կունենա, եթե ոչ` առանց դրա էլ մեր նպատակը իրականություն կդառնա»:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես համոզված է, որ իշխող վարչակազմի վախճանը հեռու չէ: «Մենք՝ նախկին քաղբանտարկյալներս, ուզում ենք հիշեցնել մեր իշխանություններին, որ մենք չենք հանդուրժելու մեր ընկերների ապօրինի ազատազրկումը, նրանց ազատ արձակումը չի կարող լինել որեւէ առեւտրի առարկա: Մեր պայքարը կդադարեցնենք միայն այն ժամանակ, երբ այս հողի վրա կհաստատենք արդարություն եւ օրենքի իշխանություն: Ես՝ որպես հարկադիր պարապուրդի մեջ գտնվող դատախազ, ուզում եմ ասել, որ այս իշխանություններից զզվել ու հոգնել է նաեւ այստեղ ներկա Ոստիկանությունը, այսօրվա դատախազներն ու դատավորները: Նրանք իրենց մտերիմ շրջանակներում այնպիսի բաներ են ասում այս իշխանությունների հասցեին ու այնպիսի անեծքներ են տեղում այս վարչախմբի գլխին, որ մեր մտքով իսկի չի անցնում»,- ասաց Գ. Ջհանգիրյանը, որը 2008թ. առաջ տարիներ շարունակ խոնարհաբար ծառայել է այն իշխանություններին, որոնց պատճառով, իր իսկ խոսքերով` այս հողի վրա անարդարություններ են տիրում: Նույն այդ խոսքերով` նույնիսկ ավելի կոշտ խոսքերով, շատ-շատերն արտահայտվում էին ՀՀ Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործունեության մասին:
Ինչեւէ, չնայած ոստիկանները 10 րոպեն մեկ ցուցարարներին հրահանգում էին ցրվել, սակայն, ի տարբերություն նախորդ հավաքների, երեկ նրանք որեւէ կերպ չխոչընդոտեցին հանրահավաքին: Նստացույցի մի քանի հարյուր մասնակիցները Օպերայի ետնամասից, այսինքն` Ֆրանսիայի հրապարակից հեռացան ուղիղ ժամը 22:00-ին: