Հայկական կինոն պատրաստ է առանձին մրցույթի

19/06/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն արդեն հրապարակել է մրցութային ֆիլմերի ու ժյուրիների ցանկը: Հուլիսի 11-18-ը անցկացվող փառատոնը 3 ավանդական մրցութային ծրագրեր է ունենալու: Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում տեղ են գտել թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի ամբողջովին Կարսում նկարահանված ու, ըստ կինոգետ Միքայել Ստամբոլցյանի` շատ հետաքրքիր մթնոլորտ, տրամադրություն ու տրամաբանություն ունեցող «Կոսմոս» ֆիլմը, ուկրաինացի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը, որը ներկայացված էր Կաննի փառատոնի մրցութային ծրագրում, «Կինը` առանց դաշնամուրի» իսպանական ընտանեկան դրաման, եւ այլն: Կան նաեւ 2 հայկական ֆիլմեր` Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելունը», որոնք ընդգրկված են նաեւ «Հայկական համայնապատկերում»:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում տեղ գտած ֆիլմերի ժանրերն ու տեւողությունը տարբեր կլինեն, իսկ ընդհանուրը կլինի հեղինակների ազգությունը: Մրցույթում ներկայացվում են լիբանանահայ ռեժիսոր Վաչե Բուլղուրջյանի «Հինգերորդ զորասյունը» կարճամետրաժ ֆիլմը, որը Կաննում հատուկ մրցանակի է արժանացել, վենեսուելացի Հայկ Ղազարյանի «Վենեսիա», լիտվացի Մարատ Սարգսյանի «Լեռնավան», ամերիկացի Քառնի Բաղդիկյանի «Հեղինակներ» ֆիլմերը: Իրենց աշխատանքներով կներկայանան հայաստանցիներ Նիկոլայ Դավթյանը, Արման Մանարյանը, Արմեն Խաչատրյանը, Գրիգոր Հարությունյանը, Գուրգեն Ջանիբեկյանը: Մրցույթի ժյուրիի նախագահը կլինի Արմեն Մեդվեդեւը:

Հիմք ընդունելով այն փաստը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին ակտիվացել է ազգային ֆիլմարտադրությունը (բնականաբար, շատացել են նաեւ ազգային ֆիլմերը), հարկ է հիշել դեռ 1990-ականներին սկիզբ առած (եւ հետո անհասկանալի պատճառներով «սառած») ազգային կինոմրցանակ հիմնելու գաղափարը: 20 տարի առաջ նման նախաձեռնությամբ հանդես եկավ Կինոմիությունը (Սերգեյ Իսրայելյանի օրոք), պատրաստվեցին նույնիսկ «Անահիտ» կինոմրցանակը խորհրդանշող արձանիկները: «Անահիտը» պետք է դառնար պրոֆեսիոնալ մրցանակ` տարբերվելով այսօր մեր ունեցած պետական մրցանակի ֆորմատից, սակայն նախաձեռնողները չկարողացան համաձայնության գալ` ֆիլմերի ընտրության, գնահատման ու «Անահիտի» կանոնակարգի հարցերի շուրջ: Ազգային կինոմրցանակը կարող էր մեկ ընդհանուր դաշտում հավաքել բոլոր հայրենական ֆիլմերն ու գնահատման հարթակ դառնալ` միավորելով Կինոկենտրոնի, Կինեմատոգրաֆիստների միության, «Ոսկե ծիրանի» ու Մշակույթի նախարարության ուժերը: Ազգային կինոստուգատեսը (որն անցկացվելով, ասենք, 2 տարին մեկ) միայն կառողջացներ կինոյի շուրջ ստեղծված մթնոլորտը, քանի որ բոլոր ֆիլմերը մեկ դաշտում կհավաքեր` առանց խտրական ընտրության: Իսկ հիմա ստացվում է, որ «Ոսկե ծիրանը» միակ կինոփառատոնն է, որին մասնակցելը շատ ռեժիսորներ համարում են բնական` մոռանալով, որ ցանկացած փառատոն սուբյեկտիվ է: Սուբյեկտիվ է նաեւ «Ոսկե ծիրանը»:

Արդյոք ժամանակը չէ՞ օբյեկտիվ ազգային կինոստուգատես հիմնել: «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը վստահ է, որ իրոք այդ պահը հասունացել է. «Այդ մրցույթը կարող է լինել մեր փառատոնից առաջ կամ էլ ընդհանրապես դիտարկվել որպես առանձին մի փառատոն: Սակայն, ամեն դեպքում, այն անհրաժեշտ է»: «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշում է, որ 7-րդ «Ոսկե ծիրանի» ծրագրերը կազմելիս, իրենք մրցույթների ֆորմատի փոփոխման պահանջ են զգացել: «Հայկական համայնապատկեր» մրցույթը ստեղծվել է հայ ռեժիսորներին քաջալերելու, կինոարտադրությունը խթանելու նպատակով, իսկ հիմա, կարծում եմ, ազգային կինոստուգատեսի գաղափարը շատ ակտուալ է դարձել: Եթե նման պրոֆեսիոնալ ստուգատես անցկացվի, մենք հնարավորություն կունենանք միջազգային մրցույթում ընդգրկել այն հայկական ֆիլմերը, որոնք ազգային ստուգատեսի մրցանակակիր են դարձել: Ինչը նաեւ մեզ կազատեր ոչ կառուցողական քննադատությունից եւ մեղադրանքներից»,- ասում է նա: Ըստ Մ.Ստամբոլցյանի` ազգային կինոփառատոն ստեղծելու գաղափար ունի «Հ1»-ի խորհրդի նախագահ Արմեն Ամիրյանը: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք խելք խելքի կտանք ու ազգային կինոյի ամբողջական պատկերը ներկայացնելու ձեւաչափ կգտնենք: Վերջիվերջո, երբ ազգային կինոմրցանակաբաշխություն լինի, «Ոսկե ծիրանի» գործն էլ կհեշտանա»,- ասում է նա` ընդգծելով, որ ազգային կինոմրցանակաբաշխություն չունեցող երկրները ստիպված են որոշ զիջումների գնալ`ազգային ֆիլմերի ընտրություն անելիս: «Մենք աշխատում ենք խիստ լինել, սակայն միշտ չէ, որ դա մեզ հաջողվում է: Հաճախ ստիպված ենք լինում անտեսել ֆիլմերի որակը` ցանկանալով, ամեն դեպքում, որքան կարելի է շատ հայկական ֆիլմեր ներկայացնել ու շրջանառության մեջ դնել: Այս տարի, օրինակ, մենք ջանքեր ենք թափել` մեր ռեժիսորներին համոզելու, որ իրենց ֆիլմերը մրցույթում ներկայացված լինեն: Եվ չգիտես` ինչո՞ւ, շատերին թվում է, որ եթե իրենց ֆիլմերը մրցույթում են, ուրեմն պետք է մրցանակ ստանան` մոռանալով, որ մրցանակը ոչ թե «Ոսկե ծիրանն» է տալիս, այլ` ժյուրին»,- նկատում է Մ. Ստամբոլցյանը:

Այս տարի խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի իսլանդացի ռեժիսոր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, ժյուրիի կազմում կլինեն ամերիկացի ռեժիսոր, թվանշանային կինոստեղծման հիմնադիր Ռոբ Նիլսոնը, թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն, որի «Մեղր» ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի, բրազիլահայ կինոքննադատ, Սան Պաոլոյի կինոփառատոնի հիմնադիր Լեոն Կակոֆը (Շատարեւյան), ռուս կինոքննադատ Սերգեյ Լավրենտեւը:

Իսկ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի ցանկը համալրված կլինի հնչեղ անուններով: Երեւան կայցելեն հայտնի հույն կինոռեժիսոր Թեո Անգելուպոլոսը, ռուս կինոռեժիսորներ Ստանիսլավ Գովորուխինը («Ուղեւորուհի» նոր ֆիլմով), Սերգեյ Սոլովյովը («Համադասարանցիներ» դրամայով), ինչպես նաեւ՝ ֆրանսուհի կինոռեժիսոր ու գրող Կլեր Դենին, ով նաեւ ժամանակակից կինոյի ամենալուրջ վերլուծաբաններից է եւ համարվում է «զրոյականների» (այսինքն` 2000 թվականից հետո ստեղծված ֆիլմերի) մասնագետ: Գլոբալացման դարը, ըստ Աֆրիկայում մեծացած Կլեր Դենիի` լիովին փոխեց մարդուն: «Ագային արմատներից կառչելն ու ազգային ինքնությունը փայփայելն ընդամենը դետալներ են, որոնք այլեւս չեն օգնում համատարած հուսահատությունը հաղթահարել: Լավագույնը, ինչ կարելի է անել երիտասարդների համար` հույս տալն է, որ այս աշխարհում նրանց համար էլ տեղ կգտնվի»,- ասել է նա: Տեղի որոնման թեման թերեւս այս տարվա «Ոսկե ծիրանի» ստորգետնյա թեման կդառնա, քանի որ Երեւան կգա նաեւ թուրքական արմատներ ունեցող գերմանացի երիտասարդ կինոռեժիսոր Ֆադիհ Ակինը, ով եվրոպական կինոյի այսօրվա խորհրդանիշերից մեկն է: Նրա «Դրախտի եզրին» եւ «Հոգեւոր խոհանոց» ֆիլմերը մեծ հաջողություն ունեն աշխարհում: Ընդ որում` նրա կինոհայացքը, որը հիմնված է ազգային ինքնության գիտակցման ու ազգային մշակույթով «սնվելու» վրա, միայն օգնել է սեփական տեղը գտնել համաշխարհային կինոյում: Ակինը ոչ միայն Հայաստանի հյուրը կլինի, այլեւ` հայ կինոգործիչներին գործնական առաջարկ կանի: