«Ինչպես ինձ տեղեկացրեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավարները, հնարավոր է` հայոց լեզվի եւ գրականության քննության գնահատականների որոշ թեստային առաջադրանքների վերանայում, ինչը կարող է բերել գնահատականի որոշակի բարձրացման»,- երեկ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` թեեւ լուրեր են շրջանառվում, թե բարձրացումը կկազմի 3 բալ, սակայն իրականում, կախված մասնագիտական վերլուծությունների վերջնական արդյունքից, բարձրացումը, հնարավոր է` կազմի 0,75-1 միավոր: Իսկ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ երեկ հայտարարել է, որ գնահատականների բարձրացման վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 23-ից հետո` միասնական քննությունների ավարտից հետո: Ըստ նրա` «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության գնահատականների բարձրացումը վերաբերում է թեստերում ընդգրկված 3-4 առաջադրանքներին. «Իմ պատկերացմամբ` դա կլինի չորս առաջադրանքներից ոչ ավելի: Ավելորդ հույսեր թող չունենան»,- ասել է Մանուկ Մկրտչյանը: