«Ոչ մի տարբերություն չեմ տեսնում ներկա եւ նախկին իշխանությունների
միջեւ, պարզապես սրանք ավելի անգրագետ են, քան նախկինները, սրանց
անգրագիտությունը սահմաններ չի ճանաչում»,- երեկ ուսանողների հետ
հանդիպման ժամանակ ասել է սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը:
Ուսանողների կողմից տրվող սակավաթիվ «անդուր» հարցերին երգիչը
դժկամությամբ եւ ընդգծված հեգնանքով պատասխանեց, միաժամանակ հաճախակի
շեշտելով՝ «Ես ձեզ շատ սիրում ու հարգում եմ եւ մեծ պատասխանատվություն
ունեմ ձեր տարիքի հանդեպ»:
Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսխորհուրդը հանդիպում էր կազմակերպել
Ռուբեն Հախվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում երգիչը, չնայած ուսանողների
խնդրանքներին, ոչ մի երգ չկատարեց: «Ես, անկեղծ ասած, հիմա «զապոյի» մեջ
եմ, վաղը չէ մյուս օրը նոր դուրս եմ գալու,- ասաց,- ու էսօր շատ փիս
ուզում էի քնել, բայց կինս չթողեց, ասաց՝ դու պատասխանատու հանդիպում
ունես: Քանի որ ձեր տարիքի հետ գործ ունեմ, պատասխանատվությունս ձեր
տարիքի հանդեպ շատ մեծ է»: Եվ պատասխանեց նրանց բոլոր հարցերին:
Բանասիրականի ուսանողների հարցերը հիմնականում խիստ «բանասիրական» էին,
մոտավորապես՝ «Ձեր երգերը իրական հիմք ունե՞ն», կամ՝ «Ի՞նչ խոցելի
երեւույթներ կան մեր երգարվեստում», «Ձեր ո՞ր երգերն եք ամենաշատը
սիրում», «Հոգեհարազատ երգ ունե՞ք», եւ այլն: Իսկ ոչ «բանասիրական»
հարցերը հիմնականում դուր չէին գալիս երգչին: Մասնավորապես բավական «ջուր
վերցրեց» ուսանողներից մեկի այն հարցը, թե ինչո՞ւ վերջերս լույս տեսած՝
մանուկներին ուղղված երգարանը այդչափ թանկ է վաճառվում, չէ՞ որ ոչ բոլոր
ծնողներն ունեն հնարավորություն` այն գնել եւ նվիրել իրենց երեխաներին:
«Չե՞ք ուզում, որ ձեր երգերը հասու լինեն բոլորին»,- հարցնում էր
ուսանողը: Ինչպես հայտնի է, այս թեմայի շուրջ փոխադարձ վիրավորանքներով
հեռուստատեսային բախում տեղի ունեցավ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ
Վարդանյանի եւ Ռուբեն Հախվերդյանի միջեւ: Ի պատասխան ուսանողի հարցին,
Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Միայն 3000 գիրք ես նվիրել եմ որբանոցներին եւ
1000 օրինակ էլ Ռուսաստանի հայերի միությանը… Իսկ էն տխմարը, որ
հեռուստատեսությամբ խոսեց իմ մասին ու ասաց, թե ես իրանից փող եմ ուզել
այդ գրքի համար, դա այդպես չի եղել. մեր միջեւ ընդամենը գործնական
խոսակցություն է եղել: Ես ասել եմ՝ կարող ես քո լոգոն դնել գրքի վրա,
փոխարենը ես պետք է ստանամ 20.000 դոլար. դա գործնական խոսակցություն է,
ես իրենից փող չեմ ուզել: Իսկ իմ այդ աշխատանքը ես գրախանութներին եթե
հանձնում եմ, ենթադրենք, 20 դոլարով, ուզում եմ ասել, որ սա թանկ գործ է,
շատ տարբեր մնացածների արածից, որովհետեւ մինչեւ այժմ ապրանքի
տարբերությունը փողով է որոշվում: Նաեւ ուզեցել եմ ասել՝ «ոչ միայն
պոնչիկով ու հացիվ», այլ՝ ուրիշ բաներ էլ կան: Ես այդ գրքից 10000 հատ եմ
արտադրել, 3000-ը բաժանել եմ ամենաչքավորներին, իսկ մնացած 7000-ը
տպագրական ծախսերի կեսն էլ չի փակում. կարամ հաշիվը ներկայացնեմ՝ տեսնեք»:
Նախկինում նման հանդիպումների ժամանակ եթե երգիչը մեծ ոգեւորությամբ էր
հայհոյում իշխանություններին, այս անգամ զուսպ էր, միայն «իրար գզռտող ու
շուրթերով պաչպչվող» օլիգարխների հանդեպ էր հաճախակի զզվանքի նոպաներ
ունենում: Իշխանություններին, այնուամենայնիվ, ստիպված էր անդրադառնալ,
որովհետեւ հարց եղավ. «Դուք հայհոյում էիք նախկին իշխանություններին,
որոնք ձեր կյանքը փրկեցին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հիմիկվանների
հանդեպ: Ի՞նչ տարբերություն կա ներկաների եւ նախկինների միջեւ»: «Ոչ մի
տարբերություն չեմ տեսնում ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ,-
պատասխանեց Ռուբեն Հախվերդյանը,- պարզապես սրանք ավելի անգրագետ են, քան
նախկինները, սրանց անգրագիտությունը սահմաններ չի ճանաչում: Իսկ իմ կյանքը
ոչ ոք չի փրկել, էն ժամանակ պայմանագիր կար Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ,
որ եթե հայտնի մի արվեստագետ վատ վիճակի մեջ էր լինում, Ֆրանսիայում ձրի
բուժվելու հնարավորություն ուներ: Այդ ժամանակ 2000 դոլար էր հավաքվել (էդ
թուղթը կնքված իմ մոտ էլ կա, իրանց առաջին պրեզիդենտի մոտ էլ), սակայն ես
էդ 2000-ը ուղարկեցի Ղարաբաղ, բացի այդ` 15.000 դոլար էլ՝ իմ
ունեցածուչունեցած խնայողությունները, համերգներից հավաքված փողերը,
գնացել է Անդրանիկ Մարգարյանի կուսակցությանը… Թե նախկին, թե ներկա
իշխանությունների տգիտությունը մեզ գցել ա էն օրը, որ դուք սկսել եք ինձ
նման հարցեր տալ… Էս իշխանություններն էլ ինձ բնակարան տվեցին, դա հո
չի՞ նշանակում, թե ես շատ սիրում եմ նրանց: Տեղն եկած ժամանակ ես էս
պրեզիդենտին թերթերով էլ եմ ասել, որ դու քեզ միասեռականներով ես
շրջապատել: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ ուրիշ էր՝ նրանք
աղջիկներ լլկելով էին զբաղված, բոլորը չէ, իհարկե, որոշները… իսկ էս
հարցիկները որ դուք ինձ տալիս եք… ես ձեզ ուրիշ բան կասեմ… եթե մարդը
որեւէ տեղ մի հատ մունդառ բան ա անում, նա էլ չի կարա երգ գրի»:
Դեռ հանդիպման սկզբում, եւս մի քանի անգամ էլ տարբեր հարցերի պատասխանելիս
Ռուբեն Հախվերդյանը մի քանի անգամ հիշատակեց, որ արդեն 6 տարի է ինքը նոր
երգ չի գրել: