Այն, որ հայրենի հեռուստաալիքներով հեռարձակվող գովազդը՝ թե իր անիմաստ սյուժեով, թե քանակով ու տեւողությամբ, հասցրել է ձանձրացնել, վաղուց են բոլորը համոզվել։
Իսկ ի՞նչ են անում հայ հեռուստադիտողները, երբ ֆիլմի կամ հաղորդման ամենահետաքրքիր պահին ներխուժում է գովազդը։ Իհարկե, մտքում կամ բարձրաձայն հայհոյում են Գորբաչովին, որ քանդեց այն երկիրը, որտեղ գովազդ չկար։ Իսկ ոմանք էլ, անկախ իրենցից, սկսում են մտովի հաշվել, թե հեռուստաընկերությունները որքան փող են աշխատում գովազդից։ Անձամբ ես գիտեմ նման շատ դեպքեր։
Հ1-ով հեռարձակվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, անկեղծ ասած, մեզ նույնպես դրդեց զբաղվել հաշվարկով։ Որովհետեւ, եթե մեր մեկնաբաններին թվում է, թե հեռուստադիտողների վրա ազդում են միայն վուվուզելների ձայները, ապա ստիպված ենք նրանց տեղեկացնել, որ պակաս նյարդայնացնող չեն ռեպորտաժը փչացնող գովազդները։ Ոչ ֆուտբոլիստների խաղադաշտ դուրս գալն ենք նորմալ տեսնում, ոչ հիմնը, ոչ խաղի ավարտից հետո խաղադաշտում տիրող էմոցիաների արտահայտությունը։ Իսկ այդ ամենը մտնում է ռեպորտաժի մեջ։
Ճիշտ է, ասում են՝ ուրիշի փողերը հաշվել չի կարելի։ Բայց չէ՞ որ Հ1-ը «ուրիշ» չէ. «հանրային» հենց նշանակում է՝ մերն է, ֆինանսավորվում է մեր փողերով, կոչված է բավարարելու մեր պահանջմունքները։ Հանրապետական ծածկույթ ունեցող եւ արբանյակով ողջ աշխարհում Հ1-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերություններից մեկն է համարվում։ Եթե իրենց հավատանք՝ ամենաբարձր վարկանիշ ունեցողը։ Նշանակում է՝ գովազդի գները այստեղ միջինից շատ բարձր են։ Սակայն մինչեւ հաշվարկն սկսելը նախ սահմանենք որոշակի չափանիշներ։ Նշենք նաեւ, որ ոչ թե կուռճացնենք ընկերության եկամուտը, այլ կհաշվենք ամենանվազագույն չափանիշներով։ Այսպես.
1. Հայաստանում առաջին եռյակի մեջ մտնող հեռուստաընկերություններում գովազդի 1 րոպեի գինը տատանվում է 150 հազար դրամի սահմաններում։ Պարզ է, որ առավոտյան ժամերին այն ավելի էժան է, իսկ երեկոյան, այսպես կոչված «պրայմ թայմում»՝ ավելի թանկ։ Համաձա՞յն եք, որ որպես իրեն հարգող եւ իր արժեքն իմացող ալիք, Հ1-ը մեկ րոպեի համար միջինում 70-80 հազար դրամից պակաս գին չի սահմանի։ Համաձայն չե՞ք՝ լավ, 60 հազար։ Ծանոթ-բարեկամ խառնելուց հետո՝ «պայթի-տրաքի»՝ 50 հազար։ Ֆիքսենք այս թիվը, թեեւ նման գին չէին սահմանում անգամ ամենացածր վարկանիշ ունեցող ալիքները՝ մանավանդ, եթե նրանց եթերում հեռարձակվեր Աշխարհի առաջնությունը։
2. Համաձա՞յն եք, որ եթերի 25%-ը գովազդ է։ Այսինքն՝ մեկ ժամվա մեջ հեռուստադիտողը միջինում 15 րոպե գովազդ է վայելում։ Ո՞չ, շա՞տ ասացինք։ Լավ, 10 րոպեն նորմա՞լ է։ Կարծում ենք՝ այո, եւ համոզված ենք՝ մեզ հետ համաձայն են մանավանդ երեկոյան «Հանուն սիրո» սերիալը նայող տանտիկինները։ Մի խոսքով, ֆիքսենք` մեկ ժամվա մեջ միջինը 10 րոպե գովազդ։
3. Այս վերջին կետը կարելի է համարել նախորդ կետի մեղմացում։ Այսինքն՝ մենք ենթադրում ենք, որ գովազդ Հ1-ի եթերում ցուցադրվում է միայն առավոտյան ժամը 10-ից մինչեւ 24։00-ն։ Այսինքն՝ 14 ժամ։ Փաստորեն արհեստականորեն փոքրացնում ենք ցուցադրվող գովազդի ծավալները։
Հիմա եկեք միասին հաշվենք, թե նվազագույն հաշվարկներով՝ որքան փող է աշխատում Հանրային հեռուստաընկերությունը գովազդից մեկ տարվա ընթացքում։ Ժամում՝ 10 րոպե, օրվա մեջ՝ 14 ժամ, տարվա մեջ՝ 365 օր։ Ստացվեց՝ տարին 51.100 րոպե։ Սա էլ բազմապատկենք 50 հազարով։ Ստացվեց 2.5 միլիարդ դրամից (կամ 7.15 միլիոն դոլարից) ավելի գումար։ Բավականին տպավորիչ թիվ է, այնպես չէ՞։ Հիմա երեւի հեռուստատեսային դաշտի որոշ «սուպերպրոֆեսիոնալներ» մեզ կմեղադրեն կոպիտ եւ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկների մեջ։ Իհարկե, մենք կարող էինք պատասխանել՝ ձե՞զ ինչ, «մենք մերոնցով» նստել ու փորձում ենք գոնե մոտավոր պատկերացում կազմել, թե որքա՞ն է աշխատում «մեր» Հ1-ը՝ մեր նյարդերի հաշվին։ Բայց ավելի լավ պատասխան կտանք, այսպես ասած՝ պատասխան ի գիտություն։ Բանն այն է, որ մեր այս կոպիտ հաշվարկի մեթոդը նախադեպ ունի. ճիշտ այդ մեթոդոլոգիայով հայրենի հարկային մարմինը հաշվեց «Գալա» հեռուստաընկերության եկամուտները։ Ընդ որում, ի տարբերություն մեզ, հարկայինը ոչ մի մեղմացում չարեց՝ հիմք վերցնելով պաշտոնական «պրայս լիստի» գները։
Ինչեւէ, անցնենք առաջ։ Իհարկե, մենք գիտենք, որ «չոր» րոպեների գովազդային արժեքները գումարելով չի կարելի ճիշտ պատկերացում կազմել Հ1-ի գովազդի ծավալների մասին։ Բանն այն է, որ խոշոր գովազդատուների դեպքում «պրայս լիստի» գները սակարկվում են, հաշվարկը կատարվում է ոչ թե րոպեներով, այլ տարվա փաթեթով։ Բացի այդ՝ բավականին տարածված է բարտերային եղանակը. ապրանք՝ գովազդի դիմաց։ Եվ վերջապես՝ կանխիկով արվող գովազդային գործարքների գումարը սովորաբար զգալիորեն ցածր է բանկային փոխանցումով կատարվող (այսինքն՝ երեւացող) գործարքներից։
Լավ, մի քիչ էլ ընդառաջ գնանք։ Հաշվի առնելով բոլոր այդ կողմնակի գործոնները՝ բարտերը, զեղչերը եւ այլն, համարենք, որ գումարային տեսքով պաշտոնապես Հ1 է մտնում ոչ թե 2.5 միլիարդ դրամ, այլ ավելի քիչ՝ 1.5 միլիարդ։ Ֆիքսենք այդ թիվը, չնայած դա մյուս կողմից ենթադրում է, որ պետությունից ահագին եկամուտներ են թաքցվում։
Եկամուտները, փաստորեն, հաշվեցինք։ Բայց այսքանից հետո կանգ առնելը թերեւս սխալ կլինի, քանի որ այս տվյալներն իմանալով՝ ավելի հետաքրքիր բաներ են ի հայտ գալիս։ Այսպես, եթե ամենա ամենանվազագույն հաշվարկներով հանրայինը տարեկան ստանում է 1.5 միլիարդ դրամ գովազդային եկամուտ (առանց հարկերի), ապա դրա դիմաց պետք է տարեկան ավելացված արժեքի հարկ մուծվի շուրջ 260 միլիոն դրամ։ Ուշադրություն դարձրեք՝ խոսում ենք միայն ԱԱՀ-ի մասին, որը մտնում է անուղղակի հարկերի մեջ։ Փաստորեն՝ առաջին եռամսյակում Հանրայինի կողմից վճարված ԱԱՀ-ն պետք է կազմեր 65 միլիոն դրամից ոչ պակաս։
Բացում ենք Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկը՝ 2010թ. հունվար-մարտ ժամանակահատվածի համար՝ ակնկալելով 321-րդ տեղում հանգրվանած Հանրայինի վճարած անուղղակի հարկերի տողում հայտնաբերել 65 միլիոնին մոտ ինչ-որ թիվ։ Սակայն պարզվում է, որ նշված ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջե է վճարել ընդամենը… 394.200 դրամի անուղղակի հարկ։ Աբսուրդ է թվում։
Պատկերը պարզվում է, երբ հարկատուների ցանկում Հանրայինից ուղիղ 200 հորիզոնականով բարձր՝ 121-րդ տեղում տեսնում ենք «Կայմ» հեռուստաընկերության ցուցանիշները։ «Կայմը» անուղղակի հարկերի տեսքով այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է մուծել շուրջ 66 միլիարդ դրամ։ Բանն այն է, որ այս ընկերությունը 70-80 տարով, այսպես ասած, գնել է Հանրայինի գովազդային ժամանակը եւ ինքն է վաճառում գովազդատուներին։ Այսինքն՝ Հ1-ով ցուցադրվող գովազդի մասին պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել նաեւ «Կայմի» գործոնը։ Այս դեպքում ստացվում է, որ լա՜վ էլ ճշգրիտ հաշվարկ էինք արել։ Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս թվերի դեպքում գրեթե հաստատ կարելի է ասել, որ գումարների մի զգալի մասը պարզապես շրջանցում են հաշվապահությունը եւ մտնում ոմանց գրպանները։
Սակայն սա էլ դեռ ամենը չէ։
ԱԱՀ-ի մասով՝ այդքան էլ էական չէ՝ այդ հարկը պետբյուջե փոխանցում է Հանրայի՞նը, թե՞ «Կայմը»։ Շատ ավելի հետաքրքիր է, երբ դիտարկում ենք ուղղակի հարկերը՝ շահութահարկը եւ եկամտահարկը։
Հանրայինը այս տարվա հունվար-մարտին պետբյուջե է վճարել 50 միլիոն դրամ, իսկ «Կայմը»՝ 80 միլիոն։ Միամտություն կլինի կարծել, որ «Կայմը» Հանրայինի աշխատողների գոնե 10 տոկոսի չափ հաստիքներ ունի։ Հետեւաբար՝ ուղղակի հարկերի այս ծավալի մեծ մասը շահութահարկն է։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ «Կայմը» Հ1-ի գովազդային ժամանակը վերավաճառելով՝ ավելի մեծ շահույթ է ստանում, քան ինքը՝ Հ1-ը։ Թե ինչու է Հանրայինը ինքնակամ զիջել իր շահույթը մասնավոր հեռուստաընկերությանը, դժվար չէ ենթադրել։ Իսկ եթե դավադրությունների տեսության կողմնակից չեք, անվերապահորեն համարում եք, որ Հ1-ում ծայրահեղ ազնիվ են աշխատում եւ ոչ մի կապ չունեն «Կայմի» հետ, ուրեմն մնում է մյուս պնդումը՝ Հ1-ում աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ։ Ում որ տարբերակը ձեռնտու է, թող այն էլ ընտրի։ Իսկ երրորդ տարբերակ չկա, պաշտոնական ու «նկարած» թվերը այն իսպառ բացառում են։