Մեր թերթի վերջին համարում լույս տեսած «Օրինաց Երկիրը» ապաստան է տվել կեղծարարների» նյութի առնչությամբ պատասխան-հերքում էր ուղարկել «ՕԵԿ»-ի լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը, ով պատմեց, թե ինչպես էր իր ընտանիքը դարձել տուրիստական ընկերության «զոհ»:
Վերջինիս ընտանիքը Քոբուլեթի գնալու համար ուղեգրեր էր ձեռք բերել մի տուրիստական ընկերությունից, որը, Ա. Գեւորգյանի հավաստմամբ, գործում էր Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի 4-րդ հարկում, որի տարածքը պատկանում է «Օրինաց Երկիր» կուսակցությանը: Խմբագրություն զանգահարած Ա. Գեւորգյանը տարակուսանք էր հայտնել կուսակցության` կեղծարարներին ապաստան տալու մասին: Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ ընկերությունից տուժել են մոտ 100 հոգի, ովքեր ուղեգրեր էին ձեռք բերել ոչ միայն Քոբուլեթի, այլեւ Անթալիա գնալու համար: «Հոդվածում տեղ են գտել կեղծ եւ անհիմն տեղեկություններ, որոնք բացառապես չեն համապատասխանում իրականությանը: «Օրինաց Երկիր» կուսակցությունը երբեւէ վարձակալական հիմունքներով տարածքներ չի տրամադրել որեւէ գործակալության, ուր մնաց թե իր հարկի տակ հովանավորի «կեղծարարների» գործունեությունը»,- նշվում է հերքում-դիմումի մեջ: «Դատավարության ընթացքում շատ հետաքրքիր կլինի այս հարցը բարձրացնել, թե տուրիստական այդ ընկերությունը որտե՞ղ է գործել: Մենք դարձյալ պնդում ենք, որ այդ ընկերությունը գործել է «Օրինաց Երկիր» կուսակցության տարածքում: Եվ, բնականաբար, ՕԵԿ-ն ուզում է իր ձեռքերը լվանալ: Նախորդ հրապարակման մեջ ես շփոթել էի հարկը: Ընկերությունը գտնվել է Մամուլի շենքի ոչ թե 3-րդ, այլ 4-րդ հարկում, որտեղ գտնվում է «Օրինաց Երկիր» կուսակցությունը: Ի վերջո, մնում է խաբեբաներից ճշտել` իրենք որտե՞ղ են գործել»,- ի պատասխան հերքումին՝ ասաց Գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը: