Շքեղ սանրվածքով ցնցոտիավոր տիկին

02/10/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Պատկերացնո՞ւմ եք։ Չեք պատկերացնում։ Մի պահ պատկերացրեք, ասենք,
բարձրաստիճան պաշտոնյայի մի տիկնոջ, ով դուրս է գալիս գեղեցկության էլիտար
սրահներից մեկից եւ անմիջապես գրավում ձեր ուշադրությունը։ Ոչ, ոչ իր
գեղեցկությամբ եւ ոչ իսկ ինքնատիպ սանրվածքով։ Ախր պատկերացնելու բան չէ։
Լավ, փորձեմ նկարագրել։ Ուրեմն դուրս է գալիս գեղեցկության էլիտար սրահից
գեղեցիկ, յուրօրինակ սանրվածքով, հմտորեն արված դիմահարդարանքով, իսկ
հագին մաշված (եթե ոչ պատառոտված) հին զգեստ է, գունաթափ ու պոկոտված
կոշիկներ, պայուսակի փոխարեն էլ պոլիէթիլենի ինչ-որ տոպրակ։ Դուրս է գալիս
ու քայլում անցորդներին ի տես։ Սա պատկերացնելու բան չէ, բայց այլ կերպ չի
կարելի նկարագրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերջին տասնամյակի
զարգացումը՝ քաղաքներում (մայրաքաղաքներում) եվրոռեմոնտ է եռում, իսկ
գյուղերի մաշվածքը մոտենում է սահմանագծին։ Ծիծաղելիության աստիճան
անհամաչափ է զարգանում մեր երկիրը, եւ այդ անհամաչափությունը գալիս է ոչ
թե տնտեսությունից, այլ, ամենայն հավանականությամբ, բարոյականությունից։
Գյուղերում խմելու ջուր չկա, անձնական հիգիենան հոգալու համար մարդիկ
անձրեւ են հավաքում, իսկ մայրաքաղաքում ֆանտան (կներեք «շատրվան» հիանալի
բառը չօգտագործելու համար) է խփում։ Ու ֆանտանի շուրջ խմբված մարդիկ չեն
էլ ենթադրում անգամ, որ ինչ-որ տեղ, ոչ շատ հեռվում իրենց հայրենակիցները
գյուղամիջից դույլերով են ջուրը տուն տանում։

Այս անհամաչափությունը զգալու համար պարտադիր չէ հասնել Հայաստանի կամ
Ղարաբաղի ամենահեռավոր գյուղը, այստեղ մոտերքում էլ՝ Բաղրամյանում կամ
Մասիսում, կարելի է տեսնել։ Դպրոցի պատերը փլված են, առաստաղը կաթում է,
զուգարանի դուռը մեխած է ջուր չլինելու եւ դրա հետեւանք հակասանիտարական
վիճակի պատճառով, իսկ խարխուլ դասասենյակներից մեկում մի զույգ համակարգիչ
է դրված։ «Բարերարն է նվիրել»,- ասում են։ Բարերարը բարի գործ անելու
անզուսպ ցանկություն է ունեցել, շատ լավ, բայց մեկը չի՞ գտնվել, որ ասի,
եղբայր, անձնական կարիքները դպրոցի պատերի տակ հոգացող աշակերտներին եւ
հատկապես աշակերտուհիներին ոչ թե բարձր տեխնոլոգիաներ են պետք, այլ
մարդկային կյանքի տարրական պայմաններ։ Գյուղապետն ու դպրոցի տնօրենն,
իրենց գոյությունն արդարացնելու համար, պարզ է, որ չեն ասի՝ գործ են
կպցրել։ Մարզպետն ու մարզի կրթության պատասխանատուն էլ չեն ասի, որովհետեւ
մի զույգ համակարգչով կարող են դպրոցի մյուս խնդիրների լուծումը հետաձգել
եւս անորոշ ժամանակով։ Վարչապետն ու կրթության նախարարը նույնպես չեն ասի,
քանի որ առաջնորդվում են, կներեք արտահայտության համար, «մկան շեռն էլ
ջաղցին օգուտ ա» խիստ պատկերավոր ժողովրդական ասացվածքով։ Եվ ոչ միայն չեն
ասի, այլ վերոհիշյալ ասացվածքից էլ պատկերավոր իրենց հաշվետվություններում
փութաջանորեն կգրանցեն եւս երկու համակարգիչ ու որպես լուրջ առաջխաղացում
կհրամցնեն նախագահին։ Նախագահն էլ ոչ միայն չի ասի, այլեւ
ենթադրություններ կանի, որ Հայաստանում կան բարձր տեխնոլոգիաները
զարգացնելու բոլոր նախահիմքերը։ Այսուհանդերձ, պետք է արժանին մատուցել ու
շնորհակալություն հայտնել բարերարին, ով հաջողել է ձեռք բերել եվրոպական
կամ ամերիկյան այսինչ ֆիրմայի դուրս գրած համակարգիչներից երկուսն ու
հասցնել Հայրենիք։ Բարերարն ուրիշ բան չէր կարող անել։ Եթե ամերիկյան կամ
եվրոպական ֆիրմաները դուրս գրեին իրենց մեկ-երկու տարի օգտագործած
լվացարաններն ու զուգարանակոնքերը, պատերի սվաղն ու դուռ-պատուհանների
ներկերը, այդ դեպքում գուցե բարերարն էլ մտածեր աշակերտների համար կյանքի
տարրական պայմաններ ստեղծելու մասին։

Եվ ընդհանրապես բարերար լինելն էլ հեշտ բան չէ։ Օրերս Մարտակերտի շրջանի
Վանք գյուղում ականատես եղա բարերարության մի դրսեւորման, որն իմ մեջ
երախտագիտության զգացում առաջացնելու փոխարեն, հարուցեց՝ այլ բան չասելու
համար ասեմ, տարակուսանք։ Հաջողակ գործարարն ու մեծ հայրենասերն իր
գյուղում մի այնպիսի նավ է կառուցել, որ դրա առջեւ իր իսկ բարերարությամբ
դրված առյուծի բերանն է ծռվել զարմանքից։ Նայում ես ու մտածում, որ
բարերարության համար միայն փողը բավարար չէ, պետք է նաեւ խելք ու ճաշակ
ունենալ, էլ չխոսենք լրջախոհության ու մարդկային կարիքների գիտակցման
մասին։ Եթե այս վերջին որակները լինեին, մեծ բարերարը մեծ դուդուկահարի
եռադեմը քանդակել տալու փոխարեն` նորոգել կտար հարեւան գյուղի դպրոցի
տանիքը, որ երեխաները ստիպված չլինեին իրենց մաշկի վրա զգալու Վահան
Տերյանի անզուգական քնարերգությունը։ Բայց ի՞նչ եմ ուզում բարերարներից,
ինչո՞ւ եմ անընդհատ նրանց մասին խոսում։ Խոսքս անարդարացի է, որովհետեւ
զարգացման ընդհանուր անհամաչափության մեջ բարերարը չէ գլխավոր դերակատարը։
Բարերարն առանձին մարդ է, առանձին ճաշակով ու առանձին
նախասիրություններով։ Եվ երբ նա գալիս ու տեսնում է, որ չորս գյուղի
սպասարկող բուժկետը պետությունից տարեկան քսանհինգ հազար դրամի դեղ ու այլ
բժշկական նյութեր է ստանում, իսկ քաղաքում նստած ոչ մի գործառույթ
չունեցող մի չինովնիկ ստանում է նույնքան, կարող է, ասենք, կույրերին
լուսանկարչական խցիկներ նվիրել, իսկ խուլերին՝ փլեյերներ։ Ով կասի, թե սա
բարերարություն չէ, թող առաջինը քար նետի այդ բարերարի վրա։ Բարերարների
առատությամբ մեր ժողովուրդն աշխարհում երեւի առաջավոր տեղերից մեկն է
զբաղեցնում։ Դա մեր իրական հարստությունն է, որը հաճախ վատնվում է
բարոյական անհավասարակշռության ու զարգացման քաղքենիական միտումների
պատճառով։ Երիցս ասպատակված ու մարդկային մեծ զոհերի գնով ազատագրված
Մարտակերտն այսօր թշվառության մեջ է, իսկ Երեւանում իրականացվում է
Թամանյանի երազանքը։ Նույն Մարտակերտի բերրի հողերը (դրանք կարող են
կերակրել ամբողջ Ղարաբաղին) ոռոգելու համար քսան միլիոն դոլար է
պահանջվում, իսկ մեր կառավարությունը «Լինսի» հիմնադրամի նվիրած վաթսուն
միլիոնից քսանը հատկացնում է տասնութ դպրոցների նորոգմանը, որոնք անշուշտ
Երեւանում ու մոտակա շրջաններում են լինելու։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ շքեղ
են լինելու ավելի քան մեկ միլիոնով նորոգված այդ դպրոցները։ Պատկերացնո՞ւմ
եք, այդ դպրոցներում իրենց երեխաներին տեղավորելու համար ոնց են
հրմշտվելու չինովնիկներն ու գործարարները, կոռումպացվածներն ու
դրամաշնորհներ մարսողները, որոնք չեն զգում եւ չեն զգալու, որ Հայաստանը
դառնում է շքեղ սանրվածքով ու դիմահարդարանքով ցնցոտիավոր մի տիկին, որի
հոգում դատարկություն է։