ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն իր գործունեության ընթացքում գեղեցիկ ավանդույթներ է ներդնում: Տարվա մեջ մի քանի անգամ տարբեր բնագավառների անհատականություններ Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար ազգային շքանշանով են պարգեւատրվում: Նրանք նկատում են հատկապես այն մարդկանց, ովքեր հայ-ֆրանսիական մշակութային, տնտեսական, հասարակական կապերի ստեղծման գործում իրենց ներդրումն են ունենում: Այդ օրերին դեսպանատունը հյուրընկալում է Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային, տնտեսական բնագավառների տարբեր մարդկանց, որոնք շփվում են միմյանց հետ, նաեւ ծանոթանում: Նախօրեին Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի ազգային շքանշանով պարգեւատրեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին: Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին ճարտարապետներ, քաղաքական եւ մշակութային գործիչներ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, քաղաքաշինության եւ առողջապահության նախարարները, ԱԺ պատգամավորներ, ստեղծագործական միությունների ղեկավարներ, բուհերի ռեկտորներ, Ն.Սարգսյանի ընկերներն ու բարեկամները: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը պարգեւը հանձնելիս նշեց, որ Ն. Սարգսյանն Արժանիքի ազգային շքանշանի երկրորդ աստիճանի` սպայի կոչմանն է արժանանում քաղաքաշինության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության գործում ունեցած զգալի ավանդի համար: «Պատիվ ունենալով համարվելու Նարեկ Սարգսյանի բարեկամը` ցանկանում եմ նշել, որ նրան առաջին անգամ չենք պարգեւատրում այս շքանշանով. 2002թ. ճարտարապետն արժանացել է Արժանիքի Ազգային շքանշանի առաջին` ասպետի կոչմանը: Նա աշխատել է ի շահ մեր երկու երկրների համագործակցության զարգացմանը` իր նպաստը բերելով մշակութային, իր տնօրինությամբ ղեկավարվող ճարտարապետության ոլորտներին»,- ասաց դեսպանը` կարեւորելով նաեւ ճարտարապետի մասնակցությունը ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Յան Արտրուս Բերտրանի «Երկիրը երկնքից» ցուցահանդեսի` Հայաստանում կազմակերպելու գործում: 2006-2007թթ. նա հանդիսացել է Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակներում Փարիզի Կոնսերժիերի թանգարանում ներկայացված «Հայաստանի 12 մայրաքաղաքները» թեմայով ցուցահանդեսի կազմակերպիչը, իսկ ցուցադրությունը հետագայում տեղափոխվել է նաեւ Բրյուսել:
Ս.Սմեսովն առանձնացրեց Ն. Սարգսյանի խոշոր գործերից Հյուսիսային պողոտայի եւ Շառլ Ազնավուրի թանգարանի նախագծումը: