«Փողը մարդու վեցերորդ զգայարանն է, առանց որի մնացած հինգն անիմաստ են դառնում»:
Սոմերսեթ Մոեմ
Անգլիացի գրողի այս բառերը հիշեցի, որովհետեւ վերջին շրջանում հայերն
ավելի շատ «հեչից փող են սարքում», քան` «քարից հաց քամում»: Ընդ որում,
այդ «փողը սարքվում է» ոչ թե որեւէ արտադրանք տալով, այլ տարբեր
ծառայություններ մատուցելով: Փորձենք հասկանալ՝ ի՞նչ ծառայությունների
մասին է խոսքը եւ ինչպե՞ս են այդ ծառայությունները մատուցվում:
Մայրաքաղաքի հյուրերը ցնցված են Երեւանի տաքսի ծառայություններով, որոնց
ավելի հաճախ ընդունված է անվանել «տաքսի-սերվիզ»: Իմիջիայլոց, ի
տարբերություն հայ աղջիկների օժիտի՝ «Մադոննա» սերվիզից», որը հաճախ
լինում է «12 պեռսոնից», երեւանյան «տաքսի-սերվիզները» արդեն «120
պեռսոնից» ավելի են: Սակայն այս «սերվիզներն» ունեն նաեւ որոշ
ընդհանրություն: Երեւանյան բոլոր «տաքսի-սերվիզների» դիսպետչերները
«չայնիկ» են, որովհետեւ զանգահարելով յուրաքանչյուր տաքսի-ծառայություն,
դուք կհամոզվեք, որ այնտեղ աշխատող աղջիկների մեծ մասը գիտի ընդամենը մի
քանի թիվ՝ 3-4 րոպե կամ 7 րոպե (իրենց արեւին «կլիենտ չեն ուզում
կորցնել», առանց հասկանալու, որ այդպես ավելի շուտ կկորցնեն այդ
«կլիենտին»): Իսկ իմ մտքով անգամ չէր կարող անցնել, որ Երեւանում այդքան
շատ հատուկ դպրոցներ կան, որտեղ բոլոր այդ դիսպետչերները սովորել են:
Անցնելով առաջ, չի կարելի մոռանալ ամառային եւ ձմեռային սրճարանները,
որտեղ մի քանի տարի առաջ հաճախ կարելի էր հանդիպել հետեւյալ
հայտարարությանը. «Աշխատանքի են հրավիրվում 20-30 տարեկան գեղեցիկ
արտաքինով աղջիկներ: Օտար լեզուների եւ համակարգչի իմացությունը պարտադիր
է»: Ստացվել է այնպես, որ այսօր այդ աղջիկները չգիտեն, որ սրճարանում բացի
եվրոպական չափանիշներին համապատասխանող ժպտալուց, նաեւ պետք է
մատուցել:
Այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել գեղեցկության սրահներ
(«մարդավարի» հայերենով` այդ սրահները կոչվում են վարսավիրանոցներ): Ես
հասկանում եմ, որ «Գեղեցկությունը զոհեր է պահանջում», բայց չէի
պատկերացնում, որ զոհերն այդքան շատ են: «ՆՆ», «ՄՄ», «ԿԿ», «ՄՄԶ», «ՊՊԶ»
եւ այլ վարսավիրանոցների գները կախված են միայն նրանց տերերի ով լինելու
հանգամանքից: Մնացած ամեն ինչ՝ սկսած «Բոքս» սանրվածքից, վերջացրած
անիմաստ, բայց շատ էրոտիկ հայացքով վիզաժիստներով (ի դեպ, այս բառի իմաստը
չգիտեն ոչ վիզաժիստները, ոչ նրանց «պուզատի կլիենտները»), նույնն է:
Ինչ վերաբերում է կապի ծառայություններին, ապա ես չէ, որ պետք է խոսեմ
«ԱրմենՏելի» կամ «Վիվա Սելլի» մասին: Այս պարագայում ամեն ինչ առանց այդ
էլ հասկանալի է: Ինչպես ասում են, Դավիթ Հարությունյանի եւ Անդրանիկ
Մանուկյանի «ականջը կանչի»:
Այն բանից հետո, երբ անհասկանալի դարձավ` «Լավանդան» դեղատո՞ւն է,
քիմմաքրման կե՞տ, թե՞ «քցված» ընտրազանգված, մարդիկ չեն կողմնորոշվում.
կոստյումը պետք է տալ քիմմաքրմա՞ն, թե՞ ավելի լավ է այդ կոստյումը դեն
շպրտել եւ դրա փոխարեն «ՍԱՍ»-ից իրենց համար կոնֆետ գնել: Բայց սա էլ
ամենաէականը չէ: Ինչպես սկզբում նշեցի, հայերն ավելի շատ «հեչից փող են
սարքում»: Եվ ամենագեղեցիկ ձեւով դա անում են հայկական բանկերը: Մի կողմ
դնենք դոլարի կուրսը, որի մասին խոսողն արդեն համարվում է «հին մարդ»:
Վերջին շրջանում բոլոր «էլիտար» բանկերն իրենց պարտքն են համարում խոսել
հիպոթեքային վարկի (գեղեցիկ բառ է, որը հասարակ ժողովրդին ավելի հասկանալի
է «տոկոսով պարտք» արտահայտությամբ) մասին, առանց մանրամասնելու, որ
աշխարհի ոչ մի երկրի բանկում (բացառությամբ` Բուրկինա-Ֆասոյի եւ Սենեգալի)
այդպիսի տոկոսադրույքներ գոյություն չունեն: Էլ չեմ խոսում կրեդիտ-քարտերի
մասին, որոնց մասին ժողովուրդն ասում է` «հարուստի բան»:
Բայց ես լավատես եմ եւ գիտեմ, որ եթե «տասից վատ ենք ապրում, ապա
հարյուրից՝ լավ»: Այնպես որ, եթե այսօր կրեդիտ-քարտն առայժմ անհասկանալի
«պլաստիկատի կտոր է», իսկ դիսպետչերները դեռ չգիտեն, որ 10-ը կամ 15-ը եւս
թվեր են, դա դեռ չի նշանակում, որ մենք մարդավայել չենք ապրելու:
Ձեր խոնարհ ծառա Ա.Ք.