Երեկ կյանքի 62-րդ տարում վախճանվել է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը, մի մարդ, ով իր էությամբ վառ ու հեղափոխական անհատականություն էր: Հայրենիքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն նա սրտին մոտ էր ընդունում: Եվ որքան էլ նրա սիրտը մեծ ու ամուր էր, սակայն երկար դիմանալ չէր կարող: Վարուժան Վարդանյանը մեկընդմիշտ գծված ուղով չի ապրել, այլ փորձել է իր խոսքերով ասած` կտավներին հանձնել «հոգում տեղի ունեցող վայրիվերումները` գունային-գեղանկարչական կերպարանքով»: Իսկ այդ վայրիվերումները երբեք նույնը չեն եղել, քանի որ, երբ փոխվում են ժամանակները, փոխվում է նաեւ նկարիչը: Այլապես` նա դադարում է նկարիչ լինել: Իսկ Վարուժան Վարդանյանը իսկական նկարիչ էր, ով կռվում էր ժամանակի ու ինքն իր հետ: Նույնիսկ այն պահերին, երբ փակվում էր բնակարանում ու ոչ մեկին տեսնել չէր ցանկանում: «Շրջաններ են լինում, երբ մարդը ձգտում է միայնության, ուզում է ինքն իր հետ առանձնանալ ու հարստացնել իր ներքին աշխարհը: Շատ շփվելուց ու մարդկանց հետ հանդիպելուց էներգետիկան պակասում է»,- ասում էր նա:
Նկարչի վերջին անհատական ցուցահանդեսը, որը կայացել էր 2001 թվականին, կոչվում էր «Խաչելություն»: «Խաչելությունը մարդկային տառապանքի բարձրագույն արտահայտությունն է, դա քրիստոնեության հիմքերի հիմքն է: Երեւի ես բնույթով շատ քրիստոնյա եմ, շատ հայ եմ, ի տարբերություն շատ-շատերի, որոնք խույս են տալիս իրենց բնությունից, իրենց արմատներից: Ես գիտեմ, որ շատ հայ մարդ եմ»,- ասել է Վարուժան Վարդանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում: Նա չէր սիրում իր կտավները թանգարաններում կախված տեսնել` գերադասելով մասնավոր հավաքածուները: Եվ ցանկացած ցուցահանդես որպես յուրատեսակ սահմանագիծ էր ընկալում. «Ցուցահանդես անելը պետք է ինքնանպատակ չլինի, դրա անհրաժեշտությունը պիտի զգաս: Ես շատ ցուցահանդեսներ չեմ արել: Ցուցահանդեսներից հետո հայտնվում եմ շատ ծանր դեպրեսիայի մեջ: Չեմ հասկանում` ինչո՞ւ, բայց ամեն անգամ էդպես է լինում»,- անկեղծորեն ասում էր նա: Նրան խորապես ցնցել էին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը: «Իշխանությունները խայտառակ, լկտի վերաբերմունք ցուցաբերեցին սեփական ժողովրդի հանդեպ»,- այսպես է գնահատել ողբերգական դեպքերը Վարուժան Վարդանյանը: Վերջին տարիներին նա հազվադեպ էր հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում, սակայն, երբ հայտնվում էր, անկեղծ ու դիպուկ մեկնաբանություններ էր անում: Նա տաղանդավոր ու ինքնատիպ մարդ էր: Եվ դեռ շատ բան ուներ ասելու մեզ ու մեր քաղաքին:
«Երբ փակվում եմ արվեստանոցում ու խուսափում եմ հանդիպումներից, չի նշանակում, որ ես հայրենասիրությունից հեռու մարդ եմ: Ես ավելի հայրենասեր եմ, քան այն սուտի մտավորականները, որոնք անընդհատ խոսում են հայրենասիրությունից` օրը մի կուսակցություն փոխելով ու իրենք իրենց վարկաբեկելով: Իրականում իրենք նույնիսկ չգիտեն, թե ժողովուրդն իրենց ինչպես է վերաբերվում: Եթե իմանան, շատ ողբալի վիճակում կհայտնվեն: Դերասաններ ու բանաստեղծներ կան, որոնք անընդհատ բարձր բաներից են խոսում: Նրանք դեմագոգներ են ու իրենց կյանքով հաստատել են, որ կարգին մարդիկ չեն»,- ասում էր: Վարուժան Վարդանյանը երբեք դեմագոգ չի եղել: Իսկ կյանքի վերջում խոստովանել է. «Ես պարզեցրել եմ իմ խնդիրները»:
Հիվանդությունն ու սթրեսային վիճակը նկարչին դրդել էին ծաղիկներ նկարել: Դա յուրատեսակ մեդիտացիա էր: «Իմ ծաղիկները կերպարանք առած իմ հույզերն են, իմ մտորումները, որոնք մեջս կուտակված կրքերի լիցքաթափման ձեւն են իրենց մեջ կրում»,- ասել է նա: