Կոռուպցիայի դեմ՝ համոզելով

02/10/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Լորետա Գրացիանո Բրունինգը, որն ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային
տեղեկատվական ծրագրի շրջանակներում երկու շաբաթով գտնվում էր Հայաստանում,
այն լավատեսներից է, ով շարունակում է հավատալ, թե հնարավոր է «Օրենքի
առաջ հավասար են բոլորը» կարգախոսով պայքարել կոռուպցիայի դեմ: ԱՄՆ
«Համակարգի արդարացիության ռեսուրսներ» ընկերության հիմնադիր Լորետա
Բրունինգն արդեն երկար տարիներ տարբեր երկրներում զբաղվում է կոռուպցիայի
դեմ պայքարի հետազոտական աշխատանքներով եւ հավատում է, թե պետական
պաշտոնյան կարող է պայքարել ինքն իր դեմ:

– Ի՞նչ է կոռուպցիան, եւ որո՞նք են դրա առաջացման պատճառները:

– Կոռուպցիան պետական պաշտոնի չարաշահումն է անձնական շահի համար կամ,
այսպես ասած, հասարակության բարիքի սեփականաշնորհումն անձնական այլ
կարիքների համար: Ինչ վերաբերում է կոռուպցիայի պատճառներին, ապա հակիրճ
կարող եմ ասել, որ մարդիկ կոռուպցիայով զբաղվում են միայն այն դեպքում,
երբ համոզված են, որ դրա համար որեւէ պատիժ չեն ստանալու: Բավականին բարդ
է ստեղծել մի համակարգ, որը կարող է մարդկանց բռնել եւ պատժել նման
գործողությունների համար, քանի որ կոռուպցիան թաքցնելը շատ հեշտ է: Բայց
դա ամենահեշտ պատասխանն է, որովհետեւ եթե չկա նման համակարգ, որը բռնում
եւ պատժում է, ապա նրանք դա կարող են անել անվերջ:

– Ինքներդ ասացիք, որ կոռուպցիան պետական պաշտոնի չարաշահումն է, ուստի
չե՞ք գտնում, որ նման համակարգի ստեղծումը շատ ավելի դժվար է առաջին
հերթին այն պատճառով, որ իշխանությունը, որը կոռուպցիայի հիմնական կրողն
է, թույլ չի տա իր ներսում ստեղծել այնպիսի կառույց, որը պետք է բռնի ու
պատժի իրեն:

– Լիովին համաձայն եմ, որ բավականին բարդ է պայքարել կոռուպցիայի դեմ մի
համակարգով, որն ինքնին կոռումպացված է: Ներկայիս իրավիճակն այդպիսին է:
Չնայած որեւէ համակարգ կատարյալ չէ, բայց, այդուհանդերձ, կարելի է շատ
բարեփոխումներ կատարել: Շատ պարզ մեկ կարգախոս պետք է կիրառել` պետք է
լինի օրենքի կառավարություն, ոչ թե մարդու կառավարություն: Օրենքը
վերաբերում է բոլորին, եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ: Պետք է ստեղծել
այնպիսի համակարգ, որ ոչ ոք չկարողանա անցնել օրենքի տառից, եւ օրենքը
ստեղծում են այնպիսի մարդիկ, ովքեր նույնպես ենթարկվում են այդ օրենքներին:

– Կոռուպցիան համարվում է 20-րդ դարի ժանտախտը, որի դեմ պայքարելու
բազմաթիվ ծրագրեր են մշակվել ու փորձարկվել, որոնք այդպես էլ արդյունավետ
չեն եղել: Ձեր հետազոտություններն ու ձեռնարկները որեւէ լուծում
առաջարկո՞ւմ են:

– Մենք կոռուպցիան համարում ենք 20-րդ դարի ժանտախտ, որովհետեւ 20-րդ
դարում մենք շատ բարձր ակնկալիքներ ձեւավորեցինք: Դրանից առաջ էլ
կոռուպցիա կար: Բոլորն էլ կոռումպացված էին, բայց դրա մասին ոչ ոք չէր
խոսում, ու միայն հիմա ենք այն համարում ժանտախտ: Նախկինում ուժեղները
թույլերից կարող էին վերցնել այն, ինչ կամենում էին, բայց օրենքների
ընդունումով մենք սկսեցինք սահմանափակել այդ ուժը: Եվ ժամանակի ընթացքում
մեծացել է այն մարդկանց տոկոսը, ովքեր ապրում են օրենքի երկրում, եւ վստահ
եմ, որ ժամանակի ընթացքում նրանց թիվն էլի կավելանա: Օրինակ, տարիներ առաջ
աշխարհի որոշ մասերում մենք չէինք կարող այս թեմայի մասին ազատ խոսել, իսկ
հիմա մենք ազատ խոսում ենք, որն արդեն իսկ առաջընթաց է:

– Ունե՞ք կոռուպցիայի դեմ պայքարելու հստակ մեխանիզմներ, որոնք կարող եք առաջարկել այս կամ այն երկրին:

– Իմ առաջարկությունն այն է, որ մարդիկ հնարավորինս շատ պետական
իշխանության մարմիններին, հասարակությանը տեղեկացնեն, ներկայացնեն, որ
ամեն ինչ պետք է արվի համաձայն օրենքի եւ կանոնների եւ ոչ թե անձնական
շահի համար: Ես չունեմ կոնկրետ մեխանիզմ, եւ չեմ կարող ասել, թե
զանգվածային դժգոհությունն ու ապստամբ իրավիճակում կոռումպացված
իշխանության տապալումը կարող է դիտվել որպես լուծում: Սովորաբար դրան
հաջորդում է մեկ այլ կոռումպացված իշխանություն: Եվ ճիշտ միջոցն այն է, որ
յուրաքանչյուր քաղաքացի կամաց-կամաց ինքը սկսի ընդդիմանալ կոռուպցիոն
գործողություններին` իր չափով:

– Իսկ հնարավո՞ր է, որ պետությունն ինքը մշակի հակակոռուպցիոն ծրագիր ու ինքը պայքարի դրա դեմ:

– Իհարկե, հնարավոր է, որովհետեւ ձեր պետությունն արդեն արել է դա: Այլ
հարց է` նա կհետեւի՞ այդ ռազմավարությանը: Այո, հնարավոր է, որովհետեւ
արտաքին դոնորները կհետեւեն դրան: Չեմ կարծում, թե դա անմիջապես տեղի
կունենա, բայց, կարծում եմ, դոնոր կազմակերպությունները պակաս
հանդուրժողական կլինեն կոռումպացված գործընթացների հանդեպ:

– Հակասություն չե՞ք տեսնում ձեր ասածներում. նախ ասացիք, թե
կոռուպցիան պետական պաշտոնի չարաշահումն է, իսկ հետո, թե`
իշխանությունները, այսինքն` պետական պաշտոնյան, կարող է մշակել
հակակոռուպցիոն ծրագիր ու այն իրականացնել:

– Եթե ես ակնկալեմ, որ կարող է լինել կատարյալ մարդկանցից ձեւավորված
կառավարություն, հնարավոր է` ամբողջ կյանքս սպասեմ: Եվ եթե մտածեմ, որ
կառավարության բոլոր մարդկանց պետք է փոխարինեմ լավ մարդկանցով եւ այդպես
ձեւափոխեմ, ապա պատմության մեջ նման օրինակ չեմ կարող գտնել: Իրականում ոչ
թե մեկ մարդուն փոխարինել են մեկ ուրիշով, այլ ձեւավորվել է մեկ համակարգ,
որը պարտադրվել է հենց այդ հասարակության կողմից:

– Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում է ոչ միայն կառավարությունը`
իր ռազմավարական ծրագրով, այլեւ տարիներ առաջ նախագահին կից կոռուպցիայի
դեմ պայքարի հանձնաժողով է ձեւավորվել, որոնք սակայն որեւէ կերպ չեն ազդել
շարունակվող կոռուպցիայի վրա: Սա արդեն իսկ չի՞ վկայում այն մասին, որ
պետության կողմից ստեղծված որեւէ մարմին ի սկզբանե դատապարտված է եւ զուտ
ֆորմալ բնույթ է կրում:

– Մենք այդ գործընթացում ընդամենը երկրորդ տարին ենք, եւ զուտ այն փաստը,
որ դրանք բաց են քաղաքացիների համար, որտեղ նրանք կարող են ներկայացնել
իրենց ունեցած փաստերը, պետք է հասարակությունն օգտվի այդ
հնարավորությունից: Եթե մենք ուզում ենք դրա ազդեցությունը միանգամից
զգալ, ապա պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ ջանքեր ներդնել: Երբ
հանդիպում էինք պետական պաշտոնյաների հետ, նրանք էլ էին կարեւորում
քաղաքացիների մասնակցությունը դրանում` ասելով, որ նրանք պետք է իրենց
տեղյակ պահեն յուրաքանչյուր կոռուպցիոն երեւույթի մասին: Դուք կարող եք
ասել, որ նրանց այդ առաջարկությունն անկեղծ չէ, բայց մյուս կողմից պետք է
ասենք` արդյոք հասարակությունը նրանց նման դեպքերի մասին տեղյակ պահո՞ւմ
է:

– Հայաստանում ուսումնասիրություն կատարելո՞ւ եք:

– Ոչ: Իմ աշխատանքի հիմնական մասն ամերիկյան բիզնեսի ղեկավարների հետ էր:
Պարզապես եթե ԱՄՆ ինչ-որ ձեռնարկատեր ցանկանում է ձեռնարկատիրական
գործունեությամբ զբաղվել ու դրա համար կաշառք է վճարում, ապա կաշառք
վճարելու համար բանտ է նստում: Այնպես որ` իմ մասնագիտությունն է
ուսուցանել ԱՄՆ բիզնեսմեններին` գործունեություն ծավալել Հայաստանում, դրա
հետ մեկտեղ խուսափելով կոռուպցիայից: Եվ ԱՄՆ բիզնեսմեններն էլ են գտնում,
որ անհնար է իրենք հայտնվեն նման իրավիճակում: Ամերիկյան կանոնները շատ
խիստ են, եւ նրանք շատ հաճախ մտածում են, որ այդ կանոնների առկայության
դեպքում իրենք չեն կարող այստեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:
Եվ մտածում են, որ այդ բնագավառը պետք է թողնեն եվրոպացիներին, որոնց
իրենց երկրներում չեն պատժի կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված
լինելու համար:

– Այսինքն` դուք գտնում եք, որ Հայաստանն այնքան կոռումպացված երկիր է,
որ պետք էր հատուկ ժամանել Հայաստան ու ձեր գործարարներին զգուշացնել,
որպեսզի նրանք չնեգրավվե՞ն նման գործընթացների մեջ:

– Ոչ միայն Հայաստանի, այլեւ մյուս երկրների պարագայում մենք մեր
գործարարներին ասում ենք` եթե չեք կարողանում գործարք կնքել առանց կաշառք
տալու, մի՛ արեք, որովհետեւ, երբ գաք մեր երկիր, մեր երկրում ձեզ կբռնեն
ու կդատեն: Եվ եթե նրանց բռնեն, նրանք շատ խստորեն կպատժվեն:

– Ի վերջո, Հայաստանը կոռումպացվա՞ծ է, թե՞ ոչ:

– Ցանկացած ամերիկացի գործարար, որի հետ ես աշխատում եմ, ասում է, որ
հնարավոր է ամեն տեղ աշխատել առանց կաշառք տալու: Եվ ես գտնում եմ, որ դա
հնարավոր է: