– Պարոն Սիմոնյան, կիրակի օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում կրկին
ընտրություններ են լինելու: Նախորդ անգամ մեր թերթին տված հարցազրույցում
խոսելով ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների մասին, դժգոհել էիք հատկապես
ՄԱԿ-ից, նշելով, որ նրանք մեծ ֆինանսական օգնություն են ցույց տվել ձեր
թեկնածուի մրցակից Արայիկ Քոթանջյանին:
– Չէ, մենք այդ տեղեկատվությունը ճշտել ենք, նման բան իրականում չի եղել:
Ընտրությունների օրը շատ մեծ լարվածություն է լինում, բազմաթիվ
տեղեկություններ են գալիս, հարյուրավոր մարդիկ փորձում են իրենց կարծիքով
ճշգրիտ տեղեկություններ հաղորդել եւ, բնականաբար, անճշտություններն էլ են
մեծ լինում, թյուրիմացություններն էլ: Գուցե ավելի հանդարտ պետք է լինեինք:
Կեղծիքներ շատ են եղել, ընտրակաշառք, այո, բաժանվել է, բայց, որ ՄԱԿ-ն էլ
է մեր մրցակցի կողմից ընտրակաշառք բաժանել, այդ տեղեկությունը,
բարեբախտաբար, չհաստատվեց: Մենք ՄԱԿ-ի հետ լավ հարաբերություններ ունեցել
ենք եւ ունենք, եւ լավ է, որ պահի գործոնները չկարողացան մեր
հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ: Չեմ էլ կարծում, որ
դիտավորություն կար մեզ տեղեկություններ հաղորդողների մոտ: Ուղղակի,
կրկնում եմ, լարվածությունն էր մեծ, իրավիճակի պատասխանատվությունն էր
մեծ, շտապողականություն կար, առաջացած իրավիճակի պատճառներն ամեն տեղ
փնտրելու գայթակղությունն էր մեծ: Եվ բոլորի մոտ էր այդպես, ոչ միայն իմ:
Այդ պահին վերլուծություններ անելն անհնար էր: Հիմա ամեն ինչ անցած է:
Առջեւում նոր քվեարկություն է լինելու, եւ համոզված եմ, որ մեր ընտրողներն
ապացուցելու են, որ իրենք հաղթել էին: Մեր ընտրողներն իրենց ձայներին
փորձելու են նորից տեր կանգնել:
– Ձեր մրցակիցն անընդհատ խոսում է խախտումներից, ընտրական տեղամասերում
կատարված կեղծիքներից, նշվում է, որ դրանց Դուք էլ եք մասնակից եղել:
Ինչպե՞ս եք պատրաստվում դրանք հակադարձել:
– Դրանք հակադարձելու խնդիր չունեմ: Դեռ պետք է քննարկենք, թե ինչն էր
պատճառը, որ գիշերվա հաշվարկի ժամանակ Վալերի Հարությունյանի ձայները մի
քանի հարյուրով ավելին էին, իսկ հետո պակասեցին: Փորձված մեթոդ կա.
հարձակումն ամենալավ պաշտպանությունն է: Մոռանում են, որ մենք ենք առաջինը
բողոքարկել, որ մենք ենք պահանջել վերանայել շատ տեղամասերի արդյունքներ,
եւ, եթե ժամանակը թույլ տար, մենք անպայման կապացուցեինք մեր հաղթած
լինելու հանգամանքը: Չի կարող լինել այնպես, որ հսկայական կենսագրություն
ունեցող մարդը, խորհրդային տարիներին հզոր արտադրություններ ղեկավարած
մարդը, հազարավոր մարդկանց հետ աշխատանքի փորձառություն անցած մարդը
պարտվի մի անհայտ երիտասարդի: Ի վերջո, մեր գերդաստանին շատերն են
ճանաչում Քանաքեռում, շատերն են ճանաչում Զեյթունում, Վալերի
Հարությունյանը ղեկավարել է ձեռնարկություն, որտեղ մեծ թվով թե
քանաքեռցիներ էին աշխատում, թե զեյթունցիներ, թե արաբկիրցիներ: Մենք նրանց
բոլորի հետ հանդիպումներ ենք ունեցել, ներկայացրել ենք այն աշխատանքները,
որ մեր թեկնածուն պատրաստվում է անել մեր համայնքում: Նոր չպիտի կապիտալ
հավաքենք, անուն ձեռք բերենք, կարողություն ստեղծենք: Մենք այդ ամենը
ստեղծել ենք շատ վաղուց, տարիների մեր աշխատանքով ու հիմա ուզում ենք
ծառայեցնել մեր համայնքին: Մենք ոչ մեկի ձեռքը բռնած չենք գնում
ընտրությունների: Ընտրողներն էլ կարողանում են փոքր ցեխավիկին արտադրողից
տարբերել, մի քանի տարվա մանր ձեռնարկատիրոջը մեծ կենսագրություն ունեցող
տնտեսական գործչից տարբերել: Սեպտեմբերի 18-ին էլ էին տարբերել:
Հոկտեմբերի 2-ը հեռու չէ: Մեր ընտրողներն այս անգամ չեն հանգստանա միայն
նրանով, որ քվեարկել են իրենց թեկնածուի օգտին, այլ մինչեւ վերջ կպայքարեն
իրենց յուրաքանչյուր ձայնի համար ու ոչ մի կեղծիք ու ընտրակաշառք թույլ
չեն տա: Ի վերջո, կեղծիքներով ընտրված թաղապետը ոչինչ չի կարողանա թաղի,
համայնքի համար անել: