Մի մարդ վաճառում էր գոչյուններ ու բառեր, եւ նրա գործերը վատ չէին ընթանում, թեեւ մարդիկ հաճախ նրա հետ սակարկում էին՝ աղերսելով գինն իջեցնել: Համարյա միշտ նա նրանց ընդառաջում էր, այնպես որ, օրվա ընթացքում կարող էր վաճառել բազում կոչեր փողոցային առեւտրականներին, որոշ քանակով հոգոցներ ռենտայով ապրող սենյորներին, ինչպես նաեւ՝ բառակազմություններ լոզունգների, գովազդային հայտարարությունների, խնդրագրերի եւ անսպասելի մտքերի համար:
Մի անգամ էլ նա որոշեց ընդունելություն ստանալ տեղի բռնակալիկի մոտ, ով բռնադատելով երկիրը, ոչնչով իր նմաններից չէր տարբերվում եւ ընդունեց խնդրարկուին գեներալների, նախարարների եւ սուրճի գավաթների ընկերակցությամբ:
– Կամենում եմ ձեզ վաճառել ձեր վերջին խոսքերը,- ասաց մարդը,- դրանք ձեզ շատ պետք կգան: Չէ՞որ ձեր վերջին ժամին դրանք, ինչպես հարկն է, չեն կապակցվի, իսկ ասել դրանք անպայման հարկ կլինի, որպեսզի գերեզմանի եզրին, առանց կմկմալու ուրվագծեք պատմական հետադարձ հեռանկարը:
– Թարգմանի ինչ է դուրս տալիս,- հրամայեց բռնակալիկն իր թարգմանչին:
– Ձերդ գերազանցություն, նա արգենտիներեն է խոսում:
– Արգենտիներե՞ն: Ինչո՞ւ ոչինչ չեմ հասկանում:
– Դուք ամեն ինչ հիանալի հասկացաք,- ասաց մարդը,- կրկնում եմ, ես եկել եմ վաճառելու ձեզ ձեր վերջին խոսքերը:
Բռնակալիկը վեր թռավ, ինչպես նման դեպքերում պատահում է, եւ հազիվ խեղդելով ձայնի դողոցը` հրամայեց ձերբակալել մարդուն եւ նետել հատուկ զնդանը, նրանցից, որ միշտ առկա են նմանատիպ կառավարումների դեպքում:
– Ափսոս,- ասաց մարդը, երբ նրան տանում էին,- Դուք, անշուշտ, կցանկանաք ասել ձեր վերջին խոսքերը, այլապես ինչպե՞ս կուրվագծեք հետադարձ պատմական հեռանկարը: Դե, ես էլ ուզում եմ վաճառել դրանք, ոչ մի խաբեություն այստեղ չկա: Սակայն, եթե դուք չեք ուզում ծախս անել այդ բառերի վրա, ապա չեք կարողանա նախօրոք սերտել այն պահի համար, երբ դրանք լեզու-բերան կգան, եւ արտասանել դրանք դուք չեք կարողանա:
– Իսկ ինչո՞ւ ես չեմ կարողանա արտասանել այդ բառերը, եթե դրանք հենց նրանք են, որ ես կկամենայի արտասանել,- հարցրեց բռնակալիկն՝ անցնելով սուրճի հաջորդ գավաթին:
– Ահը թույլ չի տա,- տրտմորեն պատասխանեց մարդը: -Չէ՞ որ դուք սարսափից ու ցրտից կդողաք: Մեն մի վերնազգեստով, թոկը վզներիցդ կախ, ձեր լեզուն փաթ կընկնի, այնպես որ, որեւէ խոսք կարգին արտաբերել չեք կարողանա: Դահիճը եւ ներկա գտնվող պարոններից նրա ընթերակաները ձեւի համար մի երկու րոպե կսպասեն, եւ երբ ձեր կոկորդից ոչ այն է՝ հառաչ, ոչ այն է՝ զկրտոց, ոչ այն է՝ ներման պաղատանք կարտաբերվի, թոթովել դուք կարող եք ընդամենը դա, ապա նրանք, համբերությունը կորցրած, տեղում ձեզ կկախեն:
Դահիճի ծայրահեղ վրդովված ընթերակաները եւ մանավանդ գեներալները սկսեցին ճնշել բռնակալիկին` այդ մարդուն տեղնուտեղը գնդակահարելու պահանջով: Սակայն բռնակալիկը ողջ-դժգույն մահվան հանգույն, բռիաբար քշեց նրանց եւ եկվորի հետ փակվելով, սկսեց գնել նրանից իր սեփական վերջին խոսքերը:
Մինչդեռ գեներալներն ու նախարարները, ծայրաստիճան ստորացված այն բանից, թե ինչպես վարվեցին իրենց հետ, խռովություն ծրագրեցին եւ հաջորդ առավոտյան որսացին բռնակալիկին, երբ նա իր սիրած տաղավարում խաղող էր ըմբոշխնում: Որպեսզի նա չհասցնի իր վերջին խոսքերից որեւէ մեկն ասել, նրան տեղնուտեղը գնդակահարեցին: Այնուհետեւ կառավարական պալատում սկսեցին փնտրել բառավաճառին, որ ասես գետնի տակ էր անցել, բայց շուտով նրան գտան շուկայում, որտեղ նա կոչեր էր վաճառում փողոցային մարմնամարզիկներին եւ աճպարարներին: Նրան նետեցին բեռնասայլը եւ հասցնելով ամրոց, սկսեցին խոշտանգել, որպեսզի նա ասի, թե այդ ինչպիսին պիտի լինեին բռնակալիկի վերջին խոսքերը: Բայց քանի որ ոչ մի խոսք չկարողացան նրանից կորզել, ապա քացով նրան տանջամահ արեցին:
Իսկ փողոցային առեւտրականները, որ նրանից տարբեր կոչեր էին գնել, շարունակում էին ճչալ դրանք խաչմերուկներում, եւ այդ կոչերից մեկը հետագայում դարձավ գեներալների եւ նախարարների վերջը տվող հակահեղափոխական շարժման նշանաբառն ու արձագանքը: Նրանցից ոմանք մահվանից առաջ խուճապահար մտածում էին, որ ողջ եղածը համատարած թյուրիմացությունների շղթա է, եւ այդ տարբեր բառերն ու կոչերը, որքան էլ դրանք անհեթեթ թվային, լիովին կարող էին վաճառվել, ի դեպ, առանց գնելու իրավունքի:
Այսպես նրանք բոլորն էլ ուղեւորվեցին հողում փտելու` բռնակալիկը, բառավաճառը, գեներալներն ու նախարարները, բայց ճիչերը տարբեր անկյուններում մերթ ընդ մերթ շարունակում էին հնչել:
ՄՈՐԵԼԻԻ ՆՈՐ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ
Աստ հանգստացան աչքերը, որոնցով մեր աշխարհը նայում էր ինքն իրեն սիրով եւ տեսանվում էր իր ողջ հրաշագեղությամբ:
Յոհան Յակոբ Վագների «Եղերերգը»
Ինչպես էլեաթներին եւ Սուրբ Օգոստինոսին հետեւելով՝ կանխատեսում էր Նովալիսը, ներաշխարհը միակ ճշմարիտ ճանապարհն է առ արտաքին աշխարհ, ուր վերջապես կբացահայտվի, որ այդ երկուսը մեկ են, քանզի ալքիմիան այդ ընթացքում կարարի նոր մարդուն, մեծ միավորողին:
Նովալիսը, այդպես էլ չգտնելով կապույտ ծաղիկը, մահացավ, Ներվալն ու Ռեմբոն նախանշված ժամին նույնպես ուղեւորվեցին Մեծ Մայրերի մոտ (Մեծ Մայրերը ստորգետնյա աշխարհի բնակչուհիներն են, ուր իջնում են Ֆաուստն ու Մեֆիստոֆելը Գյոթեի «Ֆաուստի» երկրորդ մասում) դատապարտելով այս աշխարհում մեզ աստված համարելու հրեշավոր ազատությանը: Նրանց բոլորի շնորհիվ, շնորհիվ այն բանի, որ մեր հարահոսում եւս փայլատակումներ են լինում, մենք գիտենք, օրը ցերեկով աստղերը տեսանելի են սոսկ խորը ջրհորից: Էականն այստեղ ջրհորն ու երկինքը չեն, սակայն, եթե ցանկանում ես պարզաբանել, ինչ-որ առանցքներ ու կողմնորոշիչներ են պետք: Յունգն ունի հասկացությունների իր հավաքածուն, բանաստեղծը` իր, մարդաբանները խոսում են գիտակցության եւ երեւակայության գիշերային եւ ցերեկային ռեժիմների մասին, ես՝ իմ կողմից, առաջվա պես համոզված եմ, որ սոսկ արտաքո պատճառները (երաժշտությունը, սերը, զարմանքն ինչ-որ բանից) կարող են մի պահ ազատել ինձ աննինջ բանականությունից` մաքրելով հայացքը, տեսնվածին ձեւ տալով, դրանք իրենց հետ ամբողջականություն ու վստահություն եւ գլխապտույտ ճշմարտության զգացողություն են բերում:
Կարծեմ, համանման բաները «ներշնչանք» էին անվանում, այսօր դրան «խելահեղություն» են ասում:
Այդ ամենն անասելիի ոլորտից է, սակայն մարդը նորիցնոր փորձում է այս մասին ասել, ծայրահեղ դեպքում, եթե այդ մարդը բանաստեղծ է, նկարիչ, հազվագյուտ խելագար: Համանման վերամիավորման մասին աշխարհին, որից մեզ զատել է եւ ամեն պահ մեզ բաժանում է եվրոպական դուալիզմը, որն ի չիք դարձրեց Արեւելքը, բայց այնտեղի մտքերն ու բառերը, ավաղ, հասնում են մեզ հապաղումով եւ արդեն խեղաթյուրված: Այդ մասին սոսկ կարելի է կռահել արվեստի որոշ սստեղծագործություններից, որոշ տարօրինակ ճակատագրերից, բայց առաջին հերթին, սեփական որոնումների կորագծերից, եթե նույնիսկ անհնար է դա արտաբերել, մեր խնդիրը նվիրական խոսքը փնտրելն է, քանզի համառությունը կոկում է ձեւը, իսկ ցանցը անցքերից է բաղկացած, այդպիսին են դադարները Վեբերնի երաժշտության մեջ. Պիկասոյի կտավների գունային միասնությունը, Մարսել Դյուշանի կատակը, այն պահը, երբ Չարլի Փարքերը թռիչքի է արձակում իր «Out of Nowhere»-ը («Ոչ մի տեղ եւ ավելի անդին»), կամ Աթթարի այս տողերը.
Մենք խմեցինք ծովերը, բայց ի հեճուկս ջրերի,
Բերանները մեր պապակվեցին, հանց ավազներ,
Եվ ծովն ենք փնտրում դարձյալ խավարում չնշմարելով,
Որ բերանները մեր ավազներ են, իսկ ծովը` հենց մենք:
Այստեղ, ինչպես եւ համանման հանդիպման այլ հետքերի մեջ, թաքնված է վերամիավորման հաստատումը, այստեղ Նովալիսի ձեռքը պոկում է կապույտ ծաղիկը: Խոսքը խստականոն գիտության մասին չէ եւ ոչ էլ մեթոդին ենթարկվելու ճգնակեցության, այլ լռին տենչանքի, որն ուղղորդում է բանաստեղծի ողջ էությունը, դարձնելով նրան թռիչքի թեւ, նավակի թի, մրրիկի հողմացույց, եւ վերադարձնում է տիեզերքը նրան, ով չերկնչեց իջնել գիշերվա եւ հոգու գեհենը: Ասում են՝ ընթերցողին, որ սոսկ գիրք է գնում, հանդիսատեսին, որ տոմսը ձեռքին հարմարավետ բազկաթոռում հիմա ֆիզիկական հաճույք կամ հիացմունք է ապրում հանճարեղ նկարչից` Վան Գոգի ինչի՞ն է պետք քո հիացմունքը: Նա կամենում էր, որ դու նույնանաս իրեն, որպեսզի քո մեջ ուժ գտնես, ինչպես նա մի ժամանակ, անահ նայելու հերակլիտեսյան հրին, երբ Սենտ Էքզյուպերին զգաց, որ սիրել` չի նշանակում՝ միմյանց աչքերի մեջ նայել, այլ նշանակում է` միասին նույն կողմը նայել, եւ նա չէր խոսում պարզապես տղամարդու եւ կնոջ միջեւ եղած սիրո մասին, եւ ես կթքեմ նրա երեսին, ով կխոստովանի ինձ, թե իբր սիրում է Միքելանջելո Կամ Քամինգս, բայց չի ապացուցի, որ իր կյանքի թեկուզ մեկ անասելի ժամին հենց ինքն է եղել այդ սերը, կարողացել է կերպարանափոխվել այլ մի բանի, կարողացել է աշխարհին նայել նրանց աչքերով եւ հասկացել է, թե ինչ բան է նայելը, ինչպես նա է նայում այն անպարագրելի ընդարձակությանը, որը սպասում է եւ դյութում:
ԹԵԼՈՆԻՈՒՍ ՄՈՆՔԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՇՈՒՐՋ
Ժնեւը կեսօրին` ՄԱԿ-ի գրասենյակն է, սակայն երեկոյան ձգում է իսկական կյանքը, եւ ահա, ուր աչքդ կտրի, Թելոնիուս Մոնքի եւ Չարլզ Ռոուզի գալուստն ազդարարող աֆիշներն են, մենք, անշուշտ, սուրում ենք «Վիկտորիա Հոլլ»` պարտերի տոմս խնդրեմ, հինգերորդ կարգ, մեջտեղի մասում, իսկ այնուհետեւ` վիսկի անկյունի բարում, դա արդեն պարտադիր ծես է, մեջքիդ բերկրալի անհանգստությամբ փշաքաղվածությունը, դեռ ինչքան կա իննին, յոթն անց կես, ութը, իննից տասնհինգ պակաս, վիսկիի երրորդ գավաթը: Կլոդ Տարնոն առաջարկում է fondue (գինի) պատվիրել, մեր կանայք զարմացած իրար են նայում, իսկ հետո ցմրուր խմում են, fondue-ն ամենահամեղն է` սպիտակ գինին թափանցիկ պղպջակներով տարուբերվում է բաժակի մեջ, ողջ աշխարհն ինչ-որ տեղ այնտեղ է, մեջքի ետեւում, իսկ Թելոնիուսը, որ նման է մոլորակի, որ ուղիղ հինգ րոպեից կտանի երկրի մի մասը, ինչպես Ժյուլ Վեռնի «Հեկտոր Սերվադակում», համենայն դեպս Ժնեւի մի ողջ կտորը` Կալվինի վիթխարի արձանով եւ «Vacheron and Constantin» գրպանի ժամացույցներով:
Եվ ահա լույսը մարում է: Մենք միմյանց ենք նայում բաժանման թեթեւ դողով, որին ամեն անգամ տրվում ենք հենց համերգի սկզբում (մենք կանցնենք գետը, ժամանակը կբավի), եւ ահա բեմը պատրաստ է, կոնտրաբասիստը բարձրացնում է իր գործիքը, ինչ-որ բան նրանում փորձելով, ջազային խոզանակը ակնթարթային սարսուռով անցնում է տամբուրինի վրայով, իսկ խորքից, առանց որեւէ կարիքի ետ շրջվելով, դաշնամուրին է մոտենում մեծ արջը` տարօրինակ բերետով` ոչ այն է՝ ֆես, ոչ այն է՝ թասակ, նա զգույշ ընթանում է, մի ոտնաթաթը մյուսի առաջ, եւ միտդ է գալիս ականապատված դաշտի կամ բռնակալ-սասանյանների ծաղիկների պաշտամունքի հետ կապված ինչ-որ բան, ուր ամեն մի տրորված ծաղիկ պարտիզպանին դանդաղ մահ էր խոստանում: Հազիվ է Թելոնիուսը նստում դաշնամուրի առաջ, եւ նրա հետ նստում է ողջ դահլիճը, իսկ այնուհետեւ անցնում է թեթեւ շշնջոցը, ձեռք բերելով համընդհանուր թեթեւության իմաստը, որովհետեւ Թելոնիուսի նվագելու եղանակում ինչ-որ բան կա փյունիկեցի նավավարների առափնյա լողից` մշտապես եզրին գտնվել` անընդհատ ծանծաղուտում հայտնվելու վտանգի ներքո, եւ երբ մուգ-մեղրագույն նավը իր մորուքավոր կապիտանով նավահանգիստ է ժամանում, «Վիկտորիա Հոլլ» մասոնական նավակառանն այնպիսի հոգոցով է նրան դիմավորում, ասես բոլոր թռչունները խաղաղ փակել են թեւերը: Եվ ահա արդեն բռնկվում է Pannonika-ն կամ Blue Monc-ը: Երեք ստվերները, կարծես երեք հասած հատիկ, շրջապատում են արջին, ով բծախնդրորեն զննում է ստեղների բոլոր փեթակները, կոպիտ թաթերը այս ու այն կողմ են սահում` տարուբերվելով հնչյուններից շվարած եւ վեցանիստ մեղուների մեջ, եւ ահա մի ակնթարթում մենք անցնում ենք առ մինչժամանակյա նախնադարյան գիշերը, Թելոնիուս Մոնքի քնքուշ գիշերը:
Սակայն դա չես կարող բացատրել, վարդը` վարդ է, դա` վարդ է: Դա` զինադադար է, եւ հիմա կա պաշտպանը, եւ գուցե թե, գոնե ինչ-որ տարածության մեջ մեզ գերությունից ազատեն: Հետո դեպի միկրոֆոնն է մոտքայլ անում Չարլզ Ռոուզը, եւ երբ նրա սաքսոֆոնը տիրաբար ուրվագծում է այստեղ եւ այժմ լինելու փաստարկները, Թելոնիուսը խոնարհ ձեռքերը վար բերած, ինչ-որ պահ լսում է նրան, բայց հետո, ձախ ձեռքով, եւս մի թեթեւ ակորդ վերցնելով, ելնում է, օրորվելով` արջ, որ հագեցել է մեղրից, եւ հիմա ուզում է միայն ինչ-որ տեղ, մամուռների մեջ ննջել եւ, աթոռակը շրջանցելով՝ հենվում է դաշնամուրի ծայրին, ոտքով ու բերետով շեշտելով ռիթմը, նրա մատները դարձյալ սահում են, բայց արդեն եզրից, ստեղների վրա, այնտեղ, ուր պիտի լինի գարեջրի շիշը կամ մոխրամանը, ի դեպ` դա «Stenway and Sons» ռոյալ է, բայց ինքը՝ արջը, կանգնած է նույն կերպ համաչափ օրորվելով, որովհետեւ Ռուզը, կոնտրաբասիստը եւ հարվածային գործիքների վարպետը հյուսված են միմյանց իրենց եռամիասնության խորհրդով: Իսկ Թելոնիուսը, միտված դեպի իր գլխապտույտ ճամփորդությունը, շարժվում է, համարյա տեղից չշարժվելով, սանտիմետր առ սանտիմետր դեպի դաշնամուրի ծայրը, որին նա, անշուշտ, չի հասնի, չի հասնի, չէ՞ որ այնտեղ հասնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան Ֆիլեաս Ֆոգին, ավելի շատ փղեր, ավելի շատ առագաստածածկ արագընթաց, եղեւնամոմով փայլեցրած սահնակներ, ավելի շատ գլխապատառ արագությունից խենթացած գնացքներ, որոնք անվեհեր սուրում են անդունդի վերեւի ջարդված կամրջակի վրայով, ահա թե ինչու Թելոնիուս Մոնքը ճամփորդում է յուրովի, փոխնիփոխ հենվելով մեկ աջ, մեկ ձախ ոտքի վրա, տեղից չշարժվելով, օրորվելով կամրջակի վրա իր «Պեկոդի», որ խարիսխ է նետել այս համերգասրահում, բայց մատների ամեն մի շարժումով Մոնքը ձգտում է գրավել մի սանտիմետր կամ հազար մղոն, մնալով առաջվա պես անշարժ, համարյա տագնապահույզ, ընդ որում, հրաժարվելով առաջ շարժվելուց եւ դաշնամուրի կափարիչի ծայրին հասնելուց, բայց ահա նրա ձեռքը թողնում է այդ կափարիչը: Թելոնիուսը, հանց արջ, դանդաղ շրջվում է, հիմա ինչ ասես կարող է պատահել, որովհետեւ հիմա նա հենման կետ չունի, եւ անկշիռ թեւածում է ռիթմի վրա, ուր Չարլզ Ռոուզը նետում է իր վերջին շեշտերը, հիասքանչ ու երկար վրձնահարվածներ` մանուշակագույնով եւ կարմիրով, իսկ մենք դատարկություն ենք զգում, որ գալիս է դաշնամուրը լքած Թելոնիուսից, մենք լսում ենք միասնական վիթխարի սրտի անվերջանալի դիաստոլան, որում զարկահոսում է մեր ընդհանրական արյունը, սակայն այդ պահին նրա մյուս ձեռքը դիպչում է դաշնամուրին, արջը, բարյացակամորեն օրորվելով, վերադառնում է ամպե ամպ առ ստեղները, նայում է դրանց, ասես կյանքում առաջին անգամ է տեսնում, մատներն անվստահ շրջում են օդում, վերջապես նա դրանք իջեցնում է ստեղների վրա, եւ մենք փրկված ենք: Ահա նա, Թելոնիուսը, ահա նա, կապիտանը, այժմ, թող որ որոշ ժամանակով, վերցված է կողմնացույցը, եւ այն, թե ինչպես է Չարլզ Ռոուզը մի կողմ գնում՝ սաքսոֆոնը վզից հանելով ու վայր դնելով, հիշեցնում է լիազորությունների հանդիսավոր հանձնման մասին, ասես պապական պատվիրակը Դոժին է վերադարձնում լուսակերտ քաղաքի բանալին:
ԳՐԱՎՎԱԾ ՏՈՒՆԸ
Տունը մեր սրտով էր` ընդարձակ եւ հին (հիմա հին տները հնարավորինս շահավետ վաճառում են, իսկ այնուհետ դրանք քանդում են), այն պահպանում էր մեր նախապապերի, հայրական կողմից պապի, մեր ծնողների եւ մեր մանկության հուշը:
Մենք տանը միայն երկուսով էինք ապրում` ես եւ Իռենը, մաքուր գժություն էր, իհարկե, երբ այնտեղ ութ հոգուց ավելի կարող էր տեղավորվել: Յոթին զարթնում եւ ամենուր մաքրություն էինք անում, տասնմեկի կողմերը ես գնում էի խոհանոց, իսկ Իռենը սենյակներն էր մաքրում: Կեսօրին, միշտ ժամը տասներկուսին նստում էինք նախաճաշելու, իսկ հետո` ափսեները լվացիր եւ համարիր, որ ողջ օրն ազատ ես: Հաճելի էր ուտելիս մեր ընդարձակ ու լռին տան մասին մտածելը, այն մասին, որ մենք այն մաքուր ու կարգին ենք պահում: Երբեմն մենք սկսում էինք հավատալ, որ հենց այս տունը չի թույլատրել մեզ ընտանիք կազմել: Իռենը, առանց որեւէ կարեւոր պատճառի, մերժել էր իր ձեռքը խնդրող երկու թեկնածուներին, իմ Մարիա Էսթերը մահացավ մինչ մեր նշանվելը: Ես եւ Իռենը քառասունի մոտ էինք եւ հաշտվել էինք այն մտքի հետ, թեպետ եւ այն բարձրաձայն չէինք արտաբերում, որ մեր մենակեցությունը, քույր եւ եղբոր լռին եւ մաքուր միությունը, կդառնա անհիշելի ժամանակներից այս տանն ապրող մեր տոհմի, ամենեւին էլ ոչ վատագույն, լրումը: Երբ մենք մահանանք, տանտերերը կդառնան մեր ծույլ ու մռայլ զարմիկները, նրանք կքանդեն այն եւ կծախեն թե աղյուսները, եւ թե հողը, բայց թերեւս, ավելի արդարացի կլինի, եթե մենք ինքներս, քանի դեռ ուշ չի, ավերենք տոհմական օջախը:
Իռենն իր բնույթով սուսիկ-փուսիկ է` հանկարծ որեւէ մեկին չանհանգստացնի: Նախաճաշից հետո նա գնում էր իր ննջասենյակը եւ օրվա մնացած մասը, բազմոցին նստած, գործում էր: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էր նա այդքան շատ գործում, կանայք, ինչպես ինձ թվում է, գործում են այն բանի համար, որպեսզի այդ պատրվակով ուրիշ ոչինչ չանեն: Բայց Իռենն այդպիսինը չէ, նա գործում էր միայն անհրաժեշտ բաներ, ինչ-որ բան ձմեռվա համար, գուլպաներ ինձ համար, իր համար` ձեռնոցներ ու բաճկոնակներ: Պատահում էր, որ մի բան նրան դուր չէր գալիս, նա ակնթարթաբար քանդում էր հենց նոր գործած բաճկոնը, հետաքրքիր էր զննել, թե ինչպես զամբյուղի փափկամազ բուրդը ջանում է ժամերով պահպանել իր նախկին ձեւը: Շաբաթ օրերը ես գնում էի կենտրոն քրոջս համար բուրդ գնելու: Իռենը վստահում էր իմ ճաշակին, նրան դուր էին գալիս իմ ընտրած գույները, եւ դեռ ոչ մի անգամ չէր պատահել, որ ես կծիկներից որեւէ մեկը խանութին վերադարձնեի: Առիթից օտվելով, շաբաթ օրերը գրախանութներ էլ էի մտնում, բայց միշտ ապարդյուն, ֆրանսիական գրականությունից նորույթներ չկային: 39 թվականից հետո ոչ մի արժեքավոր գիրք Արգենտինա չէր հասնում:
Բայց ես ոչնչով աչքի չընկնող անձնավորություն եմ, եւ խոսքը ոչ թե իմ, այլ տան` տան եւ Իռենի մասին է: Ի՞նչ կաներ նա, եթե գործելը չլիներ: Կարելի է մշտապես վերընթերցել միեւնույն գիրքը, բայց եթե պուլովերն արդեն գործած է, ողջ ցանկության դեպքում էլ դրա նման երկրորդը չես գործի: Մի անգամ ես բացեցի քաֆուրի փայտից պատրաստված մեր կոմոդի ներքեւի դարակն ու տեսա, որ այն բերնեբերան լեցուն է սպիտակ, կանաչ, բաց մանուշակագույն շարֆերով: նաֆթալինով պատված, դրանք դարսդարսված էին միմյանց վրա, ասես արդուզարդի կրպակում, ես չհամարձակվեցի Իռենին հարցնել, թե նա ինչ էր պատրաստվում դրանց հետ անել: Մենք փողի կարիք չէինք զգում, դրանք ամեն ամիս գալիս էին կալվածքից, եւ ամեն անգամ՝ ավելի շատ: Պարզապես Իռենը սիրում էր գործել, նա զարմանալի հմտությամբ է բանեցնում շյուղերը, եւ ես կարող էի ժամերով նայել արծաթավուն ոզնիների նմանվող նրա ձեռքերին, անընդհատ ցոլցլացող շյուղերին եւ հատակի վրայի զամբյուղների մեջ տարուբերվող կծիկներին: Հրաշք գեղեցկություն:
Սակայն հարկ է նկարագրել, թե ինչպիսին էր մեր տունը: Նրա հիմնական մասում ճաշասենյակն էր, գոբելեններով դահլիճը, գրադարանը եւ երեք վիթխարի ննջարաններ, որ պատուհաններով դուրս էին գալիս դեպի Ռոդրիգես Պենյա: Միջանցքի կաղնեփայտե զանգվածեղ դուռը տան այդ մասը բաժանում էր մեր կողաշենքից, որում մեր լոգասենյակն է, խոհանոցը, մեր ննջարաններն ու հյուրասենյակը, դեպի հյուրասենյակ էին բերում իմ եւ Իռենի ննջարանների դռներն ու միջանցքը: Տունը սկսվում էր նախասենյակից, այն զարդարված էր ջնարակած խեցեղենով, եւ նրա դուռը բերում էր դեպի հյուրանոց: Այսինքն, տուն մտնելով, բացում ես նախասենյակի դուռը եւ ընկնում ես հյուրասենյակ, աջից եւ ձախից` մեր ննջասենյակների դռներն են, իսկ ուղիղ` միջանցքի մուտքը, միջանցքով անցնելով բացում ես կաղնեփայտե դուռը եւ հայտնվում ես տան գլխավոր մասում, սակայն կարելի է, հենց դռան առջեւով, ձախ թեքվել, դեպի կողային միջանցքը, եւ այդժամ հասնում ես խոհանոց եւ լոգասենյակ: Երբ դուռը բաց էր լինում, լավ երեւում էր, թե տունն ինչ վիթխարի է, իսկ երբ փակ էր, թվում էր, թե հայտնվել ես ժամանակակից բնակարանում, ուր շարժվելու տեղ էլ չկա, ես եւ Իռենն ապրում էինք կողաշենքում եւ գնում էինք տան հիմնական մասը միմիայն մաքրություն անելու` աներեւակայելի է, թե ինչ արագ է կահույքը փոշոտվում: Բուենոս Այրեսը, կարծես թե, մաքուր քաղաք է, բայց դրանով նա պարտական է միայն իր բնակիչներին, եւ ոչ այլ մեկին: Փոշով լեցուն է ինքը` օդը, եւ հազիվ քամի է բարձրանում, այն արդեն ամենուր է` ծաղկապատվանդանի մարմարի եւ սփռոցների նախշերի արանքում, ավելով այն մաքրում ես` այն, օդում կախվելով, համարյա տեղնուտեղը դարձյալ ծածկում է թե կահույքը, եւ թե դաշնամուրը:
Ամեն ինչ տեղի ունեցավ շատ պարզ, առանց որեւէ թատերայնության, ես լավ հիշում եմ այդ երեկոն: Իռենը ննջասենյակում գործում էր, ժամը ութն էր, ես կամեցա մատե խմել: Անցա միջանցքով մինչեւ կիսաբաց կաղնեփայտե դուռը եւ, թեքվելով դեպի ձախ կողմի միջանցքը, հյուրասենյակում թե գրադարանում ինչ-որ աղմուկ լսեցի: Աղմուկն աղոտ էր, խուլ, ասես գորգի վրա ընկնող աթոռ եւ կամ հազիվ լսելի շշնջոց: Այդ պահին կամ մի ակնթարթ անց ես լսեցի, որ աղմուկն ահագնանում է, մոտենում է: Ես գլխապատառ նետվեցի դեպի կաղնեփայտե դուռը եւ փութով, եւ ողջ ուժով փակեցի այն, բարեբախտաբար բանալին դռան իմ կողմում էր, բացի այդ, առավել ապահովության համար փակեցի նաեւ մեծ նիգով:
Անցա խոհանոց, մատեի համար ջուր եռացրի եւ, սկուտեղը ձեռքիս Իռենի մոտ մտնելով՝ ասացի.
– Միջանցքի դուռը ստիպված եղա բանալիով փակել: Տան այդ մասը գրավված է:
Քրոջս ձեռքից գործվածքը ընկավ, եւ նա հոգնած աչքերով նայեց ինձ` աչքերը լուրջ էին եւ հոգնած:
– Վստա՞հ ես:
Ես գլխով արեցի:
– Դե ինչ,- ասաց Իռենը՝ շյուղերը հավաքելով,- այստեղ կապրենք:
Ես անշտապ եփեցի մատեն, քույրս նորից իր գործին անցավ, բայց ամենեւին էլ ոչ մեկեն: Նա այն ժամանակ մոխրագույն բաճկոն էր գործում, այն ինձ շատ էր դուր գալիս:
Առաջին օրերը մեզ համար շատ ծանր էին, տան գրավված մասում շատ բան էր մնացել, որ Իռենի եւ ինձ համար թանկ էր: Մասնավորապես, իմ ֆրանսիական գրքերը, դրանք բոլորը գրադարանում էին: Իռենը ափսոսում էր սփռոցների եւ տաք հողաթափերի համար: Ես տրտմում էի գիհու փայտից սարքված իմ ծխամորճի համար, քույրս, կարծում եմ, մեկ անգամ չէ, որ հիշում էր խոտերից պատրաստված թուրմի մասին: Հաճախ (բայց դա միայն առաջին օրերին էր) մենք հոգոցով բացում էինք կոմոդի դարակներից մեկը.
– Այստեղ չէ:
Դա մենք ասում էինք որեւէ բանի մասին, որ մնացել էր տան գրավված մասում:
Բայց ինչ-որ տեղ էլ այս վիճակն իր առավելություններն ուներ: Տունը հավաքելու վրա շատ ավելի քիչ ժամանակ էր գնում, մենք արթնանում էինք ինն անց կեսին, եւ տասնմեկի մոտ արդեն անելիք չէինք ունենում: Իռենը գալիս էր խոհանոց եւ նախաճաշ պատրաստելիս օգնում էր ինձ: Մտածեցինք եւ որոշեցինք` ես զբաղվում եմ նախաճաշով, իսկ Իռենը նույն ժամին` ընթրիքով: Ավելի լավ հնարավոր չէր մտածել, երեկոյան ժամերին միշտ էլ տհաճ է ննջարանից ելնելն ու խոհանոց քարշ գալը: Հիմա մենք սառը խորտիկներով սկուտեղը դնում էինք Իռենի ննջարանի սեղանի վրա:
Քույրս ուրախացել էր` գործելու համար ավելի շատ ժամանակ էր մնում: Բայց ես անդադար թափառում էի տնով մեկ` առանց գրքերի էի մնացել, քրոջս չվշտացնելու եւ ժամանակը կարճելու համար զբաղվում էի հորս դրոշմանիշների հավաքածուով։ Մեզանից յուրաքանչյուրը զբաղվում էր՝ ինչպես կարողանում էր, ես նստում էի Իռենի ննջարանում` այնտեղ ինձ համար հարմարավետ էր: Երբեմն քույրս ասում էր.
– Տես, թե ինչ հանգույց է ստացվել, երեքնուկի նման է, չէ՞:
Իսկ ես մոտ էի բերում դրոշմանիշները, եւ նա զննում էր դրոշմանիշների վրայի Էուպանիու Մալմեդիի կնիքները։ Մենք մեզ լավ էինք զգում եւ հետզհետե վարժվեցինք չմտածելուն: Կարելի է եւ անմտորմունք ապրել:
(Երբեմն Իռենը քնի մեջ խոսում էր, եւ այդժամ ես տեղնեւտեղն աթնանում էի: Ես այդպես էլ երբեք չկարողացա վարժվել նրա գիշերային ձայնին, մեխանիկական տիկնիկի կամ թութակի ձայնին, ձայնին ծնված երազներից, եւ ոչ թե կոկորդից: Իսկ Իռենն ասում էր, թե ես այնպես եմ շուռումուռ գալիս անկողնում, որ վերմակն ընկնում է հատակին: Մեր ննջարանները գտնվում էին հյուրասենյակի տարբեր կողմերում, բայց գիշերով լսելի է ուզածդ շրշյուն: Հաճախ անքուն պառկած, ես լսում էի, թե ինչպես է քույրս շնչում, հազում, միացնում հովհարիչը` նա նույնպես չէր քնում:
Գիշերները տանը համարյա լրիվ լռություն էր տիրում: Կեսօրին այն լցվում էր զանազան աղմուկներով, շյուղերի մետաղյա զրնգոցով, ծառերի տերեւների շրշյունով: Ինչպես ես արդեն ասել եմ, միջանքի դուռը կաղնեփայտից էր ու զանգվածեղ: Խոհանոցն ու լոգասենյակը հարում էին տան գրավված մասին, եւ երբ մենք խոհանոցում էինք գտնվում, ապա ջանում էինք որքան հնարավոր է բարձր խոսել, իսկ Իռենը երբեմն մանկական երգեր էր երգում: Ի դեպ, խոհանոցում, աման-չամանի շըխկ ու թխկոցից, առանց այդ էլ աղմկոտ էր: Միայն երբեմն, լինելով խոհանոցում, մենք լռում էինք, բայց երբ մենք արդեն ննջարաններում էինք կամ հյուրասենյակում` տունը լցվում էր կիսախավարով եւ լռությամբ, եւ մենք աշխատում էինք որքան հնարավոր է կամացուկ քայլել, որպեսզի միմյանց չանհանգստացնենք: Երեւի, հենց այդ պատճառով, երբ Իռենը քնի մեջ խոսում էր, ես տեղնուտեղը զարթնում էի):
Օրեցօր ամեն ինչ կրկնվում էր համարյա առանց փոփոխությունների: Մի երեկո, նախքան պառկել քնելը, ես ծարավեցի եւ Իռենին ասացի, որ գնում եմ խոհանոց ջուր բերելու: Դեռ ննջարանի շեմին (քույրս գործում էր) ես խոհանոցում աղմուկ լսեցի, իսկ գուցե թե եւ՝ լոգարանում` անհնար էր ճշգրիտ որոշել: Իռենը տեսավ, որ ես շեմին քարացել եմ, եւ լռիկ մոտեցավ ինձ: Մենք ունկ դրեցինք` անկասկած, աղմուկը միջանցքի կողմի դռնից չէր գալիս, այլ` խոհանոցից, լոգարանից կամ էլ միջանցքից` տան այդ կողմից:
Մենք նույնիսկ իրար չնայեցինք: Ես ճանկեցի քրոջս ձեռքն ու, առանց շրջվելու, քարշ տվեցի նախասենյակ: Խուլ աղմուկը մեր մեջքի ետեւում ավելի ու ավելի ահագնանում էր: Նախասենյակում ես ուժով դուռը շրխկացրի: Բացարձակ լռություն էր տիրում:
– Տան այս մասն էլ գրավեցին,- ասաց Իռենը:
Բրդե թելերը ձգվում էին նրա ետքից, անհետանալով նախասենյակի դռան հետեւում: Հասկանալով, որ կծիկները մնացել են դռան այն կողմում, Իռենը ձեռքերը թուլացրեց, գործվածքը վայր ընկավ, քույրս դրան նայել անգամ չուզեց:
– Դու ոչինչ չհասցրի՞ր վերցնել,- չգիտես ինչու՝ հարցրի ես:
– Ոչինչ:
Ամենն, ինչ որ մեր հագին էր` դա էր մեր ունեցվածքը: Ես հիշեցի, որ իմ ննջարանում, պահարանում, տասնհինգ հազար պեսո ունեմ: Բայց նրանց ետեւից գնալն արդեն ուշ էր:
Ձեռքիս ժամացույցը ցույց էր տալիս տասնմեկը: Ես գրկեցի Իռենին (նա, կարծես, արտասվում էր), եւ մենք տնից ելանք: Ափսոսանքի հոգոցով հրաժեշտ տալով տանը, ես փակեցի մուտքի դուռը եւ բանալին նետեցի ջրանցքը: Թեպետ հազիվ թե որեւէ գողի մտքով տուն մտնելու ցանկություն ծագի` այդ ժամին եւ այն էլ` արդեն գրավված տուն: