Երեկ Հայաստանի քաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի մասին տեղեկություններն էին: Գրեթե բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ նախօրեին Քոքոբելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀՇ վարչությանը, որը, սակայն, չի քվեարկվել եւ ընդամենն ընդունվել է ի գիտություն: «…Միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը, Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով: Խ. Քոքոբելյանը դիմում է ներկայացրել միայն կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ, որը վարչությունում չի քվեարկվել, եւ այն ընդամենն ընդունվել է ի գիտություն: Ինչ վերաբերում է կատարվածի վերաբերյալ տարբեր ասեկոսեներին, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են այն հանգամանքով, որ ի դեմս Խ. Քոքոբելյանի՝ որոշակի անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում»,- նշված է ՀՀՇ լրատվական ծառայության երեկվա հայտարարության մեջ: Ըստ տարբեր տեղեկությունների, հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ոչ Քոքոբելյանը, ոչ էլ Զուրաբյանը երեկ որեւէ կերպ չեն մեկնաբանել այս իրադարձությունները: Մինչդեռ երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում ու քաղաքական շրջանակներում հնչում էին կատարվածի վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններ ու վարկածներ, որոնք, սակայն, չեն արտահայտում խնդրի բուն էությունը: Իրականում արդեն ավելի քան մեկ տարի հասարակության ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող հատվածը, մեղմ ասած, հուսահատված է ՀԱԿ-ի պասիվ եւ անհասկանալի գործունեությունից եւ, բնականաբար, որոշակի գործողություններ է ակնկալում: Փաստորեն ընդդիմության մի թեւը ըստ էության բարձրացրել է հասարակության այդ հատվածի պահանջը, ինչը մերժվել է: Այսինքն` այս խնդիրը իրականում ջրբաժան կարող է դառնալ ՀԱԿ-ի «կառուցողական» եւ արմատական հատվածների միջեւ: