Կողջունի ցանկացած երկրի միջնորդություն

15/06/2010

Պաշտոնական Երեւանը Անկարայից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «իրական պատրաստակամություն» է սպասում: Այս մասին երեկ Թբիլիսիում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ մամուլի ասուլիսում: «Մի քանի ամիս առաջ Թուրքիայի խորհրդարանն արգելափակեց երկու արձանագրությունները, որոնք արդեն համաձայնեցրել էին կողմերը, ինչն էլ փաստաթղթերի վավերացման գործընթացում որոշակի դադարի բերեց: Խոսակցություններ սկսվեցին որոշ նախապայմանների մասին, ինչը տվյալ հարցի քննարկումը դադարեցնելու պատճառ դարձավ»,- ասել է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է բանակցություններում հնարավոր միջնորդությանը, ապա, ըստ Էդ. Նալբանդյանի, պաշտոնական Երեւանը դրական կհամարի ցանկացած պետության միջնորդություն, քանի որ կարծում է, որ դա կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, չնայած Երեւանը նախ սպասում է, որ պաշտոնական Անկարան իրապես պատրաստ լինի հարաբերություններում առաջխաղացմանը: