Ադրբեջանի ռազմական նոր հայեցակարգի ընդունումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, մասնավորապես, հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարի հետ: Այս մասին, ըստ ադրբեջանական «Zerkalo»-ի` հայտարարել է Ադրբեջանի «Ռազմական լրագրողներ» հասարակական կազմակերպության ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում կարող են տեղակայվել ռուսական կամ թուրքական զորքեր: «Սակայն դատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` ռուսաստանյան այցերի հաճախակիությունից` կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, այդ տարածքներում կտեղակայվեն ռուսական զորքեր»,- ասել է ադրբեջանցի փորձագետը: Միեւնույն ժամանակ, Ուզեիր Ջաֆարովը չի բացառել թուրքական զորքերի տեղակայումը Նախիջեւանում: «Չի բացառվում, որ ընդունված հայեցակարգի համաձայն` թուրքական զորքեր տեղակայվեն Նախիջեւանում Կարսի պայմանագրի շրջանակում, որը նախատեսում է Թուրքիայի ռազմական միջամտությունն այդ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքի դեպքում»,- նշել է նա: Ջաֆարովը հայտարարել է նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր են զարգացումներ արդեն այս տարվա օգոստոսին: «Այժմ մենք նկատում ենք ակտիվություն այդ գործընթացում: Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս տարի արդեն երկրորդ այցն է կատարել Մոսկվա: Իսկ դա ցույց է տալիս, որ մենք հիմա գտնվում ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գագաթնակետում»,- ասել է Ջաֆարովը: