ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգյան երեկ, առաջին անգամ, փաստահավաք առաքելությամբ ժամանեց Հայաստան։ Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար քննարկվում է իրավիճակը ՄԱԿ-ի անդամ երկրներում: «Հայաստանի մասով վերջին վերլուծությունը ընձեռել է իրավապաշտպաններին տրված հանձնարարականների կատարումը եւ կառավարության գործունեությունը քննարկելու լավ հնարավորություն,- ասել է Մարգարեթ Սեկագյան եւ հավելել,- Առաքելության նպատակն է անձամբ տեղում ուսումնասիրել եւ չեզոք, առարկայական գնահատական տալ իրավապաշտպանների աշխատանքին, նպաստել նրանց եւ իշխանությունների կառուցողական համագործակցությանը»: Փաստահավաք առաքելության համար ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպելու է ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին, արդարադատության համակարգի պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, օրենսդիրներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին, ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներին: Հունիսի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մ. Սեկագգյան կհանդիպի հայ լրագրողների հետ: Եզրափակիչ զեկույցը 2011թ. կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Մարգարեթ Սեկագգյան 2008թ. նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող, նա անկախ է գործում եւ չի ենթարկվում որեւէ երկրի կառավարական կամ ոչ կառավարական որեւէ կառույցի: