«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ հաջողություն են մաղթել Հայ Ազգային կոնգրեսին` արտահերթ ընտրությունների իրենց պահանջն իրականացնելու գործում` նշելով, որ որքան շուտ երկրի կառավարման համակարգում առողջացում սկսվի, այնքան լավ: Միաժամանակ նկատել են, թե իրենց համար տեսանելի չէ այն գործընթացը, որը կբերի ՀԱԿ-ի խոստացած արտահերթ ընտրություններին: «Պրոցես՝ որպես այդպիսին, որ կբերի արտահերթ ընտրությունների, այս պահին ես չեմ տեսնում: Քաղաքական հիմքերն արտահերթ ընտրությունների համար հստակ տեսնում եմ, դա եւ՛ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների չլուծումն է, եւ՛ ազատ տեղեկատվությունը, եւ՛ Մարտի 1-ը, եւ՛ չբացահայտված սպանությունները, եւ՛ սոցիալ-տնտեսական իրավիճակը` առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացու հաշվով, արտաքին մարտահրավերների այս ամբողջ ներկապնակն իր միասնության մեջ»,- թվարկել է Ա. Մարտիրոսյանը: Նաեւ հավելել է, թե երեք հանգամանք կա, որոնք կարող են պատճառ դառնալ արտահերթ ընտրությունների` ներիշխանական հակասությունները, հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդրում ոչ հայանպաստ զարգացումները: Սակայն, վերջին հարցի դեպքում, ըստ Ա. Մարտիրոսյանի` «իշխանությունը դժվար թե գնա նմանատիպ ստորագրության»: «Պիտի խոստովանել, որ, այնուամենայնիվ, չկա այդ պրոցեսը, որը լուրջ հիմքերի վրա կմոբիլիզացներ հասարակությանը եւ կհասունացներ այդ պահանջը, որը շատերի շուրթերին է»,- խոսելով ՀԱԿ-ի հայտարարած արտահերթ ընտրությունների մասին, ասել է Ս.Սաֆարյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե կուսակցության առաջիկա համագումարում, որը տեղի է ունենալու հուլիսի 10-ին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ է դառնալու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, պատգամավորներն ասել են, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Օրինակ, թերթերը գրել են, որ համագումարն ուշանում է պատվիրակների բացակայության պատճառով… կգաք համագումարին ու կտեսնեք` մարդ կա՞, թե՞ չէ»,- հակադարձելով մամուլի հրապարակումներին, ասել է Ս. Սաֆարյանը: