Օտարալեզու դպրոցների բացման հետ կապված արձագանքը զարմանալիորեն շա՜տ բուռն արձագանք ստացավ։ Բողոքի ակցիաներ, հոդվածներ, ասուլիսներ, անգամ հատուկ ինտերնետային կայք՝ «Ընդդեմ լեզվի օրենքի փոփոխությանը»։
Չէ, իհարկե, լավ է, որ հասարակությունը կարողանում է հակազդեցության այսպիսի դրսեւորումներ ցուցաբերել։ Պակաս լավ չէ, որ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիրները մոռացած՝ այսքա՜ն անհանգստանում են մայրենի լեզվի համար։ Բայց այդ ամենով հանդերձ՝ արձագանքը շա՜տ զարմանալի է ու անհասկանալի։ Ինչո՞ւ։ Թերեւս ավելի հեշտ է ասել՝ ե՞րբ զարմանալի չէր լինի։ Չէր լինի այն դեպքում, եթե նույն մարդիկ, նույն համառությամբ վրդովվեին ու բողոքի ակցիաներ անեին, որ հայրենի Ազգային ժողովում գումարումից գումարում իջնում է հայերեն լեզվի նշաձողը։ Ըստ տրամաբանության, լեզվի մասին այսքան անհանգստացող ազգը պետք է կամ չընտրեր նորմալ հայերեն խոսել չիմացող մի շարք պատգամավորների, կամ էլ՝ եթե իրենց կամքին հակառակ «կեղծել» են, հուժկու բողոքի ալիք բարձրացնեին կեղծողների դեմ։
Պակաս զարմանալի չէ նաեւ այն, երբ հայոց լեզվի ջատագով պաշտպանների թվում տեսանք մարդկանց, որոնք ակտիվորեն պաշտպանում են աղանդավորների ու համասեռամոլների իրավունքները։ Փաստորեն, ստացվում է՝ ավելի լավ է լինել հայկական դպրոց ավարտած համասեռամոլ կրիշնայական, քան ռուսախոս նորմալ տղամարդ։ Փաստորեն՝ այս վերջինը մատաղ սերնդի ու հայ ազգի ինքնության համար ավելի վտանգավոր երեւույթ է, քան առաջինը։
Ինչեւէ, նորից շեշտենք՝ լավ է, որ հայերը անհանգստանում են հայոց լեզվի համար, ու լավ է, երբ փորձում են իրենց բողոքը տեղ հասցնել։ Սակայն այս ոգեւորությունը, մյուս կողմից, վկայում է այն մասին, թե որքան թույլ ու խոցելի ենք համարում ինքներս մեզ։
Բողոքն ավելի հասցեական դարձավ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը BarCamp ճամբարում հայտարարեց, որ «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունները թելադրված են Հայաստանում Թաիլանդի ռեգենտների դպրոցի եւ Դիլիջանում ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանի միջազգային դպրոցի գործունեությունը թույլ տալու անհրաժեշտությամբ։ Բանն այն է, որ այդ դպրոցում ուսուցումը լինելու է անգլերեն։ Հետո ինտերնետում հրապարակվեց բաց նամակ՝ ուղղված Դիլիջանի Միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդին՝ ուսուցումը հայերեն կազմակերպելու խնդրանք-պահանջով։
Լայն զանգվածներին Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնադրվելիք դպրոցը ներկայացվեց հիմնականում այս կտրվածքով՝ էլիտար դպրոց, անգլերեն ուսուցմամբ։ Ու նաեւ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ ուսուցման գինը կազմելու է 22 հազար ԱՄՆ դոլար։
Կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի որոշակի տեղեկություններ ունենալ այդ դպրոցի (եւ ոչ միայն) մասին։ Նախ նշենք, որ ուսուցումն իրոք անգլերեն է։ Սակայն, բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, քանի որ դպրոցը պետք է լինի միջազգային։ Դասավանդելու են արտասահմանցի մասնագետներ, եւ 600 սովորողների մեծ մասը լինելու են արտասահմանցիներ։ Հիմնարկեքը եղել է ընդամենը 2 ամիս առաջ, իսկ բացումը նախատեսված է 2013թ. սեպտեմբերին։ Ուսման վարձի մասին խոսք դեռեւս չկա։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը ուսումնական հաստատություն հիմնելու մի հաջողված փորձ արդեն ունի։ Ռուսաստանում նա հիմնադրել է «Սկոլկովո» կոչվող բիզնես-դպրոցը։ Այստեղ եւս ուսուցումն անգլերենով է, դասավանդում են բարձրակարգ մասնագետներ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Դմիտրի Մեդվեդեւը, անդամների թվում են Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուն, ՌԴ վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, «Flagship Ventures» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը, ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Գերման Գրեֆը, «Monitor Group» ընկերության ղեկավար Մարկ Ֆուլլերը եւ շատ այլ հայտնի մարդիկ։ Ռեկտորը Անդրեյ Վոլկովն է, դեկանը՝ մարկետինգի գծով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Վիլֆրիդ Վանհոնակերը։ Ուսուցման որակի մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել։ Գներն էլ բավականին բարձր են։ Օրինակ, MBA (բիզնեսի կառավարում) 16 ամիս տեւողությամբ ծրագրի արժեքը 60 հազար եվրո է։ Այն, սակայն, իր մեջ ներառում է աշխարհի լավագույն բիզնես-դպրոցների պրոֆեսորների դասախոսություններ, անհատական եւ խմբային պարապմունքներ, անհրաժեշտ բոլոր դասագրքերն ու մյուս պարագաները (այդ թվում՝ նոութբուքեր), ապրուստը եւ սնունդը՝ ինչպես «Սկոլկովոյի» տարածքում, այնպես էլ այն երկրներում, որտեղ անցկացվում են միջազգային ուսումնական այցեր, ուղեւորություններ Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլուր։
Նշենք նաեւ, որ դպրոցն ունի շուրջ 600 մշտական սովորող՝ աշխարհի տարբեր երկրներից, եւ մոտ 9000 մասնակիցներ տարբեր ծրագրերում։ Հիմա ի՞նչ՝ ռուսները բողոքե՞ն, որ ուսման վարձը թանկ է, եւ բոլորը հնարավորություն չունեն սովորելու։ Կամ անհանգստանա՞ն, որ ռուսերեն լեզուն ետին պլան է մղվում։ Դժվար թե, որովհետեւ իրենք իրենց վրա վստահ են։
Գանք, սակայն, քննարկման թեմա դարձած Դիլիջանի միջազգային դպրոցին։ Այդ դպրոցը, որպես այդպիսին, բարձրագույն բիզնես-դպրոց չէ։ Այնտեղ սովորելու են 13-18 տարեկան երեխաներ։ Եվ հաջողության դեպքում, նրանց մեծ մասը կլինեն արտասահմանցիներ։ Վա՞տ է դա արդյոք։
Նշենք, որ դպրոցի հոգաբարձուների խորհրդին ուղղված բաց նամակի հեղինակները իրենք էլ խոստովանում են, որ դպրոցի գաղափարը լավն է։ Սակայն վատն այն է, որ անգլերենով է, խորհուրդ են տալիս ուսուցումը կազմակերպել հայերենով։ Իսկ դա արդեն անհասկանալի է, դպրոցը կորցնում է իմաստը։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ, ասենք, վրացին իր երեխային ուղարկի Դիլիջան՝ հայերենով ուսում անցնելու։ Բացի այդ, ինչպե՞ս պետք է արտասահմանցի դասախոսները ուսուցանեն։ Իսկ նրանց մասնակցությունը ոչ միայն գիտելիքի որակի տեսանկյունից է կարեւոր, այլ՝ գրեթե կբացառի կաշառքով գնահատական ստանալու երեւույթը։ Սակայն ստացվում է, նման դպրոցում անգլերենով ուսուցումն այնքա՜ն վտանգավոր է, որ ավելի լավ է իսպառ հրաժարվել այդ գաղափարից։
«Կսկսվի աստիճանական, բայց անդառնալի մի գործընթաց, երբ ծնողներն իրենց երեխաների համար առավել լավ կրթություն փնտրելիս կնախընտրեն օտարալեզու դպրոցը, դրանց աշակետները, ստանալով առավել լավ կրթություն, կընդունվեն լավագույն բուհերը, կզբաղեցնեն առաջատար դիրքեր, մասնավոր եւ կառավարական հատվածներում կձեւավորվի օտարախոս վերնախավ»,- գրում են նամակի հեղինակները՝ ավելացնելով, որ վերնախավին կհետեւեն մնացածները, որոնք կուզեն, որ իրենց երեխաները նույնպես հասնեն հաջողությունների։ «Դա կտրուկ կիջեցնի հայերենի հաղորդակցական հնարավորությունները եւ հեղինակությունը՝ դուրս մղելով նրան հասարակական կյանքի բոլոր բնագավառներից, ապա հարցականի տակ կդնի ընդհանրապես այդ լեզվի գոյությունը, հետեւապես նաեւ՝ հայ ազգի գոյությունը»։
Սա նշանակում է, որ մենք հույսներս կտրել ենք, որ հայկական դպրոցները երբեւէ նորմալ կրթություն կտան, ի սկզբանե ընդունում ենք, որ հայկական դպրոցները մրցակցությանը չեն դիմանա, եւ բոլորը, ովքեր հնարավորություն ունեն, կգնան օտարալեզու դպրոցներ։ Բայց փոխանակ հայկական դպրոցների որակը լավացնելու, փոխանակ պայքարելու, որ հիմար դասագրքերով երեխաներին չփչացնեն, կաշառք չվերցնեն, նորմալ դասընթաց անցկացնեն, մենք ավելի հեշտ ճանապարհ ենք ընտրում՝ «էս գլխից» արգելելով մրցակցի հայտնվելը։ Ամեն դեպքում, եթե 10-15 օտարալեզու դպրոցների գոյությունից վախենում ենք, ուրեմն խոստովանում ենք, որ ազգային ինքնագիտակցության, հայրենասիրության եւ մյուս կարեւոր կատեգորիաները մեզանում շատ խախուտ հիմքերի վրա են դրված։ Եթե «օտարին» գցվող ենք, արգելքները հաստատ չեն օգնելու։