Դեռեւս 2002 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, ստեղծվեց Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): Այն պետք է պետական աջակցություն տրամադրեր ՓՄՁ-ներին, ինչպես նաեւ՝ իրականացներ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր:
Թե ինչով է կենտրոնը զբաղվել նախորդ 8 տարիներին, դժվար է ասել: Փաստն այն է, որ գրեթե բոլոր այն գործարարները, որոնք առնչվել են ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, դժգոհելու բազմաթիվ առիթներ ունեն: Դրանք հիմնականում վերաբերում են կառույցի կողմից պայմանագրային պարտավորությունները չպահպանելու, կամ նրանց քննարկմանը ներկայացված բիզնես-նախագծերը տարիներով անուշադրության մատնվելու երեւույթներին: Գումարի կարիք ունեցող ձեռնարկությունը երբեմն ստիպված է ամիսներ շարունակ պարապուրդի մատնված սպասել, մինչեւ ՓՄՁ ԶԱԿ-ը կբարեհաճի քննարկել նրանց փաստաթղթերն ու հայտը մերժելու կամ, լավագույն դեպքում, մասնակի բավարարելու որոշում կայացնել: Իսկ ինչ վերաբերում է այն հատուկենտ «հաջողակներին», որոնք կարողացել են ՓՄՁ-ի երաշխավորությամբ վարկ ստանալ, ապա նրանցից շատերը հայտնվել են անելանելի վիճակում: Խնդիրն այն է, որ այդ վարկերը տրվում են կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքներով: Ինչպես հավաստիացնում են գործարարները, դրանք ոչ թե նպաստում են իրենց ընկերության զարգացմանը, այլ հակառակը` այն հասցնում են սնանկացման: Նույն տոկոսադրույքով բիզնեսի զարգացման վարկ տրամադրում են նաեւ առեւտրային բանկերը, որոշ դեպքերում` ավելի երկարաժամկետ: Սակայն, գործարարները հիմնականում դիմում են ՓՄՁ ԶԱԿ-ին, քանի որ վարկի տրամադրման առաջին տարին արտոնյալ է: Ֆինանսական աջակցություն ստանալու համար նախորդ տարի ՓՄՁ ԶԱԿ-ին են դիմել մի քանի հարյուր ընկերություններ: Վարկային երաշխավորություն է տրամադրվել ընդամենը 20 ընկերության: Ընդ որում, նրանց ներկայացվող պահանջներն այնքան արտառոց են, որ, զարմանալի է, որ նրանցից որեւէ մեկը կարողացել է բավարարել այդ պահանջները: Օրինակ, գումարի կարիք ունեցող ընկերությունը պետք է ՓՄՁ ԶԱԿ-ին համոզի, որ ինքը զարգացման մեծ հեռանկարներ ունի, որ իր բիզնեսը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության համար, որ ինքը խթանելու է պետության կաթվածահար եղած արտահանումը, ունենալու է ֆինանսական մեծ գրավչություն, նորարար գաղափարներ ու էլի հազար ու մի պահանջներ, որը, թերեւս, չունեն նույնիսկ խոշոր գործարանները, փոքր ձեռնարկությունը` առավել եւս:
Մենք զրուցեցինք մի քանի ՓՄՁ-ների ղեկավարների հետ, որոնց, այնուամենայնիվ, հաջողվել է գոհացնել խստապահանջ պետական կառույցին: Կաթի վերամշակմամբ զբաղվող «Դայկալատ» ընկերության սեփականատեր Գագիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասում է. «Ես գործարանն արդեն կառուցել էի, այն լիովին պատրաստ էր, երբ դիմել եմ 200 հազար դոլար վարկ ստանալու համար, որպեսզի կարողանամ աշխատել: Եկան, գործարանս տեսան, այն գնահատեցին ընդամենը 410 հազար դոլար, իսկ ինձ տվեցին` 110 հազար դոլար` 16 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 5 տարի ժամկետով: Բնական է, որ իմ գործարանը շատ ավելի մեծ արժեք ունի: Իրենց ռեկլամներում ասում են, որ վարկավորում են գույքի արժեքի 70 տոկոսի չափով: Եթե այդպես լիներ, ինձ պետք է ամենաքիչը 300 հազար դոլար տային, բայց տվեցի՞ն: Ինչ վերաբերում է տոկոսադրույքին, ապա այն շատ բարձր է: Կարող է այն ձեռնտու լինել խոշոր առեւտրային ընկերության համար, որի ապրանքը անմիջապես փող է դառնում: Բայց, օրինակ, ես արտադրում եմ կաթի փոշի: Հիմա պետք է կաթը հավաքեմ, մշակեմ, պահեստավորեմ, որպեսզի, երբ պահանջարկ լինի, այսինքն՝ դեկտեմբերից մինչեւ մարտի վերջ, կարողանամ վաճառել: Բայց ես ամեն ամիս տոկոս եմ մուծում, այդպես բացարձակ ձեռնտու չի»: Ըստ պարոն Աբրահամյանի, Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այնպիսին է, որ տեղական արտադրողն իրեն պաշտպանված չի զգում: «Անցյալ տարի դրսից «բռակ» կաթի փոշի բերեցին ու լցրեցին շուկա, իսկ տեղական արտադրանքը մնաց մինչեւ հունվար ու չվաճառվեց: Ազատ շուկայական հարաբերություններ են, ով ինչ ուզում է, այն էլ անում է: Ինձ մեկ-մեկ ասում են, թե տոկոսները ուշացնում եմ, ես էլ ասում եմ՝ էս դուք, էս էլ իմ արտադրանքը, դե օգնեք ծախեմ»: Գ. Աբրահամյանն ասում է, որ ինքը հետաքրքրվել է, ու պարզել, որ աշխարհում ոչ մի տեղ, այն էլ՝ գյուղատնտեսության համար, նման տոկոսադրույքներ չկան. «Օրինակ Ռուսաստանում տարեկան 6 տոկոս է, որը լրիվ նորմալ է: 16 տոկոս, այն էլ 5 տարով, պարզապես թալան է: Եթե ես մի սեզոն չկարողանամ աշխատել, արդեն «բանկրոտ» կլինեմ, ու կգան ձեռքիցս գործարանը կառնեն»: «Դայկալատի» տնօրենն ասաց, որ հիմա մտածում է վարկը ժամկետից հնարավորինս շուտ մարելու ուղղությամբ. «Մի քիչ ոտքի կանգնեմ, մտածում եմ` մինչեւ հունվար այդ փողը փակեմ, պրծնեմ, գնամ առեւտրային բանկերից նոր վարկ վերցնեմ` ավելի նորմալ պայմաններով: Ուրիշ տարբերակ չկա»: Գ. Աբրահամյանը նշեց նաեւ, որ ՓՄՁ ԶԱԿ-ը խախտել է նախնական պայմանավորվածությունը. «Սկզբից ասացին, որ վարկի տարեկան տոկոսադրույքը 12 տոկոս է, հետո հաշվեցին 16 տոկոս ու ասացին՝ ուզում ես` ուզի, չես ուզում՝ մի ուզի: Բայց դե այնպիսի վիճակ էր, որ չէի կարող չվերցնել: Տարբերակ չունեի: Վարկի հետ կապված` 6 ամսում ինձ հազիվ պատասխան տվեցին: Դա էլ սեղմ ժամկետ համարվեց ու ստացվեց, որ ինձ ընդառաջեցին»:
Դժվար իրավիճակում է հայտնվել նաեւ վարկառու մեկ այլ ընկերություն` պահածոների արտադրությամբ զբաղվող «Կոնսեր» ձեռնարկությունը: Տնօրեն Համլետ Ավագյանն ասում է, որ իրենք դիմել են ՓՄՁ ԶԱԿ-ին 582 միլիոն դրամ աջակցություն ստանալու համար, բայց ստացել են միայն 395 միլիոնը` տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով: Նրա խոսքերով, նորմալ աշխատելուն խանգարում է ոչ միայն վարկի պայմանները, այլ նաեւ` պետության իրականացրած դրամավարկային քաղաքականությունը: «Փոքր բիզնեսի զարգացման համար սա շատ բարձր տոկոսադրույք է: Բայց դե վերցրեցինք, որովհետեւ մտածում էինք, գոնե կկարողանանք պարապուրդի չմատնվել, աշխատել: Սակայն, այսօր կանգնել ենք պրոբլեմի առաջ: Մեր արտադրանքը Եվրոպա արտահանելու համար խոշոր պայմանագրեր ունեինք, բայց արտարժույթի տատանումների պատճառով արտահանելը ձեռնտու չի, իսկ տեղական շուկայում էլ չենք կարող մեծ իրացում ունենալ: Ընդհանրապես այսօր եվրոյով աշխատող ընկերությունների մոտ շատ վատ վիճակ է ստեղծվել: Այն ժամանակ, երբ պայմանագիր ենք կնքել դրսի ընկերությունների հետ, եվրոն 560 դրամ էր, իսկ հիմա 460 է: Այս պայմաններում շահույթի մասին խոսելն ավելորդ է: Եթե պետությունը փորձում է աջակցել բիզնեսին, բայց երկրում դրամավարկային ճիշտ քաղաքականություն չկա, ապա այդ աջակցությունը ջուրն է լցվում»,- ասում է պարոն Ավագյանը:
Եթե 2 տասնյակ ընկերություններ հարկադրված վերցրել են այդ վարկը, ապա շատերը պարզապես հրաժարվել են համագործակցել ՓՄՁ ԶԱԿ-ի հետ: Օրինակ, «Մեգա-Արարատը», կամ, ասենք, «Ագրար Արմավիր» ընկերությունը: «Մեգա Արարատից» տեղեկացանք, որ, թեեւ վարկ ստանալու համար ներկայացրել են բիզնես նախագիծ, սակայն, ծանոթանալով պայմաններին, հրաժարվել են դրանից: Այս ընկերության պարագայում եւս ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը խիստ տարբերվել է հետագայում պետական կառույցի կողմից ներկայացված պայմաններից:
Տեղեկացնենք նաեւ, որ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից: Թեեւ նա ազատվել է սեփական դիմումի համաձայն, սակայն, մեր տեղեկություններով՝ պատճառը ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված չարաշահումներն ու խարդախության դեպքերն են: Դրանց վերացման եւ շտկման համար վերջինիս ժամանակ էր տրվել: Սակայն, պարոն Կարապետյանը ոչ միայն չի կարողացել շտկել իրավիճակը, այլ ի հայտ են եկել ֆինանսական չարաշահումների նոր դեպքեր, որն էլ նրա պաշտոնանկության պատճառ է դարձել: Իհարկե` մեզ հետ զրույցում Ի. Կարապետյանը հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ աշխատանքի է անցել ավելի բարձր վարձատրվող ընկերությունում: Նշենք նաեւ, որ Վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար նախատեսված վարկերը որոշ դեպքերում «դուրս են գրվել» այնպիսի ընկերությունների անուններով, որոնք ընդհանրապես գոյություն չունեն: Իսկ որոշ դեպքերում էլ, պարզվել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը վարկավորել է ինչ-որ անհատների` սեփական տան տանիքը վերանորոգելու, կամ անձնական այլ ծախսերի համար: Այսպիսով, Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ պետական բյուջեի միջոցները ծախսվել են անարդյունավետ եւ չեն նպաստել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ավելացնենք նաեւ, որ փոքր բիզնեսին աջակցելու համար ՓՄՁ ԶԱԿ-ին գումար է տրամադրվել նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից: Իշխան Կարապետյանի պաշտոնանկության մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: