Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղն ունի 37 տնտեսություն: Գյուղի էլեկտրիկ
Ռաֆիկը յուրաքանչյուր ամիս ընդամենը 50.000 դրամ հոսանքի վարձ է հավաքում:
Ճիշտ է, յուրաքանչյուր ընտանիք մի աշխատավարձ ստացող ունի, բայց դա չի
հերիքում կենցաղային նույնիսկ ամենապարզ խնդիրները լուծելու համար:
Հագուստ կամ սառնարան ու հեռուստացույց գնելու համար փող չի մնում: Ապրում
են քանդված ու մրոտ պատերով տների մեջ: Անցած հազարամյակից մնացած գույքը
«կանգուն» պահելու համար օգտագործում են քարից ոտնակներ ու պատվանդաններ:
Ճաշը պատրաստում են խարույկի վրա: Ու տներն այնքան կորած են անտառի մեջ,
որ թվում է, թե ընկել ես Ռոբինզոնի կղզին: Բայց սա անշեղորեն դեպի
զարգացում ու ժողովրդավարություն սլացող Հայաստանն է:
Գյուղի 112 բնակիչներից ընտրելու իրավունք ունի 82-ը: Մարզային ու
շրջանային չինովնիկները գյուղ այցելում են միայն ընտրությունից
ընտրություն: Ներքին հանդեցիներն արդեն լուրջ չեն ընդունում այդ
այցելություններն ու այլեւս բանի տեղ չեն դնում նրանց դատարկ խոստումները:
Իսկ մայրաքաղաքի նախարարներն այս գյուղ գալիս են միայն Բասուտա գետով ու
սոճիների պուրակով հիանալու եւ մաքուր օդում խորոված ուտելու համար:
«Էկզոտիկայի համար»,- հեգնում են գյուղացիները: Այս գյուղի բնակիչները
հեռուստացույցով միայն սերիալներ են նայում, հարեւաններով հավաքվում են
հեռուստացույց ունեցողի տանը եւ գոնե մեկ ժամ ընկնում են մեկ այլ
իրականություն: Մտածում են, որ լրատվական կամ այլ ծրագրերն իրենց համար
չեն, որովհետեւ Հայաստանում ու աշխարհում ինչ որ կատարվում է, Ներքին
Հանդին ընդհանրապես չի վերաբերում: Ներքին Հանդի դպրոցն ունի 7 աշակերտ եւ
6 ուսուցիչ: Դպրոցն ութամյա է, 2-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարաններն աշակերտ
չունեն: Այս տարի առաջին դասարան է ընդունվել ընդամենը մեկ երեխա: Նույն
ձեւով մնացած դասարաններն էլ ունեն մեկ կամ երկու աշակերտ: Անահիտ
Ոսկանյանը դասվար է, բայց քանի որ մասնագետներ չունեն, պատմություն է
դասավանդում: Անգլերենի ուսուցիչը Կապանում զինծառայող է եւ գյուղ է գալիս
շաբաթը երեք օր: Դասվար ընկեր Գասպարյանը 1-ին եւ 3-րդ դասարանների 2
աշակերտների հետ միաժամանակ է պարապում, յուրաքանչյուր աշակերտի հետ
աշխատում է 22 րոպե:
«Ութնամյակն ավարտելուց հետո բոլորը փախնում են Կապան,- ասում է ընկեր
Գասպարյանը: -Այստեղ մնացել են մեծահասակները: Քաղաքից շատ է հեռու,
տրանսպորտ չկա: Էս մերու մեջ ջահելին պահող բան չկա»:
Գյուղի վերջին հարսանիքը եղել է 4 տարի առաջ, իսկ վերջին երեխան ծնվել է
երկու տարի առաջ: Մահերն ավելի հաճախակի են: Եթե ծնունդ է լինում, 1 ամիս
առաջ են ծննդկանին Կապան տեղափոխում. կարող է ցավերը հանկարծակի բռնեն ու
մեքենա չկարողանան գտնել: Տեղացիները մտածում են, որ մի օր, շատ շուտով,
իրենց ծերացած գյուղը «փակվելու» է: Այս գյուղում դժվար է գտնել մի մարդ,
որին գոնե մեկ անգամ օձը կծած չլինի: Եթե Կապան հասցնելու հնարավորություն
չի լինում, մարմնից թույնը բերանով են քաշում: Մինչդեռ Ներքին Հանդը
կարեւոր գյուղ է, Հայաստանի ամենավերջին գյուղը, որից հետո սկսվում է
ազատագրված Զանգելանը: Գտնվում է «Շիկահողի» արգելոցի մեջ, սոճիների
հայտնի պուրակի եւ Բասուտա գետի կողքին: Եվ բնության այս շքեղ անկյունում
չգիտես գյո՞ւղն է մտել անտառի մեջ, թե՞ անտառն է սարից գյուղ իջել:
Ադրբեջանի կողմի սահմանն ամրացնելու համար 1985թ. գյուղը 3-4 կմ տեղափոխել
են մի քիչ ներքեւ: 1993թ. ապրիլի 24-ին ադրբեջանցիները գյուղը գրավում են:
6 ամիս հետո մերոնց հաջողվում է Ներքին Հանդը հետ վերցնել, բայց արդեն
ամբողջությամբ ավերված ու վառված վիճակում:
«4000 կտոր գիրք ունեինք,- ասում է գրադարանավար Անահիտ Բաբայանը: -Բոլորը
վառել էին: Հիմա տարբեր տեղերից 600 կտոր գիրք եմ հավաքել, նոր գրադարան
եմ սարքել, 17 մշտական հաճախորդ ունեմ»:
Հոկտեմբերի 9-ին Ներքին Հանդում գյուղապետի ընտրություններ են։
Գյուղացիները միաձայն ընտրելու են Խաչատուր Բաղդասարյանին` ներկա
գյուղապետին. նրա աշխատանքից գոհ են: Ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի ու
մյուսների հետ գործ չունեն, որովհետեւ նրանք իրենց տեղը չգիտեն: Դրսից
այստեղ ուրիշ մարդ չի մտնում: Իրենց գրանտային ծրագրերի շրջանակում այստեղ
մեկ-մեկ գալիս են միայն բնապահպանական հասարակական մի երկու
կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նոր մարդ տեսնելով՝ գյուղացիները
հավաքվում են միայն «դրսից բան իմանալու համար»: Իզուր տեղն այլ
սպասելիքներ չունեն: Գոնե բնությունն այստեղ շռայլ է գյուղացիների հանդեպ.
անտառից պոպոք, պնդուկ, միրգ են հավաքում: Վառելափայտը հավաքում են փտած
ծառերից ու կոտրված ճյուղերից: Իրենց հողամասերում էլ ամեն ինչ աճում է:
Բայց շատ ցորեն չեն կարողանում ցանել, որովհետեւ միակ տրակտորը 50-ական
թվականների նմուշ է եւ 1 ժամ աշխատելուց հետո 6 ժամ վերանորոգում է
պահանջում:
«Ճիշտն ասած, փող էլ չկա, որ վար անողին տանք,- ասում է էլեկտրիկ Ռաֆիկը: -Ալյուրը գնում ենք, մեր կնիկը լավաշ է թխում»:
Նոր Հանդի բնակիչներն առողջ ծառին չեն կպնում, անտառի արժեքը լավ գիտեն:
Լուրեր են լսել ու վրդովվել են, որ իրենց Մթնաձորի կաղնիները կտրելու
համար մայրաքաղաքի նախարարները ծառ կտրողներ են ուղարկել:
«Ես գիշեր-ցերեկ այստեղ աշխատում եմ ու պահակ եմ, որ երկոտանի գազաններն
իմ ծառերին չկպնեն: Չեմ թողնելու»,- ասում է սոճիների պուրակի պահակը՝
80-ամյա Հայկ պապը:
Նա իր աշխատանքի համար ամիսը 13.000 դրամ աշխատավարձ է ստանում:
«Լույսի վարձի ու էս երեխու դպրոցի համար չի հերիքում,- ցույց է տալիս
3-րդ դասարանցի թոռնիկին: -Մի կերպ մեծացնում ենք: Մեծացավ` քաղաք է
փախչելու»:
Իսկ Դերենիկ Հովհաննիսյանը նույնիսկ տնկարաններ է ստեղծել ու որոշել է մեծացնել իր հարազատ սոճուտը:
«Անտառի մթությունը թույլ չի տալիս, որ սոճիների ինքնավերարտադրություն
լինի,- ասում է Դերենիկը: – Ես սերմեր եմ հավաքում, ծլացնում եմ, հետո
ցանում: Ստացած տնկիները կտնկեմ Բասուտա գետի երկու կողմերում»:
Իր «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության ծրագրերի շրջանակում
Դերենիկին մի քիչ օգնում է Սոս Սարգսյանը: Գործի մեծ մասն անում է իր
ուժերով: Գոյություն ունեցող իրականությանը հակառակ, Դերենիկը փորձում է
կենդանի պահել իր գյուղը: Նա ուզում է ֆերմերային տնտեսություն ստեղծել եւ
իր գյուղացիների համար աշխատատեղեր ապահովել: Անցած աշնանը նա Իտալիա էր
գնացել եւ մասնակցել գյուղմթերքի արտադրության ցուցահանդես-վաճառքին: Նրա
տարած մուրաբայի եւ օղու տեսակները մեծ հետաքրքրություն էին առաջացրել:
Բայց քանի որ հնարավորություններ չունի, չի կարող իր հայրենի բնաշխարհի
էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությունը կազմակերպել, վաճառել ու
ամրացնել սահմանամերձ Ներքին Հանդ գյուղը:
Ներքին Հանդի նման ծայրահեղ թշվառ վիճակում է նաեւ մոտ 100 տնտեսություն ունեցող Ծավը եւ Շիկահողի մյուս երեք փոքր գյուղերը: