Թատերագետների կոնգրես

15/06/2010

Վաղը Հայաստանում սկսելու է գործել UNESCՕ-ի շրջանակներում գործող թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի կոնգրեսը: Հունիսի 15-20-ը տարբեր երկրներ ներկայացնող 65 թատերական քննադատները «Մետրոպոլ» հյուրանոցի սրահում սկսելու են քննարկել համաշխարհային թատրոնի խնդիրները, դիտելու են հայաստանյան թատրոնների որոշ ներկայացումները ու այնուհետեւ` դրանք գնահատելու են մասնագիտական տեսանկյունից: Նախատեսվում է նաեւ, որ քննադատները` վերադառնալով իրենց երկրներ` որեւէ տպագիր պարբերականում վերլուծական հոդվածներ են տպագրելու` հայ թատրոնի արդի վիճակի մասին: Աշխատանքային այդ ձեւաչափն առաջարկել է ՀՀ Թատերական գործիչների միությունը, որի նախագահ Հակոբ Ղազանչյանը փորձում է հայաստանյան կոնգրեսը ներկայացնել ոչ թե որպես մեկանգամյա օգտագործման ակցիա, այլ` գործնական կապեր հաստատող հեռանկարային ծրագիր: Այդ մղումից ելնելով էլ` Թատերական միությունը երաշխավորում է, որ հետագայում բոլոր հոդվածները թարգմանելու է հայերեն ու թողարկելու է առանձին գրքով: Կոնգրեսին մասնակցող բազմաթիվ թատերագետներ ներգրավված են նաեւ թատերական տարբեր փառատոների կազմակերպչական աշխատանքներում, եւ ակնկալվում է, որ նրանք կարող են նպաստել հայկական թատրոնների միջազգային ասպարեզում ներկայացնելու, անհրաժեշտ կապեր ստեղծելու ու հյուրախաղեր կազմակերպելու գործին:

Եվրոպացի, ասիացի, նույնիսկ` աֆրիկացի թատերագետները հանդիպումներ են ունենալու հայաստանյան որոշ թատրոնների ղեկավարների հետ, այցելելու են դիտարժան վայրերն ու շփվելու են հայ ուսանողների հետ: Իսկ միջազգային կոնգրեսի քննարկելիք թեմաներից մեկը լինելու է ժամանակակից թատրոնների բեմում տեղ գտած կանանց կերպարներն ու տեսանկյունները: Հայկական թատրոնը զեկույցի տեսքով կներկայանա թատերագետ Լեւոն Մութաֆյանի հայացքի ներքո: Իսկ կոնգրեսի մասնակից հայտնի շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկուն ՀՀ Մշակույթի նախարարը մեդալ կհանձնի: