Անլույս մարդիկ

02/10/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Թվում է, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին
պատմություններով այլեւս ոչ ոքի չես զարմացնի։ Սակայն Էթերի Փիլաուրիի
ընտանիքը տարբերվում է մյուսներից: Հինգ տարի շարունակ այս ընտանիքն
ապրում է առանց էլեկտրականության: Եվ եթե որեւէ բան են ցանկանում եփել,
ապա դա անում են իրենց բնակարանի պատշգամբում վառած խարույկի վրա:

Վրացահայ Էթերի Փիլաուրին ծնողների հետ Թբիլիսիից Երեւան է տեղափոխվել
1956թ.՝ 3 տարեկան հասակում: Մի քանի տարի ապրել են վարձով: 1967 թվից
ապրում են Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Մոլդովական փողոցի 5 հարկանի
շենքերից մեկում: Էթերին մոր հետ աշխատել է կոշիկի գործարանում: Այսօր,
սակայն, նա աշխատանք չունի: «Կիսաերկարաճիտ ռազմական կոշիկներ էի
արտադրում, որ հետո էդ կոշիկներով դեմքս լավ ճզմեն»,- ասում է նրա 81-ամյա
թոշակառու մայրը՝ Ռոզա Ադամյանը:

Նրանց մեկ սենյականոց բնակարանը բավական աղքատիկ է` մեկ մահճակալ, մեկ
թախտ, մի քանի աթոռ, հնաոճ կոմոդ, մի քանի գրապահարան: Սենյակով մեկ
տարատեսակ գրքեր ու թերթեր են թափված: Եվ Էթերին, եւ մայրը սիրում են գիրք
կարդալ: Ասում են նաեւ, որ զբաղվում են աստղագուշակությամբ: Նրանց
ընտանիքն արդեն 5 տարի շարունակ զրկված է էլեկտրաէներգիայից: Էթերիի
պատմելով, ինքն է անջատել տվել բնակարանի էլեկտրական հոսանքը: «Զգում էի,
որ մեզանից լույս են գողանում, դրա համար էլ անջատել տվեցի լույսը»,-
ասում է նա: Հիմա երեկոները ստիպված են մոմի լույսով «յոլա գնալ»:
«Երեկոները, երբ արդեն մութն ընկնում է, մոմ ենք վառում, մոմի լույսի տակ
ենք կարդում, գրում: Բայց դրանից մտավոր ունակություններս չեն թուլացել
բնավ»,- հպարտանում է Էթերի Փիլաուրին: Չունեն նաեւ հեռախոս: Երբ 8 տարի
առաջ հեռախոսի բաժանորդավճարը դարձրին 600 դրամ, Էթերին այլեւս ի վիճակի
չէր մուծել: Սակայն այս ընտանիքի տարօրինակ ապրելակերպը միայն այսքանով չի
սահմանափակվում: Տանը չունենալով ոչ լույս, ոչ գազ, նրանք ստիպված են ճաշ
եփել, ջուր տաքացնել՝ չորրորդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում խարույկ
վառելով: «Սուրճն էլ դե կրակի վրա մի օր եփում ենք, երկու օր՝ խմում: Իսկ
ճաշը, ի՞նչ ճաշ եփելու մասին է խոսքը: Ի՞նչ եփեմ, ինչո՞վ եփեմ,- ասում է
Էթերին. Հաճախ գնում, հին, թափելու, բորբոսնած հացերն եմ առնում, դրանք
էժան են: Չոր հացերը բերում, թրջում, ուտում ենք: Կամ էլ հում ալյուր ենք
ուտում… իսկ հում ալյուրը կարծեմ այդքան էլ հաճելի չի ուտելը»: Նրանք
զրկված են ֆինանսական բոլոր միջոցներից: Էթերին չի աշխատում, ապրելու միակ
միջոցը մոր շուրջ 10 հազար դրամ կենսաթոշակն է: Սակայն մայրն արդեն 10
ամիս է, ինչ չի ստացել իր կենսաթոշակը, քանի որ կրոնական համոզմունքներից
ելնելով, համառորեն հրաժարվում է սոցիալական քարտ վերցնել: Արդյունքում,
ոչ միայն առանց լույսի, այլեւ առանց հացի ապրում են: Իսկ հարեւանները ոչ
միայն չեն օգնում նրանց, այլեւ խուսափում են այդ ընտանիքի հետ որեւէ կապ
ունենալ: Սակայն անկախ ծանր ապրելակերպից, Էթերին ակտիվորեն մասնակցում է
քաղաքական գործընթացներին: «Օր է եղել, երբ ես միտինգի եմ գնացել, հացիս
գումարը տրանսպորտին եմ տվել, մենք սոված ենք մնացել,- ասում է Էթերին ու
շարունակում,- 2900 դրամ պարտք ունեմ, ասել եմ՝ շուտ չսպասեք, որ տամ: Երբ
ունեցա, կտամ, խաբել չեմ սիրում, բայց չգիտեմ, թե երբ կունենամ»: Ու
չնայած նա ակտիվորեն մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, սակայն
նրան թույլ չեն տալիս մասնակցել ընտրություններին: Պատճառն այն է, որ
մինչեւ հիմա ոչ Էթերին, ոչ էլ նրա մայրը՝ Ռոզան չեն փոխել ԽՍՀՄ-ից
ժառանգություն մնացած կարմիր անձնագրերը: Եվ չեն էլ պատրաստվում դրանք
փոխել: Նրանց վիճակն առավել սարսափելի է ձմռանը, երբ չունեն տաքանալու ոչ
մի միջոց: Էթերին պատմում է, որ մայրը ստվարաթուղթ, եղեւնու կոներ, ցախ է
հավաքում եւ դրանով պատշգամբում խարույկ են վառում, մի կերպ տաքանում են:
«Եղել է գիշեր, երբ տանը նույնիսկ ջուր չի եղել. ցրտից ջրերը սառել են,
սառույց են դարձել: Դե, մաման, որ արդեն շատ էր ծարավանում, վերցնում էր
դրանք, մի պահ բերանում պահում էր, ողողում էր, սառույցը բերանից թափում
էր: Ծարավն այդպես էր փորձում հագեցնել: Նույնը եւ ես»,- ձմռան դաժան
օրերն է հիշում Էթերին: Սակայն նրանց համար ամենասարսափելին ձմռանը
լողանալն է: «Եթե հնարավոր է լինում, կառտոն ենք հավաքում, ցախ ենք
հավաքում, եղեւնու կոներ ենք հավաքում, տանը պատշգամբում կրակ ենք անում,
այդպես ջուրը մի քիչ տաքացնում ենք, լողանում ենք: Եթե չէ, թեկուզ սառը
ջրով ենք լողանում: Մի օր մամայիս գլուխն էի լվանում սառը ջրով, չդիմացավ,
լաց եղավ, բայց ոչ թե հուսահատությունից լաց եղավ, այլ` որ ջուրը շատ սառն
էր»,- իրենց անհավատալի կենցաղի մանրամասներն է ներկայացնում նա:

Անկախ իրենց ծանր ապրելակերպից, Էթերին իրեն շատ երջանիկ է համարում:
«Հուսահատված չենք, պատրաստ ենք պայքարելու, որովհետեւ արիական ցեղ ենք,
իսկ արիական ցեղը կոչված է պայքարի ու հաղթանակի: Մենք կզողներից չենք»,-
ասում է նա: