Ոստիկանությանը միանում է նաև Կինոյի ինստիտուտը

11/06/2010

Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ անդամները երեկվանից սկսել են ուրբաթօրյա երթերը:

Նրանք ասում են, որ չեն դադարեցնելու երթերն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չի արձակվել մայիսի 31-ին երկամսյա կալանքի ենթարկված Դավիթ Քիրամիջյանը:

Երեկ մի քանի տասնյակ երիտասարդներ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտից ցուցապաստառներով եւ Դավթի նկարներով շարժվեցին դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ: Նրանք նամակ եւ կից փաստաթղթեր հանձնեցին գրասենյակ, որը հասցեագրված էր գլխավոր քարտուղար Տ. Յագլանդին: Նամակում նշված էին Դավթի ձերբակալության մանրամասներն ու մի շարք հիմնավորումներ այն մասին, որ երիտասարդին կալանքի տակ պահելը ապօրինի է: «ԵԽ-ի կողմից ընդունված Հայաստանին վերաբերող 1609,1620,1643 բանաձեւերում ՀՀ իշխանություններին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, այնինչ այսօր ավելանում են քաղբանտարկյալները»,- ասվում է նամակում: Նշված է նաեւ, որ Դավիթն առողջական խնդիրներ ունի, մասնավորապես վիրահատության է ենթարկվել նրա աջ ոտքը, եւ նա ունի մշտական բժշկական հետազոտության կարիք: Բացի այդ, ձերբակալության ժամանակ տեղի ունեցած բռնությունների պատճառով տեղաշարժվել է նրա ծնոտը: ՀԱԿ երիտասարդները ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ են անում ՀՀ իշխանություններից պահանջել ազատ արձակել Դավթին, հակառակ դեպքում՝ «Դուք կնպաստեք Հայաստանում ապօրինությունների ու բռնությունների շարունակմանն ու ամրապնդմանը»: Երիտասարդները նշում են, որ նման պետության ներսում ոչ մի երաշխիք չկա, որ վաղը Դավթի փոխարեն չի հայտնվի իրենցից որեւէ մեկը: Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբում ՀԱԿ ակտիվիստները նամակ էին փոխանցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին եւ պահանջում էին դադարեցնել Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրական հանցագործներին, այսինքն՝ նրանց, ովքեր դաժան ծեծի են ենթարկել 19-ամյա երիտասարդին: Նշենք նաեւ, որ սա Դավթի հանդեպ կատարված բռնության երկրորդ դեպքն է: Դեռեւս 2008-ին, նախագահական ընտրություններից հետո, Հյուսիսային պողոտայում, ցույցի ժամանակ նրան դանակահարել էին: Դավիթը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ անիմացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: Ինստիտուտում տարեվերջյան քննություններն արդեն սկսվել են: Խուլիգանության մեղադրանքով կալանավորված Դավթին սպառնում է բուհից դուրս մնալու վտանգ, քանի որ նա չի կարողանա հանձնել քննությունները: Դավթի մայրը` տիկին Ռութը, մեզ հետ զրույցում պնդում է, որ իր տղան բարձր առաջադիմությամբ սովորող ուսանող է եւ թե ուսման մեջ, թե ընդհանրապես շատ պարտաճանաչ տղա է: «Նա չէր կարող իրեն խուլիգանական արարքներ թույլ տալ»,- ասում է նա: Իսկ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է. «Մի մարդ, որը չունի ոչ գիտելիք, ոչ ուզեցել է սովորել եւ այստեղ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու համար խելքը իրենը չէր, գլխով պատուհան է ջարդել եւ այլն, ես այդ տղայի համար մտահոգվե՞մ»: Դատելով ռեկտորի այս դիրքորոշումից, կարելի է եզրակացնել, որ քննությունները վերահանձնելու հնարավորություն Դավթին չի տրվի: