Ըստ «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի, նախօրեին ԱԺ ընդունած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններն արվել են «այլ նպատակներով»: «Ամբողջ հեռուստառադիոյի դաշտը մոնոպոլիզացիայի ճանապարհի վրա է այս նոր գրված օրենքով: Այն, ինչ այսօր մենք ունենք, դա արդեն լճացած ու մահացած դաշտ է: Այդ դաշտի մեջ աղմուկի տակ ուզում է ծնվել մի նոր մագնատ, որը պետք է տիրի եւ իշխի այդ դաշտը: Դա իմ հիմնական մտահոգությունն է, եւ կարծում եմ, որ հասնելու են դրան, որովհետեւ կա հրահանգ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Մեսրոպ Մովսեսյանը` վստահեցնելով, որ «Ա1+»-ն անպայման մասնակցելու է հուլիսի 20-ից հայտարարվելիք հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներին: «Ես համոզված եմ, որ մեր առաջարկած նախագիծը բավականին հետաքրքիր է, եւ ինչ-որ հաջողության պետք է հասնենք»,- ասել է նա: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը օրենքը գնահատել է «անորակ»: Ըստ նրա, փաստաթուղթը չի լուծում բազմակարծության եւ խոսքի ազատության խնդիրը: Դրական որեւէ բան Նավասարդյանն օրենքում չի տեսնում: «Բոլոր փոփոխությունները` առաջին տարբերակի հետ կապված, նոր բարելավումներ չեն. ընդամենը վերադարձ են այն իրավիճակին, որը եղել է մինչեւ այս փոփոխությունները»,- նշել է Նավասարդյանը: Ի տարբերություն Բորիս Նավասարդյանի, նոր օրենքում «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանը դրական բան տեսնում է. «Դրականը նա է, որ ընդհանրապես Հայաստանը պատրաստվում է տեղափոխվել իր հեռարձակման ոլորտում թվայնացման դաշտ: Հեռուստաընկերությունների այդ 18 թիվը, որ նշված է օրենքում, փաստորեն, դառնում է սոցիալական փաթեթ: Ի նկատի ունեն օրենքի ստեղծողները, որ բոլոր 18 ընկերությունները, որոնք գործելու են ըստ նոր կարգերի Հայաստանում, կլինեն ազատ եթերում եւ անվճար կհասնեն մարդկանց»: Այդուհանդերձ, Նունե Սարգսյանի բնորոշմամբ` «օրենքը շատ մտահոգիչ է». «Մտահոգիչ է առաջին հերթին այն պատճառով, որ այդ թվայնացման գործընթացը ուղղորդելու եւ դրան օգնելու պատրվակով այս օրենքի մեջ արվեցին այլ փոփոխություններ, որոնք չէին վերաբերում այս ոլորտին: Եվ իրականում մեզ պետք էր նոր օրենք ստեղծել: Բայց այն, ինչ ձեւով արվեցին այսօր փոփոխությունները, իրականում ոչ մի դրական զարգացումների չի բերելու»: Նունե Սարգսյանը լուրջ կասկածներ ունի նաեւ, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը» ապահովում է բազմակարծության ապահովումը: