Հայաստանի քաղաքական վերնախավն ի վիճակի չէ նորմալ դիմակայելու ադրբեջանական քարոզչությանը: Երեկ նման հայտարարություն է արել «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը: «Մենք ունենք ամեն ինչ, մեր ճշմարտությունն ավելի զորեղ է, բայց պետք է կարողանանք ներկայացնել այդ ճշմարտությունը: Այս խնդրին լուրջ ուշադրություն Հայաստանում չեն դարձնում: Երեւի մեր պետական այրերը այդքան հասուն չեն, որ ընկալեն խնդրի լրջությունը»,- հավելել է Կարապետյանը: Վերջինս վստահեցրել է, որ ինքը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ շուրջ 10 ֆիլմի համար կադրեր ունի, սակայն ֆինանսների բացակայության պատճառով դրանք չի կարողանում վերածել ֆիլմաշարի: Սակայն, ըստ նրա` Ադրբեջանն այսօր մեծ գումարներ է ծախսում քարոզչության վրա եւ լավ մասնագետներ ընդգրկում այդ գործում. «Որակի տեսակետից չեմ մարող ասել, թե կատարյալ է ադրբեջանական քարոզչությունը, բայց քանակի տեսակետից գերազանցում է մեզ: Չնայած, հիմա արդեն որակին էլ ուշադրություն են դարձնում, որովհետեւ ահռելի գումարներ են ծախսում, գիտեն` ում դիմեն, որ այդ գործով զբաղվեն: Իսկ մեզ մոտ այն մարդիկ, ովքեր կարող են շատ բան անել, դուրս են մնում գործընթացից: Այսպես մենք ադրբեջանական քարոզչամեքենային չենք կարող դիմակայել»,- հայտարարել է Բ. Կարապետյանը: