Ոչ թե ուղիղ սուբսիդիաներ, այլ գրանտներ

02/10/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հասարակական կազմակերպություններին պետության կողմից սուբսիդիաների
տրամադրման կարգի, ՀԿ-պետություն հարաբերությունների մասին շատ է խոսվել:
Ղարաբաղում գործող մի քանի կազմակերպություններ ու լրագրողներ բազմիցս
փորձել են տեղեկություններ իմանալ, թե ինչ սկզբունքներով են ընտրում
կազմակերպություններին` պետբյուջեից ֆինանսավորելու համար, բայց այդպես էլ
չի հաջողվել:

Բանն այն է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքը ԼՂՀ-ում
ընդունվել է դեռեւս 2002 թվականին, բայց մինչեւ հիմա չի ստեղծվել որեւէ
մարմին, որը պետք է աշխատի հասարակական սեկտորի հետ: Այդ իսկ պատճառով
ՀԿ-ների ֆինանսավորման գործընթացն այնքան էլ թափանցիկ չէ, եւ ընտրությունն
անհասկանալի ձեւով է անցկացվում: Նշենք, որ ԼՂՀ պետբյուջեից յուրաքանչյուր
տարի սուբսիդիաներ են տրամադրվում որոշ կազմակերպությունների, այդ թվում`
երկու երիտասարդական` «Հայկի սերունդ» եւ «Երիտասարդական կենտրոն»
կազմակերպություններին:

Ղարաբաղում ներկայումս գրանցված են 100-ից ավելի հասարակական
կազմակերպություններ, որոնք տարաբնույթ գործունեություն են ծավալում`
սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլն:

Պետություն-հասարակական կազմակերպություն հարաբերությունների հստակեցման
նպատակով վերջերս քննարկում կազմակերպեց նորաստեղծ «Բաց հասարակություն»
հասարակական կազմակերպությունը, որը նպատակ ունի սոցիալական հարցումների,
հանրային բաց քննարկումների միջոցով ուսումնասիրել հասարակական կարծիքը:

Հանդիպմանը, որին ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը, ՀԿ-ների
ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, մասնավորապես քննարկվեց սուբսիդիաների
տրամադրման կարգը, ինչպես նաեւ` ՀԿ-ների գրասենյակային պայմանների հետ
կապված հարցեր: Հարկ է նկատել, որ սա այն եզակի հանդիպումն է
կառավարության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որտեղ
կոնկրետ որոշումներ են ընդունվել հասարակական գործիչների կողմից հնչեցված
հիմնախնդիրների շուրջ:

Փոխվարչապետը խոստովանեց, որ ոլորտում առկա են մի շարք հարցեր, որոնք պետք
է լուծվեն համատեղ ուժերով: Նրա խոսքերով, պետության կողմից հասարակական
կազմակերպությունների ֆինանսավորման կարգը վաղուց վերանայման կարիք ունի:
Քննարկումների արդյունքում որոշվեց ֆինանսավորումն իրականացնել ոչ թե
սուբսիդիաների, այլ գրանտների տեսքով, որը գործընթացն ավելի թափանցիկ ու
մատչելի կդարձնի, եւ հնարավոր կլինի ծրագրի իրականացումը վերահսկել հենց
պետության կողմից: Փոխվարչապետը կարեւոր է համարում այդ մրցույթների
անցկացումը, քանի որ ծրագրերը պետք է համապատասխանեն պետության
պահանջներին: «Կարծում եմ` սխալ է, երբ որոշ կազմակերպություններ
պետության կողմից հատկացված գումարների հաշվին միայն աշխատավարձ են
ստանում: Այդ գումարները պետք ուղղվեն հանրօգուտ գործին»,- նշեց
Ա.Դանիելյանը:

Քննարկման արդյունքում որոշվեց ստեղծել մրցութային հանձնաժողով, որտեղ
ընդգրկված կլինեն նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հենց հանձնաժողովի
կողմից կորոշվի, թե որ ծրագրի համար պետք է հատկացնել պետգումարները:
Պաշտպանվեց նաեւ այն կարծիքը, որ մրցույթները պետք է բաց լինեն բոլոր
հասարակական կազմակերպությունների համար:

Ըստ պայմանավորվածության, կստեղծվի ՀԿ-ների համակարգող խորհուրդ, որը
կծավալի նաեւ խորհրդատվական գործունեություն: «Պետք է աշխատանքներ տարվեն
նաեւ հասարակական կազմակերպությունների եւ Ազգային ժողովի
համագործակցության ուղղությամբ: Անհրաժեշտ է հասարակական սեկտորի
ներկայացուցիչների ներկայությունը երկրի օրենքների նախագծերի եւ կատարվող
փոփոխությունների քննարկմանը»,- հանդիպման ընթացքում նշել է մասնակիցներից
մեկը:

Ներկաներն անդրադարձան նաեւ հասարակական կազմակերպությունների
գրասենյակային պայմաններին, մուծվող հարկերին եւ առաջարկեցին սահմանել
հարկային արտոնություններ` հասարակական սեկտորի համար:

Շատերը հույս հայտնեցին, որ գրանտների տրամադրումը կսկսվի հենց 2006 թվականից, քանի որ դեռ ձեւավորված չէ 2006-ի պետբյուջեն:

Մեր ունեցած տվյալներով, հանդիպման ընթացքում ձեռքբերված
պայմանավորվածության համաձայն, այս ուղղությամբ արդեն ձեռնարկվում են
համապատասխան քայլեր: