«Թուրքիայի սադրիչ քաղաքականության պատճառով Մերձավոր Արեւելքում սրված իրավիճակը քննարկելու նպատակով» Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վարչության «արտակարգ հատուկ» նիստ է հրավիրել: Վարչության ընդունած բանաձեւում համաշխարհային հանրությանը կոչ է արվում ամենայն լրջությամբ վերաբերվել Թուրքիայի ներկա կառավարիչների փորձերին, որոնք սեփական նորօսմանյան քաղաքական հավակնությունների բավարարման նպատակով բորբոքում են միջազգային հանրության բազմամյա հետեւողական ջանքերի շնորհիվ մարած ազգային քաղաքական հակամարտությունները Մերձավորարեւելյան եւ Հարավկովկասյան տարածաշրջաններում: «Ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մոտեցման, այնպես էլ արաբաիսրայելական հաշտության հարցում իր դիրքորոշման ձեւակերպման գործում: Անկարան խոսքով հանդես է գալիս խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդման օգտին, իսկ գործով ձգտում է միանգամայն հակառակ արդյունքի` հակամարտող կողմերի հարաբերություններում փոխադարձ կասկածամտության, անհաշտության եւ բացահայտ թշնամության բորբոքմանը: Բացահայտորեն պաշտպանելով հակամարտության կողմերից մեկի նկրտումները եւ դրանով իսկ նրան մղելով մյուս կողմի համար կանխավ անընդունելի ծայրահեղական պահանջների առաջադրմանը, Անկարան, փաստորեն, նպաստում է առկա հակասությունների խորացմանն ու սառեցված վիճակից զինված «տաք» հակամարտության նախնական փուլ անցնելու սպառնալիքի մեծացմանը»,- ասված է բանաձեւում: «Որքան էլ Անկարան ձգտի թուրքական դիվանագիտությանը բնորոշ` կեղծ մարդասիրական բարբաջանքների գործելաոճին, ակնհայտ է, որ նրա ներկա կառավարիչները իսլամական աշխարհում լիդերության եւ «օսմանյան խալիֆայության» ավանդույթների վերածնման իրենց հավակնությունները բավարարելու համար պատրաստ են ցանկացած, անգամ ամենավտանգավոր, «դիվահար ֆյուրերի» արարքների հետ համեմատելի արկածախնդրությունների: Այնպես, ինչպես վերջինս հրեաների համատարած ոչնչացման իր հղացումներում ոգեշնչվում էր այն ժամանակվա Թուրքիայի կառավարիչների` 20-րդ հարյուրամյակի արշալույսին կատարած հայ ժողովրդի ցեղասպանության չպատժվածությամբ, Թուրքիայի ներկա կառավարիչները սկսել են թուրքական «Երրորդ ռայխի» վերածնման իրենց մտահղացման կենսագործումը` ատելություն բորբոքելով Իսրայելի նկատմամբ, իսկ Թուրքիայից հայերին արտաքսելու (այսինքն` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի սկսած եւ Հիտլերին ոգեշնչած գործերն ավարտելու) հնարավորության մասին հենց վերջերս Էրդողանի թույլ տված սպառնալիքները ոչ այլ ինչ էին, եթե ոչ՝ հիմա Թուրքիայից հրեաների արտաքսման նախերգանք»,- ասված է Քաղաքագետների միության վարչության ընդունած բանաձեւում: Բանաձեւի վերջում հեղինակները դիմում են պատասխանատու քաղաքական գործիչներին, ազգային խորհրդարանների պատգամավորներին, բարի կամքի բոլոր մարդկանց` կոչ անելով չվստահել ժամանակակից Թուրքիայի կառավարիչների երկերեսանի ճամարտակություններին, թե իբր մտահոգված են Պաղեստինի արաբ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ. «Մի պետություն, որը հրաժարվում է ժամանակակից Գերմանիայի օրինակով, որն ընդունել ու դատապարտել է հրեական ժողովրդի Հոլոքոստի հանցագործությունը, կամ ժամանակակից Ռուսաստանի օրինակով, որն ընդունել ու դատապարտել է ստալինյան ռեժիմի հանցանքները, ընդունել եւ դատապարտել Արեւմտյան Հայաստանի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կառավարիչների իրականացրած ցեղասպանությունը, իրավունք չունի դատողություններ անելու այս կամ այն ժողովուրդների իրավունքների ոտնահարման մասին: Իրականում Թուրքիայի գործողությունները թելադրված են ոչ թե արաբական կամ ադրբեջանական ժողովուրդների իրավունքների նկատմամբ հոգատարությամբ, այլ նոր պայմաններում նախկին մեծապետական կայսերական կորսված դերն իրեն վերադարձնելու ձգտմամբ։ Նախապես մտածված եւ պլանավորված առճակատումն Իսրայելի պետության հետ, դրան հետեւած` կատաղի հակաիսրայելական քարոզչությունը ցույց տվեցին, որ իսլամական աշխարհի պարագլխի դերում իր հաստատման համար Անկարան պատրաստ է ամենուրեք հրահրել մարմրող ազգամիջյան հակամարտությունների բորբոքում, դրանք վերադարձնել «եռման» նոր փուլ, այնուհետեւ տեղափոխելով համընդհանուր միջկրոնական եւ միջքաղաքակրթական դիմակայության` համաշխարհային քաղաքակրթության ճակատագրի համար ծայրաստիճան վտանգավոր հուն։ Այսպիսով, Սամուել Հանտինգտոնի կանխատեսած քաղաքակրթությունների համընդհանուր հակամարտության ուրվականը` իսլամական աշխարհում նոր դեր որդեգրելու Անկարայի հայտի հետ մեկտեղ, միանգամայն իրական պատկեր է ստանում։ Թուրքիայի ժամանակակից կառավարիչների այդ չափազանց վտանգավոր մարտահրավերին արեւմտյան քաղաքակրթությունը, Արեւմտյան Եվրոպայում եւ նախկին խորհրդային տարածքում դրա ջատագովները, ինչպես նաեւ՝ ամբողջ աշխարհի խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ մտահոգ բոլոր մարդիկ պետք է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ վերաբերվեն»: