Դիմորդը թշնամի չէ

11/06/2010

«Տպավորություն եմ ստանում, որ քննական թեստերը կազմողները որպես մասնագետ` ինքնահաստատմամբ են զբաղվել: Ավելի շատ այդ թեստերի կազմումն ուղղված է եղել գործընկերներին, թե՝ տեսեք` ինչքան շատ բան գիտենք մենք»,- երեկվա ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով «Հայոց լեզու» առարկայի քննական թեստերին: Ըստ նրա` թեստերը պետք է հոգեբանորեն գրագետ կազմել, սակայն թեստ կազմողները ծուղակներ են ստեղծում` մտածելով, թե դիմորդն իրենց հակառակորդն է: «Մարդու մեխանիկական երկարատեւ հիշողությունն են ստուգում, ինչը գիտելիք չէ: Գրագետ մոտեցում չի ցուցաբերվում դիմորդին»,- նկատել է Կ. Նալչաջյանը` հավելելով, թե հարկավոր չէ դիմորդին դիտարկել՝ որպես «հակառակորդ», ու փորձել այնպես անել, որ նա չկարողանա հաջողության հասնել: «Կամ հարկավոր չէ դիմորդի, աշակերտի առաջ քննությունը դարձնել մեծ փորձություն ու ավելորդ լարվածություն ստեղծել նրա համար»,- ասել է Կ. Նալչաջյանը:

Իսկ «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը նկատել է, որ թեստերի մշակման ոչ մի սկզբունք չի պահպանվել: Դրանք, ըստ նրա` «գիտական հիմքերով կառուցված չեն, կազմմանը չեն մասնակցել ոչ մանկավարժներ, ոչ հոգեբաններ: Անգամ մանկագիրներ պետք է մասնակցեին թեստերի մշակմանը: Այնտեղ դրվել են այնպիսի հարցեր, որոնք ծրագրով բացարձակապես նախատեսված չեն»:

«Սա ահազանգ է, քանի որ թեստերի պատճառով մենք ունենք ինքնասպանության դեպք: Դա խնդիր է, մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, թե ինչպես պետք է կարողանան դիմակայել այդ կարգի դժվարություններին եւ նման վիճակներից դուրս գալ: Պետք է քննասենյակներում հոգեբաններ լինեն, ովքեր կթուլացնեն լարվածությունը»,- հայտարարել է Ռ. Պողոսյանը: Հոգեբանների դիտարկմամբ` ստեղծված իրավիճակում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն Կրթության եւ գիտության նախարարությունը թեստեր կազմելիս` երբեք հոգեբաններ չի հրավիրել:

Հոգեբանները, սակայն, դիմորդների սթրեսային վիճակների համար մեղադրում են ծնողներին ու բարեկամներին: «Սա մեր ազգային առաձնահատկությունն է: Տպավորությունն այնպիսին է, թե ծնողներն իրենք են քննություն հանձնում, ամբողջ գերդաստանը նստում է երեխայի ուսերին: Այդ իրավիճակում երեխան չգիտի՝ ինչպես տանի այդ բեռը»,- ասել է Ռուբեն Պողոսյանը: Իսկ Կ. Նալչաջյանն էլ նշել է, որ վերջին շրջանում քննություն հանձնելը, բուհ ընդունվելը դառնում է գերխնդիր, գերնպատակ ոչ միայն դիմորդի, այլեւ՝ նրա մտերիմների ու հարազատների համար. «Իհարկե, կյանքի համար շատ կարեւոր հարց է լուծվում, բայց կրքերն այնքան են բորբոքվում, այնքան մեծ նշանակություն են տալիս այդ հարցին, որ դիմորդի վրա գերպատասխանատվություն է ընկնում: Նա արդեն պատասխանատու է դառնում ոչ միայն՝ ինքն իր, իր ապագայի եւ նպատակների, այլեւ՝ բոլորի առաջ: Այդ գերպատասխանատվությունը կրելը հաճախ դառնում է շատ ծանր: Ինձ հայտնի են դեպքեր, երբ մինչքննական նեւրոզների հետ ենք գործ ունենում: Խաթարվում է ամբողջ հոգեկան կյանքը, քունն է խաթարվում, մտածողության որակներն են խաթարվում, որովհետեւ առաջանում է, այսպես կոչված, գերմոտիվացիա: Իսկ եթե ինչ-որ բանի նկատմամբ գերմոտիվացիա է առաջանում, գործունեությունը կարող է կազմալուծվել, այսինքն` նույն այդ պարապմունքները կարող են դառնալ անարդյունավետ»: Հոգեբանները դիմորդներին խորհուրդ են տալիս կյանքում տարբեր նպատակներ ունենալ եւ չընկճվել պարտությունից. «Դիմորդը պետք է գիտակցի, որ ամբողջ կյանքն է քննություն, եւ անընդհատ պետք է դժվարություններ հաղթահարել, սթրեսը մշտապես մեզ ուղեկցում է»: Քննությունից մեկ օր առաջ դիմորդին խորհուրդ է տրվում դուրս գալ զբոսանքի, լսել ջազ, մոռանալ ամեն ինչի մասին: Դա, ըստ հոգեբանների` նաեւ հետադարձ հիշողությունն է վերականգնում, ինչը շատ կարեւոր է: