Սերժ Թանգյանի մորուքն` ըստ Լենինի եւ Տոլստոյի

11/06/2010

Հունիսի 17-ին Սերժ Թանգյանը համերգով հանդես կգա մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում»: Ելույթի նախօրեին նա հարցազրույց է տվել «Rolling Stone» ամսագրի ռուսական հրատարակությանը:

– Ո՞ւմ կերպարն է Ձեզ ոգեւորել մորուք պահել:

– Միաժամանակ Լենինի եւ Լեւ Տոլստոյի: Մեծագույն մարդիկ. ես միշտ ցանկացել եմ նման լինել նրանց: Թեեւ Տոլստոյ լինելուց ես, իհարկե, շատ հեռու եմ:

– Դուք շա՞տ ժամանակ եք ծախսում այն խնամելու վրա:

– Անկեղծ ասած, առանձնապես չեմ տանջվում: Երբեմն մտնում եմ վարսավիրանոց, եւ մինչ ես հեռուստացույցով դիտում եմ «Հարավային այգին», ոճաբանը հրաշագործություններ է անում մորուքիս վրա:

– Ինչ-որ մեկը ձեզ անվանո՞ւմ է «Սերժ ջան», ինչպես Հայաստանում ընդունված է դիմել հարգելի մարդուն:

– Իհարկե: Սակայն շատերը չգիտեն` ինչ է նշանակում այդ բառը, եւ երբեմն դա ասում են անպատեհ` պարզապես ինչ-որ տեղ լսելով, որ հայերի մոտ դա ընդունված է:

– Սիմֆոնիկ նվագախմբի հետ նոր տարբերակով ձայնագրված «Elect The Dead» ալբոմի վերաթողարկումը արդյոք նշանակո՞ւմ է, որ հաջորդ անգամ հանդես կգաք արդեն Կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

– Հնարավոր է, սակայն վերջնականապես չեմ գնա դեպի դասական երաժշտություն: (Ծիծաղում է.- R.S.) Պարզապես այդ աշխատանքն ինձ օգնեց գնահատել երգահանի իմ ունակությունները, եւ կարող եմ ասել, որ վերջին 10 տարիների ընթացքում ես արհեստավարժության տեսանկյունից շատ եմ բարձրացել: Եվ վերջապես իմացել եմ, թե ի՞նչ է պարտիտուրան:

– Դասական կատարողները սովորաբար շատ են երգում: Դրա հետ կապված խնդիրներ չե՞ն առաջացել «Elect The Dead Symphony»-ի վրա աշխատելու ժամանակ:

– Ի դեպ, ես նման պատմություններ լսել եմ միայն ռուսական նվագախմբերի մասին: Հնարավոր է` նրանց համար դա խնդիր է, սակայն իմ նվագախմբում, ցավոք, ոչ մի ռուս երաժիշտ չի եղել:

– Ի՞նչ ալկոհոլային խմիչք եք նախընտրում:

– Տարօրինակ հարց է. բնականաբար` գինի: Չէ՞ որ ես հայ եմ:

– Ինչի՞ համար առանց ավելորդ խոսքի կարող եք ապտակել մարդուն:

– Ավելի խելամիտ է մարդուն կարգի հրավիրել խոսքերով, ժպիտով, քան ապտակել նրա դեմքին: Բացի այդ, ես շատ սիրալիր երիտասարդ եմ` այդպես չէ՞: