«Կառուցողականության» հակառակ կողմը

10/06/2010

Այսօր կամ հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստում Ազգային ժողովը կողմ կքվեարկի «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած եւ վերջին շրջանում քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է հեռուստահաճախականությունների թվայնացումը: Օրինագծի հետ կապված հնչած մտահոգությունների ու քննադատությունների պակաս այս ընթացքում չի զգացվել. թվայնացման գործընթացի արդյունքում գործող հեռուստաընկերությունների թիվը նվազելու է, իշխանություններն ավելի խիստ են վերահսկելու հեռուստաընկերությունների գործունեությունը: Երեկ էլ ԱԺ-ում օրինագծի քննարկումներն ընդհատվել են, քանի որ դրանում տեղ գտած սահմանումների վերաբերյալ առարկություն է ունեցել «Ժառանգություն» խմբակցությունը: Որոշակի առարկություններ ունի նաեւ ՀՅԴ-ն: Գուցե կառավարությունն ընդունի ընդդիմախոսների որոշ առաջարկներ, հնարավոր է նաեւ՝ ընդհանրապես հաշվի չառնի դրանք: Սակայն նման քննարկումներն իրականում փոխում են խնդրի էությունը: Ակնհայտ է, որ այս կամ այն հեռուստաընկերությանը կապուղի տրամադրելը կամ դրանից զրկելը Հայաստանում կախված է ոչ թե որեւէ օրենքից, այլ բացառապես իշխանությունների ցանկությունից, կամ ինչպես ընդունված է ասել` կամքից: Այդպես էր 10 տարի առաջ, երբ փակվեց «Ա1+»-ը, այդպես է նաեւ այսօր: Այնպես որ, այս օրինագծի շուրջ քննարկումները, հնչող քննադատությունն ինչ-որ իմաստով լեգիտիմացնում է այն, ինչն իշխանությունն արել է եւ անելու է առաջիկայում: Առանց որեւէ օրենքի եւ խախտելով ցանկացած օրենք: Իսկ մտահոգությունները, որ նոր օրենքով գործող հեռուստաընկերությունների նկատմամբ ճնշումներ կգործադրվեն, մեղմ ասած, անտեղի են եւ այնքան էլ արժանի չեն կարեկցանքի: Այսօր հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ, եւ նրանց նկատմամբ վերահսկողության խստացումից տուժելու է ոչ թե լրատվական դաշտը, այլ փոխվելու են քարոզչության կանոնները: