Սխալ արտահոսք

10/06/2010

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը չի բացառել, որ ապագայում Ռուսաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ինքն ընդամենն ասել էր, թե Ռուսաստանը ԼՂ-ն որպես անկախ պետություն չի ճանաչում ներկայումս: «Ցավոք, ես զարմանքով նկատեցի, որ իմ խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրվել են: Իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում ՌԴ ԱԳՆ դիրքորոշումից եւ համաձայնեցվել է ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Ես հարցնում եմ` արդյոք Ռուսաստանն ընդունե՞լ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ո՛չ, չի ընդունել: Ես խոսել եմ նաեւ իրավիճակի մասին` ելնելով դեպքերի դասավորվածությունից»,- ասել է նա` հավելելով, թե՝ «լրագրողները մեկ բաժակ ջրի մեջ փոթորիկ են սարքել»: «Երբ ես արտաբերել եմ այդ խոսքերը, դահլիճում լրագրողներ չեն եղել եւ, հավանաբար, տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել»,- ասել է Ս. Միրոնովը: