Դրական է վերաբերվում

10/06/2010

Միջազգային չափանիշներին համապատասխան դպրոցների բացումը հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Այս մասին երեկ ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը` պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ նախագահը օտարալեզու դպրոցների խնդրի վերաբերյալ: «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը, եւ ՀՀ նախագահը դրան դրական է վերաբերվում: Սա հնարավորություն կտա օժտված շատ երեխաների ոչ թե բռնել օտարության ճանապարհը, այլ Հայաստանում լիարժեք կրթություն ստանալ: Ընդ որում, այդ դպրոցներում հայագիտական առարկաների ուսումնասիրությունը պարտադիր է լինելու: Այդպիսի դպրոցների շնորհիվ սփյուռքահայ երեխաները կարող են Հայաստանում կրթություն ստանալ, ավելի սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ: Այդ դպրոցների թիվը սահմանափակվում է օրենքով, իսկ դրանց հիմնադրումը յուրաքանչյուր առանձին դեպքում դառնալու է ՀՀ կառավարության քննության առարկա: Կրթության եւ գիտության նախարարությունն էլ պատասխանատվություն է կրելու որակի վերահսկման համար: Ցավում եմ, որ օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ եւ իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»,- ասել է Արմեն Արզումանյանը: