Քվեարկությունը՝ այսօր

10/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» աղմկոտ օրինագիծը, որով գործադիրն առաջարկում է այնպիսի փոփոխություն կատարել նույնանուն օրենքում, որ հնարավոր լինի Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ:

Նախապես որոշված էր, որ պետք է ստեղծվեն 15 այդպիսի դպրոցներ, որոնցից հինգը գործելու են Երեւանում: Ու թեեւ այս օրինագիծն արդեն երկու ամիս արժանացել է հասարակության ու նույն պատգամավորների բուռն քննադատությանը, սակայն այն ընդամենը երեկ քննարկվեց խորհրդարանում: Եվ օրինագիծը ներկայացնող կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե այս ընթացքում կառավարության ներկայացրած նախագիծը փոփոխությունների է ենթարկվել:

Հիշեցնենք, որ օրինագծին դեմ էին արտահայտվել նաեւ կոալիցիայի անդամները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ խմբակցությունը: Վերջիններս պահանջում էին, որ օտարալեզու ծրագիրն ուսուցանվի հանրակրթական դպրոցի ոչ թե տարրական, այլ ավագ դասարաններում: Պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հնչել են նաեւ բազմաթիվ այլ առաջարկներ: Անցած շաբաթ Հ.Աբրահամյանը հայտարարել էր, թե իր «հեղինակությունն ու ամեն ինչ օգտագործելու է, որ կառավարությունն ընդունի» ներկայացված առաջարկությունները: Նա նաեւ ասել էր, որ չընդունելու դեպքում էլ «դեմ կքվեարկենք` կգնա, ինչի՞ մասին է խոսքը»: «Ես մինչեւ վերջ պայքարելու եմ դրա համար, չեմ թողնելու, որ ընդունվի` իմ հնարավորությունների չափով»,- ասել էր Հ. Աբրահամյանը:

Երեկվա քննարկման ժամանակ անհայտ մնաց, թե կառավարությունը պատգամավորների ո՞ր առաջարկներն է ընդունել: Անորոշ էր նաեւ այն` ընդունե՞լ է արդյոք Հ.Աբրահամյանի ու ԲՀԿ-ի նույնաբովանդակ առաջարկությունը: Հ. Աբրահամյանը երեկ ելույթ չունեցավ, իսկ ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին հնչեցրեց օտարալեզու ծրագիրը ավագ դպրոցներում կիրառելու մասին իրենց խմբակցության պայմանը: Հակառակ դեպքում, պատգամավորի խոսքերով, իրենք դեմ կքվեարկեն: Ա. Աշոտյանը միայն պատասխանեց, թե երբ առաջարկությունները ներկայացվեն պաշտոնապես, կառավարությունը կքննարկի դրանք: Նա որոշակի ոչինչ չասաց կոալիցիոն գործընկերների առաջարկները ընդունելու կամ մերժելու մասին: Ամեն դեպքում ակնհայտ է, որ կառավարությունն այս անգամ խնդիր ունի կոալիցիայի ներսում: Թեեւ կա նաեւ երկրորդ տեսակետը, ըստ որի՝ իրականում ԲՀԿ-ի դիմակայությունն ընդամենը խաղ է, որպեսզի ՀՀ իշխանությունները լուրջ դիմադրության պատրանքի ներքո կարողանան ավելի մեղմ տարբերակ ընտրել օտարալեզու դպրոցների ծրագրի համար: Որովհետեւ որոշ խոսակցությունների համաձայն՝ այն պարտադրվում է դրսից, հատկապես Ռուսաստանից: Հ. Աբրահամյանն անցած շաբաթ իր առարկությունները ներկայացնելիս նաեւ հայտարարել էր, թե վստահ է, որ «ՀՀ նախագահն էլ է պաշտպանելու մեր տեսակետը, ինքն էլ է իմ կարծիքին»: Այս շաբաթ տեղի է ունեցել ՀՀԿ խորհրդի նիստը, եւ մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ընդունել օրենքը, բայց մասամբ ընդունել նաեւ կոալիցիոն գործընկերների առաջարկները: Ծրագրված է, որ նման դպրոցները պետք է լինեն միջկառավարական եւ մասնավոր: Եվ մեր տեղեկություններով, ՀՀԿ խորհուրդը որոշել է, որ օտարալեզու միջկառավարական դպրոցներում այդ ծրագիրը կիրառվելու է միջին դպրոցում, այսինքն՝ այս մասով ընդունել են գործընկերների առաջարկը: Իսկ արդեն մասնավոր դպրոցներում այն կկիրառվի ավագ դպրոցում: Ն. Զոհրաբյանը երեկ իր ելույթում հարցրեց, թե ինչո՞ւ են որոշել հատկապես նման 15 դպրոցներ բացելու թույլտվություն սահմանել: Նա նաեւ կարծիք հնչեցրեց՝ հնարավորության դեպքում կրճատել այդ թիվը: Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն որոշել է այդ 15-ը փոխել 11-ով, ինչը պայմանավորված է ՀՀ մարզերի քանակով: Դպրոցներից մեկը պետք է լինի Երեւանում, մյուսները՝ ՀՀ 10 մարզերում: Ընդ որում, որոշվել է, որ 11-ից 2-ը պետք է լինեն միջկառավարական, մյուսները` մասնավոր: Երեկ քննարկումը կիսատ մնաց, այն կշարունակվի այսօր: Եվ պարզ կդառնա, թե կառավարությունը ո՞ր առաջարկություններն է ընդունել, եւ ի՞նչ փոփոխություններ է կատարել իր նախագծում: Պարզ կդառնա նաեւ, որ եթե կառավարությունը չընդունի ԱԺ նախագահի առաջարկությունները, վերջինս կօգտագործի՞ իր հնարավորությունը՝ օրինագիծը խորհրդարանում մերժելու համար: Այս ամենը պարզ կդառնա այսօր: Մինչ այդ նշենք, որ կառավարությունը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, արել է: Եվ եթե նույնիսկ դրանք ամբողջությամբ չբավարարեն կոալիցիոն գործընկերներին, ապա ԲՀԿ-ն կարող է արդեն «դեմ»-ի փոխարեն «ձեռնպահ» քվեարկել: Չէ՞ որ իրենց պահանջների մի մասն ընդունվել է: Թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը օրինագիծը կարող է ընդունել նաեւ առանց ԲՀԿ-ի, միայնակ կամ ՕԵԿ-ի հետ միասին: