«Մեր հանդիպումների, բանակցությունների ընթացքում մենք բացառում ենք սպառնալիքների լեզվով այն գործելաոճը, որն օգտագործում է Ադրբեջանը»,- երեկ ԱԺ-ում` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի` Ադրբեջանի ռազմական դոկտրինի վերաբերյալ հարցին, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նաեւ հավելել է, թե Ադրբեջանի ընդունած ռազմական դոկտրինը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը, քանի որ այնտեղ կա հոդված ռազմական գործողությունների միջոցով հարցը լուծելու մասին: «Ես չգիտեմ ինչպես է ընդունվել դոկտրինան, որը հակասում է այդ երկրի Սահմանադրությանը»,- ասել է նա: Ինչ վերաբերում է դոկտրինի այն դրույթին, որով հնարավորություն է տրվում Ադրբեջանում միջազգային ռազմաբազաների տեղակայմանը, ապա Էդ. Նալբանդյանն ասել է. «Եթե-ներով խոսել չի կարելի, զարգացումների դեպքում հայկական կողմը համապատասխան հայտարարություններ կանի ու քայլեր կձեռնարկի: Բայց ռազմաբազաների տեղակայման հարցը վերաբերում է տվյալ երկրին, ու ինքը պետք է որոշի»: