Ղարաբաղի ժողովուրդն այլևս չի հանդուրժի

10/06/2010

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից շատերի հարցերն առնչվել են ԼՂՀ հիմնահարցին, ու վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից արված հայտարարություններին:

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը անդրադարձել է թուրք-իսրայելյան վերջին իրադարձություններին, եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ կարող են այդ դեպքերն անդրադառնալ Հայաստանի եւ հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության վրա: «Աշխարհում տեղի ունեցող որեւէ իրադարձություն չի կարող առնչություն չունենալ մեզ հետ, հատկապես, եթե մոտակա տարածաշրջաններում է: Մենք ցավում ենք, որ զոհեր եղան, եւ մեր ցավակցությունն ենք հայտնում: Գիտեք, որ Հայաստանը դեմ է ուժի կիրառմանը, դեմ է շրջափակմանը, բայց դրա հետ կապված՝ պետք է ասեմ, որ որոշ երկրներ, որոնք այս սրությամբ, կոնկրետ այս պարագայում, դեմ են ուժի կիրառմանն ու շրջափակմանը, ապա իրենք այլ պարագաներում լռում են երկար տարիների ընթացքում: Այստեղ ոչ միայն երկակի ստանդարտների մասին է խոսքը: Գիտեք` քննարկումներ եղան նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության պառլամենտական քննարկումների ժամանակ, որտեղ ներկա էր նաեւ մեր պատվիրակությունը: Բանաձեւ էր քննարկվում, որ քննադատելով կոնկրետ այս շրջափակումն ու ուժի կիրառումը, բայց պետք է քննադատել նաեւ այլ շրջափակումների եւ ուժի կիրառման սպառնալիքներ: Դա է մեր դիրքորոշումը»,- պատասխանել է Էդ. Նալբանդյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե Ադրբեջանն ընդունել է ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանի այն պնդումները, որ իրենք պատրաստ են տալ Ղարաբաղին բարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, փորձեր են կանխակալել այդ կամարտահայտության արդյունքները եւ իրականում փաստացի դեմ են ինքնորոշման սկզբունքի կիրառմանը»: Նաեւ նշել է, որ Ադրբեջանը մերժել եւ մերժում է հրադադարի պահպանման եւ դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ պահանջները, ինչպես նաեւ` իր ռազմատենչ հայտարարություններով եւ պատերազմի սպառնալիքով փորձում է տապալել բանակցությունները: «Միակ սկզբունքը, որին փորձում են իրենք կառչել, տարածքային ամբողջականության սկզբունքն է, այն էլ` իրենց մեկնաբանությամբ: Հասնում է նրան, որ անգամ ասում են, որ Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են բարձրացնելու, չնայած բոլորին ակնհայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ այլեւս չի հանդուրժի, որպեսզի ադրբեջանական դրոշ Ղարաբաղում պարտադրեն»,- ասել է Նալբանդյանը` հավելելով, որ նույն սուտը կրկնելը եւ այդպիսով միջազգային հանրությանը խաբելու փորձերը Ադրբեջանին ոչինչ չեն տվել: «Եթե ինչ-որ մի բան էլ տվել են, ապա տվել են այն, որ իրենք իրենց ժողովրդին գցել են մոլորության մեջ, միգուցե նաեւ՝ հենց իրենք իրենց»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը: